Մատչելիության հղումներ

«Չկա մի մարդ, ով ինձ կպարտադրի հեռանալ»․ Ռուբեն Հայրապետյան


ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյան, Երևան, 12-ը մայիսի, 2018 թ․

Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը, անգամ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո, մտադիր չէ հրաժարվել ֆեդերացիայի ղեկավարի պաշտոնից: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը նախկին հանրապետական պատգամավորն ասաց, որ իրեն ոչ ոք չի կարող հեռացնել:

«Ո՞նց եք պատկերացնում, որ պետք ա ձեր ասելով կամ ինչ-որ մեկի ասելով ես հեռանամ: Ես խնդիր ունեմ լուծելու, երբ կլուծեմ կավարտեմ, այն ժամանակ ես ինքս կորոշեմ՝ ինչ կանեմ: Ու չկա մի մարդ, որ կարա ինձ պարտադրի՝ ես հեռանամ»,- ասաց Հայրապետյանը:

Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ պայքարը գլխավորած Նիկոլ Փաշինյանը մեկ ամիս առաջ երևանյան քայլերթերի ընթացքում, որպես հայկական ֆուտբոլում առկա վատ վիճակի խորհրդանիշ, ծակ ու ցեխոտ գնդակ էր նետել Ֆուտբոլի ֆեդերացիայի շենքի ուղղությամբ՝ Սերժ Սարգսյանի քաղաքական թիմի ներկայացուցիչ Հայրապետյանին կոչ անելով թողնել ՀՖՖ ղեկավարի պաշտոնը:

Մինչդեռ Ռուբեն Հայրապետյանն այսօր ևս հայտարարեց՝ ինքը չի ասել, որ եթե հավաքականը հաջորդ մրցաշրջանում դարձյալ ձախողվի, հեռանալու է ՀՖՖ ղեկավարի պաշտոնից: Իրեն ուղղված հրաժարականի կոչի հետ կապված մեկնաբանություններ էլ առաջարկեց ստանալ հենց վարչապետ Փաշինյանից․ «Ես չգիտեմ՝ ինքը ինչի համար է արել այդ [հայտարարությունը]»:

Հայրապետյանը հույս հայտնեց, որ նոր իշխանությունները, որպես ֆուտբոլասեր, կաջակցեն ֆուտբոլին, ինչպես դա անում էր պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը: «Նոր իշխանությունները նույնպես ֆոտբոլասեր են և կաջակցեն: Իհրակե՝ չեն կարող այնպես սիրեն [ֆուտբոլը], ինչպես Սերժ Սարգսյանն է սիրել, բայց, այնուամենայնիվ, կսիրեն»,- լրագրողներին ասաց Ռուբեն Հայրապետյանը:

ՀՖՖ նախագահն այսօրվա ասուլիսին անդրադարձավ նաև «Շիրակ» ֆուտբոլային ակումբի մարզչի կողմից «Բանանց»-ի ֆուտբոլիստին կաշառելու միջոցով «պայմանավորված խաղ» կազմակերպելու փորձին: Հայրապետյանը վստահեցնում է՝ առկա են դա ապացուցող բավարար փաստեր, և եթե համապատասխան պատիժ չլինի, նման դեպքերը կրկնվելու են:

Չնայած «Շիրակ» ակումբի պնդումներին, որ իրենք տեղյակ չեն եղել գործարքի մասին, այդուհանդերձ, 5 հազար դոլարի դիմաց «Շիրակի» հաղթանակին նպաստելու առաջարկի համար ոչ միայն թիմի մարզիչն է ցմահ հեռացվել ֆուտբոլից, այլ նաև ՀՖՖ-ի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել՝ Գյումրին ներկայացնող ակումբին տուգանվել 7 միլիոն դրամով ու զրկել 12 միավորից, ինչն այդ թիմին կզրկի առաջնությունում հաղթելու հնարավորությունից:

Պատասխանելով «Շիրակի» երկրպագուների պնդումներին, թե թիմին պատժել պետք չէ, ֆեդերացիայի նախագահն ասաց՝ ակումբն է պատասխանատու նման դեպքերում: «Եթե երկրպագուի արարքի համար պատասխան է տալիս ակումբը, աշխատողի համար ինչի՞ չպիտի տա»,- հարց հնչեցրեց Ռուբեն Հայրապետյանը:

Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում Վարդան Մինասյանի վերադարձից հետո՝ օրեր առաջ հրապարակվեց առաջիկա ընկերական խաղերի համար հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը: Նոր անունների թվում է նաև հարձակվող Յուրա Մովսիսյանը, ով ֆեդերացիայի նախագահի կողմից «անկարգապահ» հռչակվելուց հետո երկար ժամանակ չէր հրավիրվում հավաքական:

«Մարզիչն ինձնից պահանջել ա, ես քարտ-բլանշ եմ տվել, ինքն ինչ ուզում ա՝ թող անի: Հարցը տվեք մարզիչին, ինքը կպատասխանի՝ ինչ համար է հրավիրել Մովսիսյանին»,- ասաց ՀՖՖ նախագահը: Հայրապետյանի խոսքով՝ մարզչի առաջ դրված է միայն մեկ խնդիր՝ հավաքականը հասցնել Եվրոպայի հաջորդ առաջնության խմբային փուլ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG