Մատչելիության հղումներ

Ադրբեջանն ու Բելառուսը ռազմատեխնիկական համագործակցության նոր նախագծեր են քննարկում


Ադրբեջանի և Բելառուսի նախագահներ, արխիվ

Ադրբեջանն ու Բելառուսը քննարկում են ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության նոր նախագծեր։

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նախօրեին ընդունել է Բելառուսի ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ, գեներալ-մայոր Օլեգ Դվիգալյովի գլխավորած պատվիրակությանը։

Ադրբեջանական ռազմական գերատեսչության պաշտոնական հաղորդագրության համաձայն, կողմերը քննարկել են համագործակցության հեռանկարները, ինչպես նաև գոհունակություն հայտնել ռազմական ոլորտում համատեղ գործունեության արդյունքներից։

«Կողմերը դրական են գնահատում Ադրբեջանական բանակի սպառազինությունում Բելառուսի ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրության տարբեր նշանակության ռազմական արտադրանքի ընդունումը», - ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ նաև ասվում է հաղորդագրությունում։

Թե խոսքը բելառուսական ինչպիսի ռազմական արտադրանքի մասին է, որ տեղ է գտել ադրբեջանական բանակում, չի հաղորդվում։

Մինչ այդ, հիշեցնենք, անցած ապրիլին մոսկովյան «Կոմերսանտ»-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել է, որ ՀԱՊԿ գծով Հայաստանի դաշնակից Բելառուսը ծրագրում է իրականացնել Ադրբեջանին ՛՛Полонез՛՛ տեսակի համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի վաճառքի պայմանագիրը:

Վկայակոչելով Բելառուսի պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած իր աղբյուրները՝ պարբերականը գրել է, որ Մինսկը Բաքվին է վաճառելու նման տասը համակարգեր, առքուվաճառքի փաստաթղթերը գտնվում են եզրափակիչ փուլում:

Առկա տեղեկության համաձայն, ՛՛Полонез՛՛ համակարգերն ավելի հեռահար են, քան ՀԱՊԿ անդամ մեկ այլ երկրի՝ Ռուսաստանի կողմից Ադրբեջանին վաճառված հայտնի ՛՛Смерч՛՛ համակարգերը, որոնք ադրբեջանական զինուժը օգտագործել է ապրիլյան պատերազմի ժամանակ:

Ադրբեջանա-բելառուսական այս գործարքին պաշտոնական Երևանը ափսոսանքով էր արձագանքել։

Բաքվի և Մինսկի միջև ռազմատեխնիկական ոլորտի համագործակցության նոր նախագծերի մասին քննարկումները նշենք, որ հաջորդում են շաբաթասկզբին Սոչիում տեղի ունեցած Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստի շրջանակներում Բելառուսի նախագահի և Հայաստանի վարչապետի հանդիպմանը, որի ընթացքում, ինչպես տեղեկացրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, քննարկել են զենքի վաճառքի, Ադրբեջանի հետ հարաբերությունների հետ կապված հարցեր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG