Մատչելիության հղումներ

Եվրամիության հետ բանակցությունները Թեհրանում մեծ հույսեր չեն արթնացրել


Եվրամիության ղեկավարությունն ու Արևմտյան Եվրոպայի երեք առաջատար պետությունները` Մեծ Բրիտանիան, Գերմանիան և Ֆրանսիան, փորձում են փրկել 2015 թվականին Իրանի հետ կնքված միջուկային համաձայնագիրը:

Ինչպես երեկ Թեհրանում հայտարարել է Իրանի ատոմային էներգիայի գործակալության ղեկավար Ալի Աքբար Սալեհին, պայմանագրի վերջնական տապալման այլընտրանքը լինելու է Իրանի միջուկային ծրագրի ապասառեցումը:

«Եթե եվրոպացիները կարողանան հստակ երաշխիքներ տրամադրել, կարիք չի լինի վերադառնալ այն իրավիճակին, որ առկա էր մինչև համաձայնագրի կքնումը: Բայց եթե դա չարվի, մենք կանենք այն, ինչի մասին արդեն իսկ զգուշացրել ենք` մեր միջուկային ծրագիրն ավելի մեծ առաջընթաց կարձանագրի, քան նախքան համաձայնագրի ստորագրումն էր: Նման տեխնիկական հնարավորություններ մենք ունենք», - հայտարարել է Սալեհին` հատուկ ընդգծելով, որ իրանցի գիտնականները ընդամենը մի քանի օրում ի վիճակի են ուրանի հարստացման մակարդակը հասցնել 20 տոկոսի:

Եվրոպական մայրաքաղաքներում, սակայն, հույս ունեն, որ անգամ Միացյալ Նահանգների նախագահի մայիսի 8-ի որոշումից հետո հնարավոր կլինի խուսափել իրադարձությունների զարգացման ամենահոռետեսական սցենարից:

«Այժմ մենք քննարկում ենք գործողությունների մի փաթեթի իրագործումը, որը հնարավորություն կտա մեզ, որպես եվրոպական պետությունների ներկայացուցիչների, համոզել Իրանին չլքել համաձայնագիրը: Ես ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մենք որևէ պատրանք չունենք այն ապակառուցողական դերակատարության վերաբերյալ, որ Մերձավոր Արևելքում որդեգրել է Իրանը, սակայն մենք կարծում ենք, որ ի վիճակի կլինենք այդ խնդիրը լուծել միջուկային համաձայնագրից առանձին», - հայտարարել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Բորիս Ջոնսոնը Եվրամիության պետությունների արտգործնախարարների Բրյուսելում կայացած հավաքի շրջանակներում:

Չորեքշաբթի օրը Բելգիայի մայրաքաղաքում էր նաև Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը: Իրանական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ այժմ գնդակը եվրոպացիների դաշտում է․ - «Մենք մի գործընթաց ենք սկսում, որը պետք է շատ ակտիվորեն զարգանա, քանի որ մեր տրամադրության տակ եղած ժամանակը սուղ է: Մենք պետք է հստակ երաշխիքներ ստանանք, որ այն տնտեսական հնարավորությունները, որ ստեղծվում են իրանցիների համար այս համաձայնագրով, կմնան ուժի մեջ: Մնում է տեսնել, թե արդյոք այն քաղաքական կամքը, որ արտահայտել են համաձայնագրին դեռևս մաս կազմող պետությունները ի վերջո կվերաճի կոնկրետ գործողությունների»:

Սահմանափակ ժամկետների մասին խոսելով՝ Իրանի արտաքին գործերի նախարարը նախևառաջ նկատի ուներ պաշտոնական Վաշինգտոնի՝ Իրանի հետ կնքված համաձայնագրից դուրս գալու որոշման այն հատվածը, ըստ որի օտարերկրյա ընկերություններին վեց ամիս է տրվում իրանական շուկան լքելու համար: Հակառակ պարագայում դրանք կհայտնվեն ամերիկյան պատժամիջոցների թիրախում: Պաշտոնական Թեհրանն իր հերթին 60 օր է տրամադրել եվրոպական ընկերություններին` հստակեցնելու, թե արդյո՞ք դրանք պատրաստվում են շարունակել իրենց գործունեությունը Իրանի տարածքում, թե՞ ոչ:

Եվրոպական ընկերությունները, սակայն, ակնհայտորեն չեն դիմանում կրկնակի ճնշմանը: Ծովային փոխադրումներով զբաղվող դանիական Maersk Tankers ընկերությունն արդեն իսկ հայտարարել է Իրանի հետ կապված նոր պատվերներից հրաժարվելու մասին: Գերմանիայի ամենախոշոր ապահովագրական ընկերություններից մեկը` Allianz-ը, ևս հայտարարել է, որ ամերիկյան պատժամիջոցներից խուսափելու նպատակով պատրաստվում է դադարեցնել գործունեությունը Իրանի տարածքում: Երեկ մինչև ուշ երեկո շարունակված բանակցությունների արդյունքում ԵՄ ղեկավարներն ու իրանական կողմը պայմանավորվեցին առաջիկա օրերին բանակցություններ անցկացնել փորձագետների մակարդակով և խնդրի քննարկմանը կրկին վերադառնալ արդեն հաջորդ շաբաթ Վիեննայում:

Թեհրանում, սակայն, եվրոպացիների հետ տարվող այս բանակցությունները հույսեր չեն արթնացրել:

«Ես կասկածում եմ, որ այս բանակցությունները արդյունավետ կլինեն: Ես իհարկե հուսով եմ, որ դրական արդյունքներ կարձանագրվեն, բայցևայնպես ակնհայտ է` հարկավոր է ինքնաբավ պետություն դառնալ», - FARS գործակալության փոխանցմամբ այսօր հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի խորհրդական, նախկին արտգործնախարար Ալի Աքբար Վելայաթին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG