Մատչելիության հղումներ

Վրաստանի նախագահը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել և բանակցություններ սկսել Ռուսաստանի նախագահի հետ


Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի, արխիվ
Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլի, արխիվ

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին պատրաստ է հանդիպել և ուղղակի բանակցություններ սկսել իր ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ: Այդ մասին Մարգվելաշվիլին հայտարարեց երեկ Թբիլիսիում` ուսանողների հետ հանդիպման ժամանակ:

«Վերջին սոցհարցումները վկայում են, որ Վրաստանի բնակչության մեծ մասը կողմ է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորմանը: Վրացական հանրությունը պատրաստ է Ռուսաստանի հետ ռացիոնալ երկխոսություն ծավալել: Այս հարցում հանրությունը պառակտված չէ: Այդ իսկ պատճառով ես պատրաստ եմ Ռուսաստանի նախագահի հետ խոսել մարդկանց կարիքներից դրդված այլ ոչ թե ընկալելով նրան, որպես գերտերության այսպես կոչված «դերժավա»-ի ղեկավար», - հայտարարում էր Վրաստանի նախագահը` երկրի քաղաքական դաշտում իսկական փոթորիկ առաջացնելով:

«Այս հայտարարությունը փոքր ինչ զարմանալի է: Ինչո՞ւ Գեորգի Մարգվելաշվիլին Ռուսաստանի նախագահի հետ հանդիպելու պատրաստակամություն հայտնեց իր նախագահական լիազորությունների ավարտից մի քանի ամիս առաջ», - տարակուսում է Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով Վրաստանի վարչապետի հատուկ բանագնաց Զուրաբ Աբաշիձեն:

Նախկին արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի խոսքով էլ նման հայտարարությունները վկայում են, որ Մարգվելաշվիլին զուրկ է քաղաքական հմտություններից:

«Երբ GIPA-ի`հանրային կապերի վրացական ինստիտուտի ռեկտորին ինչ-որ մեկի խորհրդով նախագահ ես ընտրում, ապա ամեն ինչ նման տխուր ավարտ է ունենում: Եթե Մարգվելաշվիլիի հայտարարությունները հիմնված լինեին ինչ-ինչ կուլիսային զարգացումների ու բանակցությունների վրա, դա այլ խնդիր է: Բայց, եթե այս ամենը նրա անձնական նախաձեռնությունն է, ապա դա շահավետ է Ռուսաստանի իշխանություններին: Մոսկվայում Մարգվելաշվիլիի հայտարարությունները կփորձեն ներկայացնել այնպիսի լույսի ներքո, թե տեսեք` Վրաստանում բանականությունը հաղթել է, և վրացական իշխանությունները վերջապես պատրաստ են համակերպվել Հարավային Կովկասում ստեղծված նոր իրողությունների հետ», - նշում էր Վաշաձեն:

Միխայիլ Սաակաշվիլիի օրոք Վրաստանի խորհրդարանի խոսնակի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Բաքրաձեն ևս համոզված է` այս փուլում Պուտին-Մարգվելաշվիլի երկխոսությունը բացառապես Մոսկվային է ձեռնտու լինելու:

«Մենք չպետք է սպասենք, թե երբ է Վլադիմիր Պուտինը փոխակերպվելու, իսկ Ռուսաստանը սկսելու իր հարևանների հետ նորմալ հարաբերություններ հաստատել: Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման հիմնական ուղղությունները պետք է լինեն մեր արևմտյան գործընկերների ներգրավվածությունը խնդրին, գրավյալ տարածքների ազատագրումը, Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցներին միանալը: Ցավով պիտի արձանագրեմ, որ «Վրացական երազանք» կուսակցության իշխանության տարիներին այս բոլոր ուղղություններում Թբիլիսիի դիրքերը միայն թուլացել են», -հայտարարում էր Բաքրաձեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG