Մատչելիության հղումներ

Բաղրամյան գյուղի դպրոցի տնօրենը ստիպված է եղել հրաժարվել պաշտոնից


Ինչպես «Ազատությանը» փոխանցեց Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի ղեկավար Գոռ Միրզոյանը, գյուղի դպրոցի տնօրեն Շուշանիկ Ոսկանյանն իր դեմ բարձրացած բողոքի արդյունքում այսօր հրաժարվեց տնօրենի պաշտոնից։

Վաղ առավոտից դպրոցականներն ու նրանց ծնողները դպրոցի բակում էին հավաքվել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը։ Պնդում էին, թե անցած տարիներին տնօրենը որպես կաշառք նվերներ և գումար էր պահանջում իրենցից, և հատկապես իշխանափոխությունից հետո իրենց համբերության բաժակը լցվել էր:

Մեկը մյուսին հերթ չտալով գյուղի դպրոցականների ծնողները ներկայացնում էին տարիներ շարունակ իրենցից գումար պահանջող տնօրեն Շուշանիկ Ոսկանյանի՝ իրենց քննադատությանն արժանացած գործունեությունը․ - «Հիգիենան ընդհանրապես բացակայում ա: Ջուր չկա: Էրեխեքը նախակրթարանի տուալետները մտնում են, հետո առանց լվացվել են գնում են ճաշարան սնվում են: Ճաշն էլ՝ խոզի կեր: Երեխեքին խաշած բրինձ են տալիս»:

Աշակերտները նաև բողոքում էի կադրերի բացակայությունից՝ մի ուսուցիչը մի քանի առարկա է դասավանդում․ - «Օրինակ, քիմիայի ուսուցիչը տալիս ա նաև տեխնոլոգիա, մայրենիի ուսուցիչը տալիս ա կերպարվեստ»:

Աշակերտներից Արև Ստեփանյանը պատմում էր, որ տնօրինության անփութության պատճառով չի մասնակցել հանրապետական օլիմպիադայի:

Մեր այցելության պահին հնարավոր չեղավ հանդիպել արդեն նախկին տնօրեն Ոսկանյանին, տնօրենի աշխատասենյակի դուռը կողպված էր։

Նույնաբովանդակ ակցիա այսօր անցկացվեց Երեւանի թիվ 127 մանկապարտեզի շենքի առջև։ Մի շարք ծնողներ պահանջում են երեք ամիս առաջ նշանակված տնօրեն Գայանե Սարոյանի հրաժարականը։

Ծնողերը պնդում են, որ տնօրեն Սարոյանը պարտադրում է իրենց ավարտական լուսանկարի համար օգտվել իր ծանոթ լուսանկարչի ծառայություններից, որն ավելի թանկ է։

Այլ խնդիրներ ևս կան, ասում էին ծնողները։ Պնդում էին, որ բողոքող ծնողների երեխաներին օրեր առաջ միջոցառման չեն տարել․ - «Երկու օր հետո վրեժը հանեց: Իմ էրեխեն ինչի՞ պիտի լացեր, ինչի՞ պետք ա չգնար էդ միջոցառմանը մասնակցեր»:

Ի պաշտպանություն վերադասի՝ դաստիարակները հակառակն էին պնդում․ - «Մեր մանկապարտեզում գոյություն ունի խմբակային աշխատանք: Այս անգամ էս խմբին են տարել, ուրիշ անգամ մեկ այլ խմբի կտանեն»:

Օրվա ընթացքում երեխաներին բավարար քանակությամբ ջուր չեն տալիս, ասում են թիվ 127 մանկապարտեզի ծնողներից ոմանք։

Ի վերջո, մանկապարտեզ ժամանեցին Շենգավիթի թաղապետարանի ներկայացուցիչները։ Որոշվեց վաղը ժողով հրավիրել ողջ խմբի ծնողների մասնակցությամբ և քննարկել բոլոր հարցերը։

Տնօրեն Գայանե Սարոյանը, սակայն, պնդում է, թե ծնողների խոսքերն իրականությանը չեն համապատասխանում․ - «Էդ ամբողջը զրպարտանք ա»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG