Մատչելիության հղումներ

Դսեղի անտառտնտեսությունում 1475 ծառ ապօրինի հատելու քրգործն ուղարկվել է դատարան


Անտառ Հայաստանում, արխիվ
Անտառ Հայաստանում, արխիվ

Ավարտվել է «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության (ՊՈԱԿ) «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի պահպանման տարածքում ապօրինի 1475 կանգուն ծառերի հատման, նույն մասնաճյուղի պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացնելու դեպքի առթիվ Լոռու մարզի դատախազությունում հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Հայաստանի դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և անտառային ֆոնդի տարածքում գտնվող ծառերի ապօրինի հատում կատարելու դեպքի առթիվ 2017 թվականի օգոստոսի 8-ին Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով և 296-րդ հոդվածի 3-րդ մասով: Նախաքննություն կատարելու համար քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտեի Լոռու մարզային վարչություն: Դսեղի անտառտնտեսությունում նշանակված մասնագիտական ստուգման արդյունքում հայտնաբերվել է 1475 հատ ապօրինի հատված կանգուն ծառ:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ «Հայանտառ»-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» անտառապետ Ս. Վ.-ն, «լիազորված լինելով կանխարգելել անտառպետության տարածքում ՀՀ անտառային օրենսդրութ­յան բոլոր տեսակի խախտումները, անտառպետության տարածքի սահմաններում իրա­կա­նացնել հսկողություն, անձնական այլ շահագրգռվա­ծությունից ելնելով, խախտելով օրենսդրության դրույթները, համաձայն որոնց անտառօգտագործումն իրականացվում է անտառօգտա­գործման պայմանագրի և անտառահատման տոմսի կամ անտառային տոմսի հիման վրա, երկու անձանց միջոցով 2017 թվականի օգոստոսի 3-ին «Դսեղի անտառպետության» 2-րդ պահաբաժնից բենզա­սղոցի գոր­ծադրմամբ ապօրինի հատել է 7 հատ լորենի տեսակի ծառ», - ասված է հաղորդագրությունում: Դրա հետևանքով, ըստ դատախազության, բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 850 հազար 500 դրամի վնաս:

«Բացի դրանից, Ս. Վ.-ն, ծառայության նկատմամբ անբարեխիղճ և անփույթ վերաբերմունք դրսևորելով չի կատարել շրջայցեր, չի հայտնաբերել բացթողումներն ու թերություն­ները, որի հետևանքով ինքնու­թյունը չպարզված անձանց կողմից «Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Դսեղի անտառ­տնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» 4 պահաբա­ժիններում ապօրինի կերպով հատվել են 1475 կանգուն, տարբեր տեսակի ու տրա­մագծերի ծառեր, որն առաջացրել է ծանր հետևանքներ՝ բուսական աշխարհին պատճառվել է առանձնապես խոշոր՝ 148.595.000 ՀՀ դրամի չափով վնաս», - ասված է հաղորդագրությունում:

Անցած տարվա օգոստոսի 10-ին Ս. Վ.-ն Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի («Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը») 1-ին մասով նախատեսված հանցագործություն կատարելու կասկածանքով ձերբակալվել է, օգոստոսի 13-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ տվյալ հոդվածի 1-ին մասով և 315-րդ հոդվածի («Պաշտոնեական անփութությունը») 2-րդ մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Այս տարվա մայիսի 10-ին Ս. Վ.-ին առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, և նոր մեղադրանք է առաջադրվել Քրեա­կան օրենսգր­քի 296-րդ հոդվածի («Ծառերի, թփերի և բուսածածկի ապօրինի հատումը») 3-րդ մասով և 315-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նույն քրեական գործի շրջանակում ՔՕ 315-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել նաև «Դսեղի ան­տառտնտեսություն» մասնաճյուղի «Դսեղի անտառպետության» թիվ 5-րդ պահաբաժնի ան­տա­­ռապահ Ս. Ե.-ին և թիվ 1-ին պահա­բաժնի ան­տա­­ռապահ Մ. Հ.-ին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է ստորագրություն չհեռանալու մասին:

Ինքնությունը չպարզված անձի (անձանց) կողմից առանձնապես խոշոր չափերով ապօրինի ծառահատում կատարելու փաստի առթիվ վերոնշյալ քրեական գործի նյութերով հարուցվել է նոր քրեական գործ՝ Քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, և այն առանձնացվել է առանձին վարույթում:

Այսօր նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից մեղադրական եզրակացությունը հաստատվել է և քրեական գործի հետ ուղարկվել Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան՝ ըստ էության քննության առնելու համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG