Մատչելիության հղումներ

Ռուսաստանցիների կեսից ավելին գիտակցում է, որ երկիրը շրջափակված է. «Լևադա»


Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության՝ MI5 տնօրեն Էնդրյու Փարքերը, Բեռլին, 14-ը մայիսի, 2018թ.
Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության՝ MI5 տնօրեն Էնդրյու Փարքերը, Բեռլին, 14-ը մայիսի, 2018թ.

Լոնդոնը զգուշացնում է, որ մեկուսացումը կարող է շարունակվել:

«Լևադա» հետազոտական կենտրոնի անցկացրած վերջին հարցախույզի արդյունքների համաձայն, ռուսաստանցիների մոտ կեսը ենթադրում է, որ Արևմուտքում մարդիկ վախենում են Ռուսաստանից, 21 տոկոսի կարծիքով` Արևմուտքում մտահոգված են, իսկ 16 տոկոսը համոզված է, որ Արևմուտքն արհամարհանք է տածում Ռուսաստանի հանդեպ:

Նախօրեին սոցիոլոգիական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է ապրիլի 20-24-ը Դաշնության 52 սուբյեկտների 136 բնակավայրերի 1600 չափահաս քաղաքացիների շրջանում անցկացրած հարցախույզի արդյունքները:

Հարցվածների մոտ 56 տոկոսը նշել է, որ Ռուսաստանը հայտնվել է միջազգային մեկուսացման պայմաններում: Դա մտահոգիչ համարող մարդկանց թիվն էլ է աճել՝ հասնելով 37 տոկոսի:

Միաժամանակ, ըստ «Լևադա» կենտրոնի, 66 տոկոսից մինչև 54 տոկոս է իջել այն քաղաքացիների թիվը, ովքեր առաջարկում են ամրապնդել Ռուսաստանի հարաբերություններն Արևմուտքի հետ:

Հարցվածների մոտ 40 տոկոսը ենթադրում է, որ Ռուսաստանում Արևմուտքի հանդեպ որևէ առանձնահատուկ վերաբերմունք չկա:

«Լևադա» կենտրոնը նշում է, որ նախագահ Վլադիմիր Պուտինի քաղաքականությանը միանշանակ հավանություն տվող ռուսաստանցիների թիվն անցած չորս տարում անշեղորեն աճել է:

Նշենք, որ 2000-ից 2013 թվականներն Արևմուտքի հետ հարաբերությունները բարելավելու կողմնակիցների թիվը մշտապես գերազանցել է 70 տոկոսի շեմը, իսկ 2010 թվականին կազմել է 78 տոկոս:

«Արդյո՞ք արևմտյան պատժամիջոցները խնդիրներ են ստեղծել ձեր և ձեր ընտանիքի համար», - այս հարցին ընդամենը 3 տոկոսն է պատասխանել «այո, շատ լուրջ», 15 տոկոսը պատասխանել է «այո, բավական լուրջ», 45 տոկոսը նշել է, որ լուրջ խնդիր չի ստեղծել, իսկ 33 տոկոսի փոխանցմամբ` «պատժամիջոցները բացարձակ որևէ ազդեցություն չեն գործել»:

Մինչդեռ, Մեծ Բրիտանիայի հետախուզության ծառայության՝ MI5-ի տնօրեն Էնդրյու Փարքերը, Reuters-ի փոխանցմամբ, երեկ Բեռլինում հայտարարել է, որ Ռուսաստանին սպառնում է հետագա մեկուսացում: Դա MI5 ծառայության ղեկավարի առաջին ելույթն էր արտասահմանում:

Մասնակցելով եվրոպացի պաշտոնակիցների հետ Գերմանիայի մայրաքաղաքում գումարված համաժողովին՝ Փարքերն ասել է, որ Լոնդոնը չի ցանկանում սրել հարաբերությունները Մոսկվայի հետ, «սակայն Ռուսաստանի ագրեսիվ և վնասակար գործողությունները, ապատեղեկատվության և ստերի տարածումը չի կարող հանդուրժել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG