Մատչելիության հղումներ

Աննա Հակոբյան․ Մեր թերթը վարչապետին կքննադատի՝ եթե քննադատության հիմքեր տեսնի


Աննա Հակոբյանը «Ազատության» տաղավարում:

«Ֆեյսբուքյան ասուլիս» հաղորդաշարի հյուրն այսօր Աննա Հակոբյանն է՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը:

Օգտատերերից մեկի հարցին՝ լսել եմ, որ քննարկել եք, թե ով է Հայաստանի առաջին տիկինը՝ վարչապետի՞, թե՞ նախագահի կինը, Աննա Հակոբյանն արձագանքեց․ - «Քննարկելը վերաբերվում էր նրան, որ ես հարցազրույցներից մեկի ժամանակ հղում արեցի մեր թերթում՝ «Հայկական ժամանակում» տպագրված հոդվածներից մեկին, որտեղ փնտրտուքի մեջ էր լրագրողը, թե նոր Սահմանադրությամբ և կառավարման կարգի փոփոխությունից հետո ով է լինելու առաջին տիկնոջ պայմանական պաշտոնում: Ես դրան հղում արեցի, որպեսզի ուղղակի ասեմ, որ դեռ պարզ չի․․․ Իրականում դա ինձ համար միջոց էր՝ խուսափելու համար այդ կարգավիճակից և պարտականություններից: Եվ ես հույս ունեի, որ կխուսափեմ: Ես ի սկզբանե համառ լինելով, որ կհրաժարվեմ ցանկացած էդպիսի ձևակերպումից, կարգավիճակից և պարտականություններից, հասկացա, որ դրա իրավունքը պարզապես չունեմ, և պարտավոր եմ անել այն, ինչ որ պետք է, ինչ որ պահանջվում է ինձանից: Ենթադրում եմ, որ դա նաև ավանդույթի ուժով է շարունակվում․․․ ընդհանրապես աշխարհում նաև ընդունված կարգ է»:

Մեկ այլ օգտատիրոջ հետաքրքրում էր, թե արդյոք վարչապետի կինը կմիջամտի, եթե գտնի, որ իր ամուսինը ոչ ճիշտ որոշում է կայացրել, կամ կքննադատի արդյոք նրա որոշումը ձեր թերթում:

Հակոբյանը նախ ասաց, որ շարունակելու է աշխատել «Հայկական ժամանակում», ապա հավելեց․ - «Իհարկե մեր թերթը կքննադատի՝ եթե քննադատության հիմքեր տեսնի»:

Իսկ թերթում աշխատանքը շարունակելու առնչությամբ ասաց․ - «Որովհետև ամեն ինչից առաջ ես լրագրող եմ, որովհետև «Հայկական ժամանակը» մեր թերթն է, և մամուլը ամենակարևոր օղակն է՝ վերահսկելու համար ցանկացած իշխանության․․․ Ես երաշխավորում եմ, որ բոլոր նրանց համար թերթը բաց է, անկախ նրանից, թե իրենք որ քաղաքական ուժին են պատկանում, բոլորի համար թերթը հարթակ է, որը նրանք կարող են ազատորեն օգտագործել»:

Հարցին, թե ինչ փոխվեց իրենց ընտանիքի կյանքում, Աննա Հակոբյանը պատասխանեց․ - «Առաջին հերթին տունը փոխվեց: Երևի դա միակ խոշոր փոփոխությունն է, որ մեր կյանքում եղել է»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG