Մատչելիության հղումներ

Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Աշոտյանը (ՀՀԿ) համակարծիք է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարության հետ, որ վերջին երկու օրերին Հայաստանում ընթացքող քաղաքացիական անհնազանդության ակցիաները կապ չունեն քաղաքական սաբոտաժի հետ։

Խորհրդարանում լրագրողների հետ զրույցի ժամանակ Աշոտյանը պնդեց, թե Հանրապետականն այսօր խորհրդարանական միակ ընդդիմություն է ու իրեն թույլ չի կարող տալ նման մանրախնդիր լուծումներ․ - «Սաբոտաժի մասին խոսք լինել չի կարող, որովհետև Հանրապետական կուսակցությունը, մեր պետականության վերականգնման ակունքներից առ այսօր կանգնելով երկրում տեղի ունեցող ազգային ու պետական արժեք ունեցող խնդիրների կողքին, իրեն թույլ չի կարող տալ մանրախնդիր և քենախնդիր լուծումների գնալ: Կարծում եմ, մայիսի 8-ից [երբ Նիկոլ Փաշինյանն ընտրվեց վարչապետի պաշտոնում] առ այսօր որևէ փաստագրված դեպք, որ Հանրապետական կուսակցության անդամ այս կամ այն պաշտոնյան իր պարտականությունները թերի է կատարել, կամ չի կատարում, կամ հորդորներ է ուղղել մեր քաղաքացիներին փակել ճանապարհները և այլն: Կարծում եմ, վարչապետի այսօրվա ուղերձում շատ հստակ էին ակնարկները, թե որտեղից են գալիս այդ գործողությունները: Բացարձակ կապ չունեն Հանրապետականի հետ»:

Նա շեշտեց, թե խորհրդարանական միակ ընդդմիադիր ուժը ամեն ինչ անում է երկրում քաղաքական բազմակարծությունը ապահովելու համար։ Հանրապետական պատգամավորն այս պահին Հայաստանում 3 տեսակի վտանգ է տեսնում․ առաջինը քաոսն է, երկրորդը հանրային քննարկումների հարթակում չափից ավելի շատ ավտորիտար ճանապարհով գնալու ռիսկն է: Եվ երրորդ վտանգը, ըստ Աշոտյանի, պոպուլիզմի այն աստիճանն է, որը կարող է քայքայել պետական մարմինների գործողությունները:

«Ես չեմ ուզում հիմա կոնկրետացնել, որովհետև մտավախությունը ընդհանուր է, միայն իմ մտավախությունը չէ: Կարծում եմ, այդ մտավախությունը դուք էլ եք տեսել տարբեր հանրային, քաղաքական թեկուզև փակ քննարկումների ընթացքում: Ես ուզում եմ, որպեսզի նոր կառավարությունը, նոր իշխանությունները այս երեք ռիսկային սցենարներից հնարավորինս հեռու մնան: Եվ այստեղ խորհրդարանական ընդդիմության կարևոր դերակատարությունը նաև ապահովելն է քաղաքական բազմակարծությունը, խնդիրների մասին բարձրաձայնելը: Եվ հանրապետականների դերի ստեղծված քաղաքական իրավիճակում առավել քան հստակ է», - հայտարարեց Աշոտյանը:

Նա անդրադարձավ նաև Առաջին նախագահի՝ այսօր հրապարակած հոդվածին, որում Լևոն Տեր-Պետրոսյանը չէր բացառել նման ակցիաներ հրահրումը նախկին ռեժիմի կողմից։

Առաջին նախագահի կարծիքով, հանրապետականները փորձելու են բացահայտ սաբոտաժով աստիճանաբար նվազեցնել նոր իշխանության հեղինակությունը և երկրում անկառավարելիության ու քաոսի վիճակ ստեղծել:

Այս տողերին ի պատասխան ՀՀԿ ղեկավար անդամն ասաց՝ Լևոն Տեր-Պետրոսյանը նախընտրական ակտիվություն է դրսևորում սպասվող խորհրդարանական արտահերթ ընտրություններին ընդառաջ․ - «Առաջին նախագահը երկու առաքելություն ունի այս ստեղծված ներքաղաքական իրավիճակում՝ իր իսկ պատկերացումների համաձայն: Առաջինը․ մտածելով, որ լինելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, փորձում է ակտիվացնել իր կերպարով նաև ՀԱԿ-ը, և որոշակի նախընտրական ակտիվություն է դիտարկվում: Եվ երկրորդը․ կարծում եմ, Լևոն Տեր-Պետրոսյանի համար դեռ կարևոր է ղարաբաղյան հակամարտության կարգավորման իր տեսլականի, իր մոտեցումների կյանքի կոչումը»:

Աշոտյանը նաև նշեց, թե հոդվածի հիմնական հասցեատերը Հանրապետական կուսակցությունը չէ, այնպես որ հարցերը չպետք է ուղղվեն իրենց։

XS
SM
MD
LG