Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորում է հայ-ռուսական ռազմավարական դաշնակցային հարաբերությունները Հայաստանի ռազմական անվտանգության ապահովման գործում և հավաստիացնում է, որ դրանք այսուհետ ևս շարունակելու են ընդլայնվել և զարգանալ` օգտագործելով մի շարք ուղղություններում առկա մեծ ներուժը: Այդ մասին նախարարը հայտարարել է երեկ Հայաստանում Ռուսաստանի դեսպանորդ Անդրեյ Իվանովի և Ռուսաստանի դեսպանության ռազմական և ռազմաօդային կցորդ, գեներալ-մայոր Եվգենի Բուլավինցևի հետ հանդիպման ժամանակ:
Պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության այսօր տարածած հաղորդագրության համաձայն՝ Տոնոյանն ընդգծել է նաև երկու երկրների համագործակցության կարևորությունը ինչպես ռազմաքաղաքական դաշինքների, մասնավորապես` Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության, այնպես էլ այլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցության ընթացիկ խնդիրները, այդ թվում` փոխգործակցության հետագա զարգացման ուղիները ռազմաքաղաքական, ռազմական և ռազմատեխնիկական մակարդակներում, նախանշվել են առաջիկա անելիքները:
Կարծիքներ են փոխանակվել նաև միջազգային և տարածաշրջանային անվտանգության խնդիրների և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ: