Մատչելիության հղումներ

Վարչապետը գերատեսչությունների աշխատակազմերին ներկայացրեց նորանշանակ նախարարներին


Այսօր առավոտից վարչապետ Նիկոլ Փաշինյանը շրջում էր նախարարություններով՝ ներկայացնելով նորանշանակ նախարարներին։ Նոր կառավարության հասցեին քննադատություններ են հնչում, թե գերատեսչությունները վստահվել են երիտասարդ անփորձ կադրերի՝ ինչը ռիսկեր է պարունակում։ Այսօր «Ազատության» հետ զրույցում Փաշինյանը, արձագանքելով այս մտահոգություններին, ասաց, որ իր մասին էլ էին ասում թե անփորձ է։

«Մենք նոր էջ ենք սկսում մեր երկրում, և կարծում եմ՝ կառավարության կազմը բալանսավորված է, և անփորձները նախարար լինելու մեջ են անփորձ, ոչ թե կյանքի և քաղաքական գործունեության մեջ, իսկ նախարարի գործունեությունը ոչ թե մասնագիտական, այլ քաղաքական գործունեություն է», ֊ նշեց վարչապետը՝ հավելելով. ֊ «Ես համոզված եմ, որ կառավարությունը կաշխատի արդյունավետ»։

Վարչապետի խոսքով՝ եթե առանձին նախարարների և պաշտոնյաների աշխատանքի արդյունավետության հետ կապված խնդիրներ ծագեն, այդ խնդիրներն արագ կլուծվեն, բայց ինքը համոզված է, որ ամեն ինչ նորմալ կլինի։

Փաշինյանը հույս հայտնեց, որ խորհրդարանական մեծամասնությունը՝ Հանրապետական խմբակցությունը, հավանություն կտա իր կառավարության ծրագրին, և իրենք «բնականոն կաշխատեն»։ Հանրապետականի հետ աշխատելու են քննարկումների մթնոլորտում, ասաց նա. ֊ «Չպետք է որևէ մեկը քաղաքական իրավիճակը սխալ գնահատելու գայթակղությանը տրվի»։

Կառավարությունը այս կազմով առնվազն մի քանի ամիս կաշխատի։ Մեր հարցին, թե երբ են անցկացվելու արտահերթ խորհրդարանական ընտրություններ, վարչապետը պատասխանեց, որ հարցը դեռ կքննարկեն, սակայն կարծում է, որ ընտրություններն այս տարի կանցկացվեն։

Երևանի կենտրոնում գտնվող նախարարություններ Փաշինյանը այսօր ոտքով էր այցելում՝ ճանապարհին ողջունելով և լուսանկարվելով քաղաքացիների հետ։ Գրեթե բոլոր նախարարություններում աշխատակիցները նրան ծափերով էին ողջունում։ Նախարարներին ներկայացնելիս Փաշինյանը հիշեցնում էր, թե ինչպես են ժողովրդի աջակցությամբ հասել իշխանության՝ ուստի պետք է արդարացնեն քաղաքացիների սպասելիքները. ֊ «Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է զգա, որ ինքն է որոշումների կայացման ամենակարևոր աղբյուրը և, իհարկե, մենք չպետք է գնանք պոպուլիստական ճանապարհով և պետք է մեր գործողություններում ունենանք քաղաքացիների մանդատը, նրանք պետք է համոզված լինեն, որ մենք անում ենք առավել արդյունավետ քայլեր»։

Որոշ նախարարություններում էլ նախկին նախարարները չէին մասնակցում նորերի ներկայացմանը։ Մասնավորապես, առողջապահության նախկին նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախկին նախարար Դավիթ Լոքյանը։ Բնապահպանության նախկին նախարար, դաշնակցական Արծվիկ Մինասյանն էլ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնը ստանձնելիս վարչապետին ասաց, որ տնտեսական բլոկում հեղափոխական մոտեցումներ են լինելու. ֊ «Տնտեսական բլոկում հեղափոխական մոտեցումներ կլինեն, և կխնդրենք Ձեզ, որպեսզի աջակցությունը լինի ամբողջական»։

Արտաքին գործերի նորանշանակ նախարար Զոհրապ Մնացականյանին էլ ներկայացնելիս վարչապետը հայտարարեց, որ այս գերատեսչությունը ամենակայացած համակարգերից է և առաջիկայում դիվանագետները շատ կարևոր դեր ունեն. ֊ «Իհարկե, ուրախ եմ ընդգծել և արձանագրել, որ այս պահին Հայաստանի միջազգային հեղինակությունը գտնվում է բավականին լավ մակարդակի վրա և սա մի հնարավորություն է, որ մենք պետք է փորձենք վերածել կոնկրետ արտաքին քաղաքական ձեռքբերումների»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG