Մատչելիության հղումներ

Գյումրիում ներդրողները սպասում են նոր կառավարության ձևավորմանը


Գյումրի, արխիվ

«Իսրայել-Հայաստան» առևտրի պալատը, ի դեմս «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերության, սպասում է կառավարության ձևավորմանը՝ Գյումրիում լոգիստիկ ազատ տնտեսական գոտու ստեղծման աշխատանքները սկսելու համար։

Իսրայելական կողմը դեռ անցած տարվանից է ազատ տնտեսական գոտու ստեղծման շուրջ բանակցություններ վարել Հայաստանի կառավարության հետ և ձեռք բերել համաձայնություն: Փետրվարին «Լոջիստիք Էֆ Թի Զի»-ն Գյումրիի քաղաքապետարանի հետ հուշագիր էր ստորագրել, սակայն ժամկետների մեջ տեղավորվելու խնդիր է առաջ եկել: Ուստի՝ ուրբաթ օրը ստորագրված նոր համաձայնագրով ժամկետը երկարաձգվեց մինչև դեկտեմբեր։

Հայտը պատրաստ է, ստորագրվելիք համաձայնագրի նախնական տարբերակը նույնպես, լրագրողներին հայտնեց ազատ տնտեսական գոտու ծրագրի նախաձեռնող խմբի ներկայացուցիչ և «Լոջիստիք Էֆ Թի Զի» ընկերության տնօրեն Հայկ Մաղաքյանը, հավելելով, որ սպասում են նոր կառավարության վերջնական ձևավորմանը։

Մաղաքյանն ասաց նաև, որ նախորդ կառավարությունը հավանություն տվել էր ծրագրին, և չի կարծում, որ նոր կառավաությունը խնդիրներ կստեղծի դրա իրականացման համար: Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը ևս կարծիք հայտնեց, որ նախորդ կառավարության կողմից Գյումրիում սկսված ծրագրերը կշարունակվեն։ «Ո՞նց կարող են նման ծրագրերը չշարունակվել, չի կարող որևէ ծրագիր խաթարվել կադրերի փոփոխության պատճառով: Իսկ այս ծրագիրը Հայաստանի համար շատ կարևոր է»,- ասաց Բալասանյանը:

Եթե ծրագրի իրականացման փաստաթղթերը ստորագրվեն, արդեն կսկսեն բանակցել շուրջ 350 հեկտար հողատարածքի վրա կառուցվելիք լոգիստիկ կենտրոնի հնարավոր ռեզիդենտների հետ։ «Հայաստանը, լինելով ԵՏՄ անդամ, հետաքրքրություն է ներկայացնում միջազգային խոշոր լոգիստիկ ընկերությունների համար: Մեր հաշվարկներով ավելի քան 30 խոշոր ընկերոթյուններ պետք է գան և սկսեն գործունեությունը ազատ տնտեսական գոտու տարածքում»,- ասաց Հայկ Մաղաքյանը: Լոգիստիկ կենտրոնի շինարարական աշխատանքները, ամենայն հավանականությամբ, կմեկնարկեն սեպտեմբերին:

Ներդրումները որքան են կազմելու և արդյո՞ք Գյումրին իր ներկայիս ենթակառուցվածքներով՝ օդանավակայանով, ճանապարհներով պատրաստ է սպասարկել լոգիստիկ կենտրոնի շահառու ընկերություններին, հարց ուղղեցինք Հայկ Մաղաքյանին: Նրա խոսքով՝ ներդրումների մասին այս պահին խոսելը դեռ վաղ է, խոսքը, մոտավորապես, «մի քանի հարյուր միլիոն դոլարի» մասին է: Ինչ վերաբերում է ենթակառուցվածքներին, ապա դրանք «արդեն այսօր պատրաստ են լոգիստիկ գործառույթներ իրականացնել»:

Իսրայել-Հայաստան առևտրի պալատի նախագահ Ցվի Կան-Տորը փետրվարին Գյումրիում հայտարարել էր, թե նպատակ ունեն աշխատել ինտերնետային առևտրի ոլորտի խոշոր ցանցային ընկերությունների, օրինակ, Amazon-ի կամ DHL-ի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG