Մատչելիության հղումներ

Փաստաբաններն առանցքային են համարում դատական համակարգի բարեփոխումը


«Ազատության» հետ զրույցում մի խումբ փաստաբաններ համոզմունք հայտնեցին, որ առանց դատական համակարգի փոփոխության անհնար է Հայաստանում արդարադատություն հաստատել:

Մի շարք աղմակահարույց գործերով հայտնի փաստաբան Ինեսսա Պետրոսյանի կարծիքով, այսօր դատական համակարգում մարդիկ են, որոնք տարիներ շարունակ հեռու են եղել արդարադատությունից, չեն գործել անկախ, և նրանց ներկայությունը համակարգում պարզապես վտանգավոր է․ - «Բոլոր քայլերը ուղղված են եղել սեփական ժողովրդի դեմ, նրանց դեմ գործեր են սարքվել նույն այդ ծառայությունների կողմից, որոնք հետագայում հաստատել են դատարանները: Ես գտնում եմ, որ նրանք պետք է իրոք անհապաղ հրաժարականի դիմումներ ներկայացնեն: Այլապես դժվար է հավատալ․ այն մարդիկ, ում մեջ ստրուկն է նստած եղել, ովքեր կամակատար են եղել, նրանք հանկարծ վերափոխվեն և դառնան արդարադատություն իրականացնողներ»:

Առաջին հերթին, Պետրոսյանի կարծիքով, պետք է հրաժարականի դիմում ներկայացնի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Փաստաբանը թվարկեց մարդկանց անուններ, որոնց նկատմամբ իրավապահներն անձնական հաշվեհարդարներ են տեսել․ - «Այն դատախազը, որը արդեն իսկ պատրաստել էր միջնորդություն, որպեսզի դիմեր Ազգային ժողով և Նիկոլ Փաշինյանին կալանքի վերցնել․․․ Դա, կարծում եմ, արդեն իսկ խոսում է այն մասին, որ նա պետք է անհապաղ ներկայացներ այդ հրաժարականի դիմումը»:

Քաղաքական աղմհակահարույց գործերով հայտնի մեկ այլ փաստաբան Լուսինե Սահակյանի կարծիքով, քանի դեռ դատավճիռները կայացվում են հրահանգներով ու պատվերներով, Հայաստանում արդարադատություն չի հաստատվի:

Սահակյանն ընդգծում է, որ դժվար է լինելու նաև համակարգը նոր կադրերով համալրելը: Իսկ դրան հասնելու համար, ըստ փաստաբանի, հրատապ է Վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանի հրաժարականը․ - «Եթե Արման Մկրտումյանը շարունակի պաշտոնավարել, ես կհամարեմ, որ Հայաստանի Հանրապետությունում ոչինչ չի փոխվել: Եթե դատարանները փոխվեն, եթե անկախ դատարաններ լինեն և իրականում անկախ արդարադատություն իրականացնեն, ապա մնացած բոլոր ոլորտներում լինելու են փոփոխություններ: Մենք պետք է հասկանանք, որ դատարանը այն օղակն է, որտեղ վերջ ի վերջո կարող ենք մենք պաշտպանել մեր իրավունքները: Սա տարիների հարց է, սա մեկ օրվա հարց չի: Բայց այսօր կանգնած է լուրջ հարց․ եթե մենք ուզում ենք տեսնել, որ փոփոխություն լինելու է, առաջին քայլը դա պետք է լինի»:

Փաստաբան Հրանտ Գևորգյանը ևս մտահոգություն ունի, որ դժվար է լինելու փոխել դատավորների, դատախազների արդեն իսկ կարծրացած հոգեբանությունը․ - «Մենք չունենք համապատասխան էդքան մասնագետներ, որ կարողանանք հներին փոխարինել նորերով: Պետք է ընդունենք էն փաստը, որ հները հիմնականում չեն կարողացել չկատարել հանձնարարություն: Իսկ նոր իրականության պայմաններում ինչքանով նրանք կկարողանան ձերբազատվել իրենց կարգադրություններից»:

Փաստաբանները պահանջում են նաև Հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանի և Քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրաժարականներըը:

Ի դեպ, Հովսեփյանն ուրբաթ օրը Կառավարության նիստից առաջ լրագրողների հարցին պատասխանելիս ասել էր, որ հրաժարական չի տալու, քանի որ պաշտոնը քաղաքական չէ:

Մինչև թավշյա հեղափոխությունը ձևավորվեց նոր մարմին՝ Բարձրագույն դատական խորհուրդը, որի ղեկավար խորհրդարանի մեծամասնության ձայների շնորհիվ ընտրվեց Սահմանադրական դատարանի նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը: «Ելք» խմբակցությունը թեպետ պնդում էր, որ գաղտնի քվեարկության ժամանակ դեմ են քվեարկել Հարությունյանի թեկնածությանը, այդուհանդերձ ձայների հաշվարկի ժամանակ պարզվել էր, որ «Ելք»-ից էլ կողմ քվերակողներ են եղել: «Ելք»-ը պնդում էր, որ ձայները կեղծվել են:

Խորհրդարանում մեծամասնություն ունեցող ՀՀԿ խմբակցությունը նաև ՍԴ նախագահի պաշտոնում ընտրեց ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Հրայր Թովմասնյանին: Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Ելք» խմբակցությունը հայտարարել էր, որ դեմ է քվեարկել Թովմասյանի թեկնածությանը:

Փաստաբանները հուսով են, որ վերոնշյալ մարդիկ առաջիկայում պարզապես ստիպված կլինեն հրաժարականի դիմում ներկայացնել, իսկ դատական համակարգը կկայանա՝ նոր որակյալ կադրերով համալրվելու շնորհիվ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG