Անցած գիշեր Թբիլիսիի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել մի քանի հարյուր երիտասարդների և ոստիկանության ստորաբաժանումների միջև: Իրավիճակը սրվել է այն բանից հետո, երբ վրացական ոստիկանությունը միաժամանակյա լայնածավալ գործողություն է իրականացրել Թբիլիսիի հինգ գիշերային ակումբներում` այցելուների շրջանում թմրամիջոցների վաճառքով զբաղվող անձանց ձերբակալելու նպատակով:
Գործողության ընթացքում ութ մարդ է ձերակալվել, իսկ ակումբների գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցվել է: Երիտասարդները, սակայն, հրաժարվել են լքել ակումբներին հարող տարածքը` բախումներ հրահրելով ոստիկանության ներկայացուցիչների հետ:
Կեսգիշերին բողոքի ակցիան տեղափոխվել է Վրաստանի խորհրդարանին հարող տարածք, որտեղից ոստիկանությունը ևս մի քանի հոգու է բերման ենթարկել, այդ թվում «Նոր քաղաքական կենտրոն-Գիրչի» կուսակցության առաջնորդ Զուրաբ Ջափարիձեին: Նրա ղեկավարած քաղաքական ուժը հանդես է գալիս Վրաստանի տարածքում թեթև թմրանյութերի օրինականացման օգտին: