Մատչելիության հղումներ

Վրաստանի ներքին գործերի նախարարը ներողություն է խնդրել ոստիկանական հատուկ գործողությունների համար


Վրաստան -- Բողոքի ակցիա Թբիլիսիում, 13-ը մայիսի, 2018թ․

Անցած հանգստյան օրերին Թբիլիսիում տեղի ունեցած բողոքի ակցիաները մարեցին այն բանից հետո, երբ Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան ստիպված եղավ ներկայանալ մայրաքաղաքի կենտրոնում հավաքված հազարավոր ցուցարարներին և հրապարակավ ներողություն խնդրել գիշերային ակումբներում տեղի ունեցած ոստիկանական հատուկ գործողությունների համար:

Գախարիան նախ խոստացավ պատժել բոլոր այն ոստիկաններին, ովքեր գերազանցել են իրենց լիազորությունները, ապա հավաստիացրեց, թե կվերանայի Վրաստանում թմրանյութերի նկատմամբ վերահսկողության քաղաքականությունը: Այս հայտարարություններից հետո Ցուցարարները որոշեցին ցրվել, հայտարարելով, որ իշխանությունների կողմից հստակ քայլերի բացակայության դեպքում մեկ շաբաթ անց նոր թափով կվերսկսեն բողոքի ցույցերը:

Թբիլիսիում աննախադեպ զանգվածային բողոքի գործողությունների դրդապատճառը մայիսի լույս 12-ի գիշերը քաղաքի խոշորագույն ակումբներում ոստիկանական հատուկ գործողություններն էին, որոնց նպատակը թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց հայտնաբերումն ու ձերբակալումն էր: Վրաց իրավապահների հաղորդմամբ՝ ոստիկանական հատուկ գործողությունների պատճառ է դարձել մի խումբ երիտասարդների ողբերգական մահը: Առնվազն 5 մարդ է մահացել, ավելի քան 10 մարդ՝ թունավորվել թմրանյութերի օգտագործման հետևանքով: Հաղորդվում է 8 ձերբակալվածի մասին, որոնց մոտ հայտնաբերվել են վաճառքի համար նախատեսված արգելված նյութեր:

Գիշերային ակումբների հաճախորդները պնդում էին, որ իրավապահները բիրտ և ոչ համարժեք ուժ էին կիրառել՝ հաճախ մարդկանց բերման ենթարկել բռնի ձևով:

Ի նշան բողոքի մի խումբ երիտասարդներ ակումբներից երթով շարժվել են դեպի խորհրդարանի շենքը` արգելափակելով քաղաքի կենտրոնական Ռուսթավելիի պողոտան, որտեղ բողոքի մասնակիցները թիվը ժամ առ ժամ ավելանում էր՝ հաջորդ օրը վերածվելով արդեն բազմահազարանոց բողոքի ցույցի:

Ակցիայի կազմակերպիչները պահանջում էին ոչ միայն ներքին գործերի նախարարի, քաղաքապետի, այլ նաև վարչապետի հրաժարականը։

Վրաստանում թեթև թմրամիջոցների օրինականացման և թմրամիջոցների հանդեպ պետական քաղաքականության ազատականացման օգտին հանդես եկող կազմակերպություններից մեկի առաջնորդ Բեկա Ցիկարիշվիլիի համոզմամբ՝ երկրի իշխանությունները այդ գործողություններով փորձում են վախի մթնոլորտ հաստատել: Ակտիվիստի խոսքերով տեղի ունեցածը «ուժի ցուցադրություն էր, որն ուղեկցվել է մարդու իրավունքների զանգվածային ոտնահարմամբ»:

Ցիկարիշվիլիի գլխավորած «Սպիտակ աղմուկ» շարժումը պնդում է, որ նարկոքաղաքականության ազատականացման պարագայում պետություն կկարողանա ավելի լավ վերահսկել իրավիճակը, մասնավորապես, թմրանյութերի շուկայում իրացվող ապրանքի որակը, ինչն էլ էականորեն կկրճատի դժբախտ դեպքերի քանակը:

«Ազատություն» ռադիոկայանի վրացական ծառայությունը փոխանցում է, որ ցուցարարների և իշխանությունների միջև այսօր տեղի ունեցած բանակցություններն ավարտվել են կողմերի միջև պայմանավորվածությամբ․ կստեղծվի աշխատանքային երկու խումբ, որոնցից մեկը կզբաղվի նարկոքաղաքականության ոլորտի բարեփոխումներով, մյուսը՝ գիշերային ակումբներում ոստիկանական հատուկ գործողությունների արդյունքում թույլ տրված խախտումների հետաքննությամբ:

Ի դեպ, մայրաքաղաքում բողոքի աննախադեպ ցույցերի ֆոնին երկրի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլիի որդին՝ ռեփեր Բերան, թողարկել է իր նոր երաժշտական կատարումը՝ լեգըլայզ անվանմամբ: Երգի տեքստում Բերան նույնպես պահանջում է օրինականացնել մարիխուանան, ընդգծելով, թե բնական ծագման այդ բույսը նվազ վնասակար է առողջության համար քան սինթետիկ թմրամիջոցները:

«Ես ներկայացնում եմ մի սերունդ, որն այլևս չի վախենում կառավարությունից: Քաղաքը կանեփի գույներով, թմրանյութեր վաճառողները սպանում են այնքան մարդու՝ պահանջում ենք ազատականացում»,- ասվում է Վրաստանի իշխող ուժի առաջնորդ, նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի որդու՝ Բերայի հեղինակած երգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG