Սփյուռքի նախարարությունում կադրային ջարդ չի սպասվում, սակայն փոփոխություններ կլինեն։ Այդ մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց Սփյուռքի նորանշանակ նախարար Մխիթար Հայրապետյանը։
Նիկոլ Փաշինյանի կառավարության ամենաերիտասարդ նախարարը՝ 27-ամյա Հայրապետյանը վստահեցրեց, թե ոլորտում փոփոխություններն ակնհայտ են լինելու։
«Ինչպես ես, այնպես էլ իմ թիմը փոխել ենք իշխանությունը, և հավատացնում եմ ձեզ, որ մենք կկարողանանք փոխել և՛ կոռուպցիան, և՛ կեղծիքը, և, իսկապես, շոշափելի փոփոխություններ բերել այն ընթացքում, որ կպաշտոնավարենք։ Դրանք կլինեն ամիսներ, թե ավելի երկար, ես դեռ չգիտեմ, բայց, անշուշտ, մեր պաշտոնավարումից հետո նրանք, ովքեր կգան մեզ փոխարինելու, կունենան բոլորովին որակական այլ գերատեսչություններ, պրոֆեսիոնալ կառավարմամբ ու պրոֆեսիոնալ թիմով», - ասաց Հայրապետյանը։
Հարցին, թե արդյոք Սփյուռքի նախարարությունում եղել են կոռուպցիոն ռիսկեր, նորանշանակ նախարարը պատասխանեց. - «Կարծում եմ, սա իմ անձնական կարծիքն է, որ Հանրապետական կուսակցության իշխանավարման օրոք չի եղել որևէ գերատեսչություն, որտեղ չի եղել կոռուպցիա։ Ես հույս ունեմ, որ սխալված կլինեմ»։
«Ազատության» հարցին, թե ինչու հենց իրեն վստահեցին այս պաշտոնը, նախարարը պատասխանեց. - «2-3 տարի ղեկավարել եմ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության սփյուռքի հետ կապերի բաժինը։ Եղել եմ մեկը, ով քաջատեղյակ է եղել խնդիրներին, ով ունեցել է լուծումների վերաբերյալ պատկերացումներ: Հիմնականում այս գործոնն է եղել, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և մեր քաղաքական թիմը ինձ առաջարկել են ստանձնել այս անչափ կարևոր ու պատասխանատու պաշտոնը»:
Սփյուռքի նախարարն իրատեսական է համարում միլիոնավոր հայերի հայրենադարձությունը, սակայն կարծում է, թե միայն Սփյուռքի նախարարությունը չէ, որ ունի անելիքներ. - «Եթե մենք մեր լավագույնը անենք, դա բավարար չի լինի, որովհետև առհասարակ երկրում հարկավոր է հաստատել օրինականություն, երկրում հարկավոր է շատ անողոք պայքար մղել կոռուպցիայի դեմ, երկրում պետք է պաշտպանվեն ներդրողների, բիզնեսմենների շահերը, պետք է հավասար մրցակցային պայմաններ հաստատվել բոլոր խաղացողների համար»:
2017 թվականին նախկին նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարության կապակցությամբ, թե 2040 թվականին Հայաստանի բնակչությունը հասնելու է 4 միլիոնի, Հայրապետյանն ասաց․ - «Ես իրատեսական եմ համարում, որ դա կարելի է անել մեր իշխանությունների օրոք»:
«Ազատության» հարցին, թե Սփյուռքի նախարարությունում ինչ խնդիրներ է նկատել, նորանշանակ նախարարն արձագանքեց. - «Պետք է փոփոխել, օրինակ, հայ համայնքների հետ կապի, հարաբերվելու որակը, մակարդակը։ Հայ համայնքները, ըստ իս, չեն արժանացել այն ուշադրությանը, որին պետք է արժանանային։ Որովհետև մենք ունենք մի ամբողջ նախարարություն, բայց մենք կապվում ենք հայկական գաղթոջախների հետ ու պարզվում է, որ շատերի հետ անգամ մի հասարակ տեսակապ չի հաստատվել մեր գերատեսչության կողմից։ Պետք է փոխվի շատ բան»։
Որպեսզի սփյուռքը ներգրավված լինեի նաև Հայաստանի քաղաքական գործընթացներում, նորանշանակ նախարարն առաջարկում է ձևավորել երկպալատ խորհրդարան։ Երկրորդ պալատը, նրա պատկերացմամբ, պետք է կազմված լինի բացառապես սփյուռքի գաղթօջախների ներկայացուցիչներից․ - «Այս և բազմաթիվ այլ կերպ կփորձենք և, կարծում եմ, կկատարենք ներառական գործընթացներ սփյուռքի մեր հայրենակիցներին ներգրավվելու նաև քաղաքական որոշումների մի մասով։ Իհարկե ներդրումների մասով չափազանց կարևոր է, ու մենք մեծ հույսեր ենք կապում սփյուռքի մեր բարերարների, հայրենակիցների հետ, բայց և ուզում ենք նաև ավելի սերտացնել կապերը սփյուռքի հետ նաև որոշումների կայացման պրոցեսում»։
Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար Ֆիրդուս Զաքարյանն «Ազատության» հետ զրույցում ասաց՝ թեև իր համար անակնկալ էր երիտասարդ նախարարին այս պաշտոնին նշանակելը, սակայն հույսեր կապում են նրա հետ․ - «Ճիշտն ասած մտքովս չէր անցնում, որ երիտասարդ նախարար կարող էր լինել, որովհետև այս աշխատանքում շատ կարևոր է փորձը սփյուռքի հետ աշխատանքի և այլն: Բայց երիտասարդությունը հենց այն ուժն է, որ կարող է հաղթահարել այդ փորձն ու արագ յուրացնել»։