Մատչելիության հղումներ

ԵԽԽՎ-ն պատժել է 4 պատգամավորի, այդ թվում՝ Ադրբեջանի պատվիրակության ղեկավարին


ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ
ԵԽԽՎ նիստերի դահլիճում, արխիվ

Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերով հանձնաժողովը պատժամիջոցներ է սահմանել չորս պատգամավորների՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովի, վեհաժողովի նախկին նախագահ, իսպանացի պատգամավոր Պեդրո Ագրամունտի, Ուկրաինայի հարցով նախկին զեկուցող՝ իսպանացի պատգամավոր Ժորդի Շուկլայի և ռումինացի պատգամավոր Սեզար Պրեդայի դեմ: Այս մասին ասված է ԵԽԽՎ -ի մամուլի ծառայության կողմից այսօր տարածված հայտարարությունում:

Դրանում, մասնավորապես, նշված է, որ պատգամավորներ Ագրամունտը, Շուկլան, Պրեդան և Սեիդովը լրջորեն խախտել են վարքագծի կանոնակարգը և ժամանակավորապես զրկվում են պատգամավորի հիմնական իրավունքներից. նրանց արգելվում է դիտորդական առաքելություն իրականացնել և զեկուցողի պաշտոն զբաղեցնել:

ԵԽԽՎ նախագահի պաշտոնից անցյալ տարի հեռացված Պեդրո Ագրամունտին 10 տարով, իսկ մյուս երեք պատգամավորներին՝ 2 տարի ժամկետով արգելվում է դիտորդական խմբերում հետևել ընտրությունների ընթացքին, որևէ հանձնաժողովի, ենթահանձնաժողովի նախագահի կամ նախագահի տեղակալի, ինչպես նաև ԵԽԽՎ նախագահի պաշտոն զբաղեցնել: Բացի այդ, նրանք զրկվել են նաև Վեհաժողովը, կամ դրա հանձնաժողովները ներկայացնելու իրավունքից:

Նշված չորս պատգամավորներին արգելվում է նաև հարցեր ուղղել Եվրոպայի խորհրդի գործադիր մարմնին՝ Նախարարների կոմիտեին: Պատժամիջոցների ենթարկված չորս պատգամավորները, հիշեցենք, բազմիցս հայտնվել են կոռուպցիոն սկանդալների կիզակետում: Առայժմ, սակայն, իրավաբանորեն նրանց մեղքն ապացուցված չէ:

ԵԽԽՎ-ի հերթական զեկույցներից մեկը, որն, ի դեպ, հրապարակվել էր ընդամենը երեք շաբաթ առաջ, փաստում էր, որ Ալիևի վարչակազմը տարիներ շարունակ ԵԽԽՎ-ում լոբբիստական աշխատանքներ է իրականացրել, կանխիկ գումարով կաշառել մի խումբ պատգամավորների, այդ թվում, Պեդրո Ագրամունտին՝ ԵԽԽՎ-ում Ադրբեջանի նկատմամբ քննադատությունը մեղմելու կամ հօգուտ Ադրբեջանի գործունեությունը խթանելու համար:

Եվրոպացի երեք պաշտոնաթող դատավորների հեղինակած զեկույցում ներկայացված է եվրոպացի պատգամավորների մի ամբողջ ցանկ, ովքեր կաշառքի դիմաց աչք են փակել Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության մատնել Ադրբեջանում մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը:

Ըստ ավելի քան 200 էջից բաղկացած զեկույցի, առավել մեծ տարածում են ունեցել հատկապես նվերները՝ սև խավիարից մինչև թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներ, անգամ՝ թեթևաբարո աղջիկներ ճոխ հյուրանոցներում:

Պաշտոնական Բաքուն այս մեղադրանքներին հստակ չի պատասխանել: Փոխարենը հայտարարել է, թե հայամետ ուժերն Ադրբեջանի դեմ հերթական արշավն են իրականացնում: ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ում անունը զեկույցում հիշատակված է կաշառք բաժանողների շարքում, այսօր մեկնաբանելով ԵԽԽՎ-ի կողմից իր դեմ սահմանված պատժամիջոցները՝ հայտարարել է, թե կառույցում Ադրբեջանի գործունեությունն, այդուհանդերձ, որևէ կերպ չի սահմանափակվի, այդ թվում՝ ղարաբաղյան խնդիրը միջազգային հանրությանը ներկայացնելու հարցում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG