Մատչելիության հղումներ

Փաշինյանը Սոչիում փարատել է ԵԱՏՄ անդամ երկրների հնարավոր մտավախությունները


«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Ռուբեն Ռուբինյան

Սոչի կատարած այցով Հայաստանի նորընտիր վարչապետը փարատել է Ռուսաստանի ու ԵԱՏՄ անդամ մյուս երկրների հնարավոր մտավախությունները, վստահ է Փաշինյանի գլխավորած պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանը:

Ռուբինյանի փոխանցմամբ՝ Եվրասիական բարձրագույն խորհրդի նիստին մասնակցելով հայկական պատվիրակությունը երկու հիմնական խնդիր ուներ․ - «Նախ ճանաչել մեր գործընկերներին անձամբ և կապ հաստատել նրանց հետ: Եվ երկրորդը, փարատել այն մտահոգությունները, որոնք նրանք կարող են ունենալ հայտնի պատճառներով: Եվ ես կարծում եմ, երկու կետով էլ մենք հաջողել ենք: Թե՛ առանձին հանդիպումներում, թե՛ ընդհանուր նիստի շրջանակներում մենք վերահաստատել ենք մեր այն բոլոր դիրքորոշումները, որոնք հնչեցրել ենք թե՛ պարոն Փաշինյանի վարչապետ ընտրվելուց առաջ, թե՛ ընտրվելու ընթացքում և թե՛ դրանից հետո»:

Մինչև Սերժ Սարգսյան վարչապետության դեմ պայքարի մեկնարկը՝ նախորդ տարեվերջին, Փաշինյանի գլխավորած «Ելք» խմբակցությունը խորհրդարանում նախաձեռնել էր Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությունից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ քննարկումներ, իսկ արդեն որպես վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց՝ չի պատրաստվում Հայաստանը դուրս բերել ԵԱՏՄ-ից:

Վարչապետի գլխավորած պատվիրակության կազմում երեկ Սոչիից վերադարձած Ռուբինյանը վստահեցնում է, որ Ռուսաստանն ու տնտեսական միության անդամ այլ երկրներ որևէ մտավախություն Հայաստանի արտաքին քաղաքական կողմնորոշման առումով չեն էլ բարձրացրել․ - «Մենք բոլորս հիշում ենք, թե ինչպես էր Հանրապետական կուսակցությունը փորձում, մայիսի 1-ին մասնավորապես, վարչապետի ընտրությունների ընթացքում ինչպես էին փորձում շարժումը ներկայացնել որպես հակառուսական, հակաեատմական և այլն: Եվ բնական կլիներ, եթե այդպիսի մտավախություններ լինեին գործընկեր պետությունների մոտ, և հենց այդ պատճառով մենք այնտեղ վերահաստատեցինք մեր այն դիրքորոշումը, որ Հայաստանը շարունակելու է իր գործունեությունը ԵԱՏՄ շրջանակներում, ինչը ամենևին չի նշանակում, որ խնդիրներ այնտեղ չկան և այդ խնդիրները չպետք է լուծվեն: Ամենակարևորը այն է, որ մենք տեղ չենք թողել, որպեսզի մեր գործընկեր, դաշնակից պետությունները կասկած կամ մտավախություն ունենան Հայաստանի՝ նախկինում ընդունած համաձայնագրերին և պայմանագրերին հավատարմության շարունակականության վերաբերյալ»:

Սոչիում երեկ տեղի ունեցավ Հայաստանի նորընտիր վարչապետի առաջին հանդիպումը Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ: Կայացել են հանդիպումներ նաև ԵԱՏՄ անդամ Բելառուսի ու Ղրղըզստանի նախագահների հետ:

Հայկական պատվիրակության անդամ Ռուբեն Ռուբինյանի փոխանցմամբ ոչ պաշտոնական, կարճատև հանդիպում է եղել նաև Ղազախստանի ղեկավար Նազարբաևի հետ: Չմանրամասնելով՝ Փաշինյանի քաղաքական թիմի անդամը փոխանցեց, որ ի թիվս այլ հարցերի՝ քննարկումներում շոշափվել է նաև ղարաբաղյան խնդիրը․ - «Մեր քաղաքացիներին, բիզնեսին վերաբերող, Ռուսաստանում Հայաստանի քաղաքացիներին վերաբերող որոշակի հարցեր են բարձրացվել մեր կողմից: Մասնավորապես, կարող եք հիշել, որ խնդիր կար հայկական վարորդական իրավունքով Ռուսաստանում աշխատանքի անցնելու հետ կապված: Այդ խնդիրը նույնպես բարձրացվել է, և մեր գործընկերների կողմից ասվել է, որ այդ հարցը կլուծվի»:

Սոչի ժամանած նորընտիր վարչապետ Փաշինյանին մեծ շուքով էին դիմավորել տեղի հայկական համայնքի ներկայացուցիչները, Ռուբինյանի փոխանցմամբ՝ շատերը ցանկություն էին հայտնում վերադառնալ հայրենիք․ - «Դրական և հզոր պահ էր: Հայաստանի Հանրապետությունը վերջապես միջազգային հարթակում ունեցավ երկրի ղեկավար, որը վայելում է Հայաստանի քաղաքացիների բացարձակ մեծամասնության վստահությունը, որը լեգիտիմ է: Եվ սա մեծ ուժ է տալիս, հզորություն է տալիս, սա տալիս է հնարավորություն ավելի արժանապատվորեն լուծել այն բոլոր խնդիրները, որոնք կարող են լինել»:

Արդեն յոթ օր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանն ընտրվելուց մեկ օր անց մեկնել էր Լեռնային Ղարաբաղ, դրանից հետո՝ ռուսաստանյան Սոչին դարձավ նրա առաջին արտերկյա այցելությունը:

XS
SM
MD
LG