Մատչելիության հղումներ

Օբսիդիանի ապօրինի արդյունահանմամբ պետությանը մոտ 130 մլն դրամի վնաս է պատճառվել․ գործը ուղարկվել է դատարան


Հայաստանի քննչական կոմիտեն հաղորդում է, որ կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված մեծածավալ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Արագածոտնի մարզում ապօրինի ձեռնարկատիրության դեպք, որը զուգորդվել է ընդերքի պահպանման և օգտագործման կանոնների խախտմամբ՝ էական վնաս պատճառելով շրջական միջավայրին և ընդերքին:

Նախնական քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ 35-ամյա տղամարդը, հիմնադրելով ՍՊԸ առևտրային կազմակերպություն, փաստացի իրականացրել է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն։

«Մասնավորապես՝ 2014-2017թթ. ընթացքում Արագածոտնի մարզի Արագածավան համայնքից 10 կմ դեպի արևելք գտնվող տարածքի ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ, այն է՝ առանց լիազոր մարմնի համապատասխան թույլտվության և պայմանագրի, կազմակերպել, իրականացրել է ընդերքի ապօրինի շահագործում: Այն է՝ քանդել-փորելու միջոցով ընդերքից դուրս է բերել վանակատ (օբսիդիան) տեսակի օգտակար հանածո հանդիսացող հանքաքար, ինչն էական վնաս է պատճառել շրջակա միջավայրին, ընդերքին: Այնուհետև դուրս բերված և առանձնացված հանքաքարն իրացրել է ինչպես ՀՀ տարածքում, այնպես էլ արտահանել և իրացրել այլ երկրներում։ ՍՊԸ-ի ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով պետությանը պատճառված վնասը գնահատվել է 129.275.150 ՀՀ դրամ», - ասված է Քննչական կոմիտեի հաղորդագրությունում:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ ՍՊԸ-ի հիմնադրին, որի ինքնությունը չի հրապարակվում, մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի` «ապօրինի ձեռնարկատիրությունը, որը զուգորդվել է անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանն առանձնապես խոշոր չափի վնաս պատճառելով», և 291-րդ հոդվածի 2-րդ մասի՝ «ընդերքի օգտագործման և պահպանության կանոնների խախտմամբ կամ համապատասխան նախագծերի շեղումներով կամ առանց պայմանագրի ընդերքի օգտագործումը, որն էական վնաս է պատճառել մարդու առողջությանը, շրջակա միջավայրին, ընդերքին, դրանում պարփակված օգտակար հանածոներին, շենքերին կամ շինություններին», հատկանիշներով:

Քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել է դատարան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG