Մատչելիության հղումներ

ՀՀ վարչապետը «Ռենկո»-ի գլխավոր գործադիր տնօրենի հետ քննարկել է նոր ՋԷԿ-ի կառուցման ներդրումային ծրագիրը


Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է իտալական «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ջովաննի Ռուբինիին:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքջի, կողմերն անդրադարձել են Երևանի ՋԷԿ-ի հարակից տարածքում նոր ջերմաէլեկտրակայանի կառուցման ներդրումային ծրագրի իրականացմանը:

Ջովաննի Ռուբինին նշել է, որ գրեթե 300 մլն դոլար գնահատվող ներդրումային ծրագրով նախատեսվում է 25-28 ամսվա ընթացքում կառուցել և շահագործման հանձնել 250 մեգավատ հզորությամբ ջերմաէլեկտրակայան:

Ըստ Ռուբինիի, ներդրվելիք ժամանակակից համակարգերի արդյունքում հնարավոր կլինի արտադրել ցածր ինքնարժեքով էլեկտրաէներգիա:

Ծրագիրն իրականացվելու է Siemens ընկերության և միջազգային ֆինանսական կառույցների հետ համագործակցությամբ:

«Պատրաստ ենք հնարավորինս արագ մեկնարկել ծրագրի իրականացումը: Շինարարության ընթացքում ակնկալվում է ստեղծել շուրջ 1000 նոր աշխատատեղ», - ասել է «Ռենկո» ընկերության գլխավոր գործադիր տնօրենը:

Նիկոլ Փաշինյանը ողջունել է ներդրումային ծրագրի իրականացումը և ընդգծել. - «Մենք շահագրգռված ենք նոր ներդրումների ներգրավմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ, ուստի հետաքրքրված ենք ներկայացված նախագծով»:

Վարչապետն առաջարկել է ծրագիրն առաջ մղելու աշխատանքները կոորդինացնել համապատասխան գերատեսչությունների հետ:

Զրուցակիցները հույս են հայտնել, որ ՀՀ կառավարության և իտալական ընկերության արդյունավետ համագործակցության արդյունքում հետագայում կյանքի կկոչվեն նոր ներդրումային ծրագրեր:

Ուղիղ հեռարձակում

Recommended

XS
SM
MD
LG