Մատչելիության հղումներ

«Քննությունը պարզել է՝ դանակահարողն իմ եղբորորդին չի եղել». Վալերի Օսիպյան


«Մենք անելու ենք ամեն ինչ՝ արատավոր երևույթները ոչնչացնելու համար», - այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանի ոստիկանապետ Վալերի Օսիպյանը։

«Ես արդեն հանդիպել են ոստիկանության մի քանի կարևոր ստորաբաժանումների հետ, հենց այն ստորաբաժանումների, որ մեր հասարակության մեջ կարծիք կա ձևավորված, որ հենց այդտեղ է կոռուպցիան թաքնված՝ ճանապարհային ոստիկանություն, արտաքին ծառայություն, և ուղղակի վստահ եմ, որ իմ գործընկերները ըմբռնումով մոտեցան, մենք գծեցինք կարմիր գիծ։ Ես փաստ չունեմ, չեմ տեսել, բայց և չեմ էլ բացառում, որ եղել են նման դրսևորումներ, բայց մենք նոր էջից ենք էս ամենը սկսում, ովքեր հասկացան՝ փառք ու պատիվ իրենց, ովքեր չէ՝ ցավում եմ, բայց պատժվելու են օրենքով, ուղղակի պատժվելու են», - ասաց Օսիպյանը։

Փաշինյանը առաջարկություն ներկայացրեց Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնում նշանակել Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանին, նախագահը ստորագրեց հրամանագիրը։ Ոստիկանապետի առաջ վարչապետի դրած առաջին խնդիրը կոռուպցիան համակարգից արմատախիլ անելն է։

Ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակումը «խայտառակ որոշում» որակեց իրավապաշտպան Արթուր Սաքունցը։ «Ես խիստ բացասական եմ գնահատում այդ նշանակումը, ինչո՞ւ, որովհետև հենց ինքն այն անձանցից է, որն անմիջապես ներկա է եղել, ղեկավարել է ոստիկանության գործողությունները բազմաթիվ ցույցերի, բողոքի ակցիաների ժամանակ՝ թե՛ 2008 թվականին, թե՛ 2013 թվականին՝ Շանթ Հարությունյան, դեկտեմբերի 2-ին, պարտադիր կենսաթոշակային վճարումների հետ կապված, բազմաթիվ, բազմաթիվ միջոցառումներ, և մենք տեսել ենք, որ այդ բոլոր բողոքի ցույցերի ժամանակ տասնյակ հարյուրավոր քաղաքացիներ ապօրինի բերման են ենթարկվել Ոստիկանության բաժիններ, ընդհուպ մինչև Ոստիկանության ներքին զորքերի ծառայության զորամասեր։ Անձը, որն անմիջականորեն, նորից եմ կրկնում, ղեկավարել է և կառավարել է ոստիկանության գործողություններն այդ բողոքի ցույցերի ընթացքում, նշանակել ոստիկանության պետ, իմ մոտ հարցեր է ծագում և լուրջ մտահոգություն, ի դեպ, որի եղբոր որդու կողմից դանակահարության այդ խայտառակ պատմությունը նույնպես հիշում եք։ Օսիպյանին ընդհանրապես պետք է հանել օրակարգից», - ասաց Սաքունցը։

Անդրադառնալով իր եղբորորդու հետ կապված դեպքին՝ Օսիպյանն ասաց. - «Այդ կռիվը, ծեծկռտուքն իր պատճառով է եղել, բայց դանակահարության մասով, վստահեցնում եմ Ձեզ, ինքը չկա, և դա քննության ընթացքում պարզվել է, պարզվել է, որ ինքը չի»։

Օսիպյանը միևնույն ժամանակ նշեց՝ պարտավոր չէ իր եղբորորդու համար ինքը պատասխանատվություն կրել։

«Հաջորդն ասեմ՝ ինքն իմ հարազատն է, ես պարտավոր չեմ նախևառաջ պատասխան տամ։ Յուրաքանչյուրն էլ ունի հարազատներ: Ճիշտ է, ես դրանից չեմ հրաժարվում, ինքը ստացել է իր արժանի պատիժն իմ կողմից, բայց ես նաև պարտավոր էլ չեմ իր համար պատասխանատվություն կրել», - ասաց ոստիկանապետը։

Հիշեցնենք՝ 2014 թվականի հունիսի 1-ին դանակահարված 22-ամյա Վանուշ Ալեքսանյանը զրկվել է փայծաղից ու հայտնվել վերակենդանացման բաժանմունքում` եղբոր պատիվը պաշտպանելու համար: Այն ժամանակ լուրեր էին շրջանառվում, թե Վանուշ Ալեքսանյանին վիճաբանության ժամանակ դանակահարողը Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանի եղբորորդին էր:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG