Մատչելիության հղումներ

«Լույսի» փակումն ի ցույց դրեց Սարգսյանի իշխանության հակապետական բնույթը․ Կրթության նորանշանակ նախարար


Աշխարհի առաջատար համալսարաններում ուսանելու համար հայ ուսանողներին դրամաշնորհներ տրամադրող «Լույս» հիմնադրամի փակմանն այսօր անդրադարձել է այդ կազմակերպության հիմնադիր՝ պաշտոնաթող նախագահ Սերժ Սարգսյանը:

«Ակնհայտ է, որ ընթացիկ ծրագրերի ծավալներն օբյեկտիվորեն կրճատվելու, իսկ ոչ կրթաթոշակային ծրագրերը հիմնականում դադարեցվելու են՝ ի նպաստ նոր ուղղություններով իրականացվելիք այլ ծրագրերի»,- ասել է շաբաթներ առաջ իշխանությունից հեռացած Սարգսյանը:

Նրա հայտարարության մեջ նաև նշված է, թե մոտակա օրերին հրավիրվելու է հիմնադրամի գործադիր խորհրդի նիստ` քննարկելու կառույցի ապագային միտված ծրագրերն ու դրանց ֆինանսավորման հնարավորությունները։

2009 թվականին այն ժամանակ նախագահ Սերժ Սարգսյանի ու վարչապետ Տիգրան Սարգսյանի հիմնադրած «Լույս» հիմնադրամի գործունեության դադարեցման մասին երեկ երեկոյան հայտարարեց կառույցի կրթական ծրագրի հիմնադիր-գործադիր տնօրեն Ժաքլին Կարաասլանյանը, նշելով, թե նույն օրը «Լույսի» աշխատակազմին և իրեն ծանուցում է ներկայացվել աշխատանքի դադարեցման մասին։ Այլ տեղեկություններ նրանից ստանալ չհաջողվեց:

«Լույս» հիմնադրամի գործունեությունը դադարեցնելը «մանր սաբոտաժ է», որը ցույց է տալիս Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանության հակապետական բնույթը, կարծում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղաքական թիմի անդամ, կրթության և գիտության նորանշանակ նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այսինքն՝ եթե մենք կանք, կրթությանն աջակցում ենք, եթե չկանք, մեզնից հետո թեկուզ ջրհեղեղ տարբերակով: Սա ոչ թե պետական իշխանություն էր, այլ եղել է խմբակ, որը հետապնդել է բացառապես այդ խմբակի շահերը: Դա լրիվ իրենց տրամաբանության մեջ է»,- «Ազատությանն» ասաց Արայիկ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանի գլխավորած պայքարի օրերին, վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականից երկու օր առաջ, «Լույս» հիմնադրամի 61 շրջանավարտներ բաց նամակ էին հղել նախկին նախագահին՝ կոչ անելով չգնալ խոստմանը հակառակ և հեռանալ վարչապետի պաշտոնից: Նաև սա կարող էր դեր ունենալ կրթական կարևոր գործառույթ ունեցող հիմնադրամի փակման հարցում, կարծում է Հարությունյանը: «Ես գիտեմ, որ մի քանի օր առաջ նրանք հավաքվել են և որոշում են կայացրել՝ դադարեցնել հիմնադրամի առաջիկա ֆինանսավորումը: Նախկին իշխանությունն այսպիսով փորձում է մանր վրեժ լուծել ուսանողներից»,- շարունակեց Արայիկ Հարությունյանը:

«Լույս» հիմնադրամի գործադիր խորհրդի հինգ անդամներն են նախկին նախագահ Սերժ Սարգսյանը, նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանը, Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը և կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը: Վերջինս այսօր «Ազատության» հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չի եղել հիմնադրամի գործունեության դադարեցման մասին:

«Ցավոք սրտի, ես ոչ մի պատկերացում չունեմ, ամենայն անկեղծությամբ եմ ասում: Ես ներկա չեմ եղել որևէ որոշման»,- ասաց Ամիրխանյանը, նշելով, թե վնասելու միտում այստեղ չի տեսնում:

Նոր իշխանության ներկայացուցիչ Արայիկ Հարությունյանը վստահեցնում է՝ ստեղծվելու է «Լույս» հիմնադրամին փոխարինող նոր կառույց՝ նոր ու ավելի արդյունավետ տրամաբանությամբ: Ըստ նրա, պետք է ստեղծվեն պայմաններ, որպեսզի արտասահմանում կրթություն ստացած երիտասարդները վերադառնան հայրենիք՝ գիտելիքը գործին ծառայեցնելու համար:

Շուրջ տասը տարվա գործունեության ընթացքում «Լույսի» կրթաթոշակների շնորհիվ աշխարհի տասը առաջատար բուհերում սովորել են շուրջ 570 ուսանողներ: Նախորդ տարի հիմնադրամի բյուջեն կազմել է մոտ 10 միլիոն դոլար, ընդ որում՝ կրթական դրամաշնորհների համար այդ գումարից տրամադրվել է միայն 3,5 միլիոնը, իսկ մնացյալ միջոցներն ուղղվել են Ցեղասպանության թանգարանի, Ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և այլ կառույցների ու ծրագրերի աջակցությանը: «Լույսի» հիմնական նվիրատուներն են եղել «Ղարաբաղ տելեկոմը», «Հայաստանի էլեկտրական ցանցերը» և «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG