Մատչելիության հղումներ

«Այս փուլում մենք պետք է ամեն կերպ աջակցենք հեղափոխությանը»․ Չուգասզյան


Գարեգին Չուգասզյան, Երևան, 12-ը մայիսի, 2018 թ․

Երեկ դատախազի որոշմամբ կալանքից ազատ արձակված՝ «Հիմնադիր խորհրդարանի» նախագահ Գարեգին Չուգասզյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց՝ ավելի քան երկու շաբաթ առաջ սկսած հացադուլը չի դադարեցնի՝ մինչև ազատ չարձակվեն քաղբանտարկյալները, համաներում չհայտարարվի անհամաչափ պատիժ ստացած անձանց նկատմամբ և չձևավորվեն անցումային հանձնաժողովներ՝ այս հարցերը լուծելու համար։

«Դրա համար հարկավոր է, որ բոլոր այն մարդիկ, քաղաքական գործիչները, որոնք այս կամ այն պատճառով հայտնվել են բանտում, ազատվեն: Եվ էդ պրոցեսը, ինչպես տեսնում եք՝ արդեն սկսվել է»,- ասաց Չուգասզյանը: Նրա պնդմամբ՝ իր պահանջներն առաջիկայում կբավարարվեն։ Ասաց, թե օրեր առաջ իրեն բանտում այցելած «Ելք» խմբակցության նախկին պատգամավոր, երեկ առաջին փոխվարչապետ նշանակված Արարատ Միրզոյանը հավաստիացրել է, թե քաղբանտարկյալներն ազատ կարձակվեն։

«Պրոցեսը սկսվել է Անդրիաս Ղուկասյանի ազատումով, երեկ շարունակվեց իմ ազատումով, և նոր իշխանությունը վստահեցրել է, որ այդ պրոցեսը շարունակություն է ունենալու առաջիկա օրերին»,- ասաց Չուգասզյանը:

Հիմնադիր խորհրդարանի նախագահն իր գաղափարակից ընկերների՝ «Սասնա ծռերի» կողմից 2016-ի հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքի գրավումից հետո անցել էր ընդհատակ: Այսօր նա ասաց, որ Հայաստանում էր թաքնվում և այդ քայլին էր գնացել, քանի որ տեսել էր, թե իշխանությունն ինչ ճնշումներ է գործադրում իր գաղափարակիցների վրա։ Չուգասզյանն ընդհատակից դուրս եկավ ապրիլի 23-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ժողովրդական շարժման արդյունքում վարչապետի պաշտոնից հրաժարական տվեց Սերժ Սարգսյանը։

Այսօրվա իշխանությունները, Չուգասզյանի խոսքով՝ իրենց դաշնակիցներն են, իսկ Փաշինյանի նախաձեռնած իշխանափոխությունն էլ՝ «պատմական իրադարձություն»։ «Այս փուլում մեր դերը պետք է լինի՝ ամեն կերպ աջակցել այս հեղափոխությանը»,- հայտարարեց «Հիմնադիր խորհրդարանի» նախագահը:

Նրա պնդմամբ՝այժմ ՀՀԿ-ի կողմից տարբեր ուղղություններով նենգադուլի փորձեր են կատարվում՝ հանրությանը Փաշինյանի կառավարության դեմ տրամադրելու համար․ «Սաբոտաժ է գնում Հանրապետականի կողմից»: Ինչ վերաբերում է «Սասնա ծռերին» ապա, Չուգասզյանի խոսքով՝ նրանք պետք է ազատ արձակվեն կալանքից և «իրական արդարադատություն պետք է տեղի ունենա», որի ընթացքում կպարզվեն նաև գնդի տարածքի գրավման ընթացքում զոհված երեք ոստիկանների մահվան հանգամանքները։

Գարեգին Չուգասյանը նաև ասաց՝ «Հիմնադիր խորհրդարանը» երբեք կողմ չի եղել զենքի միջոցով անհնազանդության գործողություններին, բայց այդ ճանապարհն ընտրեց ապրիլյան պատերազմից հետո 800 հեկտար հողի կորստի մասին տեղեկությունները ստանալուց և ղարաբաղյան հակամարտության հարցում զիջումների մասին խոսակցությունների շրջանառումից հետո։ Ասաց նաև, որ ՊՊԾ գնդի տարածքի գրավման ժամանակ ճիշտ չէր Նիկոլ Փաշինյանին Խորենացի փողոցում տեղի ունեցող հանրահավաքներից հեռացնելը։

Ապրիլի 24-ին կալանավորված Չուգասզյանին ազատ արձակելու միջնորդությամբ էին հանդես եկել «Ելք» խմբակցության պատգամավորներ Արարատ Միրզոյանը և Լենա Նազարյանը՝ անձնապես երաշխավորելով, որ ազատության մեջ Չուգասզյանը կդրսևորի պատշաճ վարքագիծ և չի խուսափի քրեական վարույթն իրականացնող մարմին ներկայանալուց: Չուգասզյանը, հիշեցնենք, 2016 թվականի հուլիսից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեղադրանքով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG