Մատչելիության հղումներ

Ադրբեջանի ԱԳՆ․ Փաշինյանը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը


Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիև, արխիվ

Ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ:

Ադրբեջանի արտգործնախարարությունը համարում է, որ ղարաբաղյան կարգավորման բանակցություններին Լեռնային Ղարաբաղի լիարժեք մասնակցության մասին Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ստեփանակերտում արած հայտարարությունը խեղաթյուրում է միջազգային իրավունքի նորմերը և հակասում ՄԱԿ-ի ու ԵԱՀԿ-ի փաստաթղթերին: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Հիքմեթ Հաջիևը:

Նա միաժամանակ ընդգծել է՝ «Ադրբեջանը պատրաստ է շարունակել առարկայական բանակցություններն առկա օրակարգի հիման վրա, ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ՝ հակամարտության շուտափույթ կարգավորման համար»: Երեկ Ստեփանակերտում Նիկոլ Փաշինյանն ասել էր, թե պատրաստ է շարունակել բանակցությունները Ադրբեջանի նախագահի, Մինսկի խմբի համանախագահների հետ, նշելով հանդերձ, որ Ղարաբաղը ևս պետք է բանակցությունների լիարժեք կողմ հանդիսանա:

Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի խոսնակը ԼՂ-ի՝ հակամարտության կողմ լինելը վիճարկում է, ասելով, թե Հելսինկիում 1992 թվականին կայացած ԵԱՀԿ-ի նախարարների խորհրդի որոշմամբ՝ հակամարտ կողմեր են ճանաչվել Հայաստանը և Ադրբեջանը, իսկ Ղարաբաղի հայկական և ադրբեջանական համայնքները ճանաչվել են շահագրգիռ կողմեր: Նա հիշատակել է նաև ՄԱԿ-ի բանաձևերը, այդ ամենը ներկայացնելով զուտ Բաքվի մեկնաբանություններով ու տեսանկյունից, ինչը հայկական կողմը մշտապես հերքել է ու հակադարձել:

Ընդգծենք՝ ադրբեջանական կողմը հետևողականորեն շրջանցում է և ընդհանրապես չի հիշատակում 1994-ին Բուդապեշտում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովի արդյունքները, ըստ որոնց՝ Լեռնային Ղարաբաղը ճանաչվել է հակամարտության կողմ: Մինչդեռ՝ Հիքմեթ Հաջիևը կրկնել է Բաքվի հայտնի դիրքորոշումը, ըստ որի՝ Ղարաբաղի հայերը միայն «ներքին ինքնորոշման իրավունք ունեն՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Հաջիևը նշել է նաև, թե Ադրբեջանը դեռ հույս ունի, որ Հայաստանի քաղաքական նոր ղեկավարությունը չի կրկնի «իր նախորդների սխալները և առողջ դիվանագիտական քաղաքականություն կվարի», ձգտելով քաղաքակիրթ հարաբերություններ հաստատել հարևան երկրների հետ:

Ավելի ուշ մեկնաբանությամբ է հանդես եկել նաև Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը, ասելով, թե բանակցությունների ձևաչափն արդեն հաստատված է ԵԱՀԿ-ի շրջանակներում, և այդ բանակցություններում որոպես կողմեր են հանդես գալիս Հայաստանն ու Ադրբեջանը, իսկ միջնորդներն են Ֆրանսիան, ԱՄՆ-ն ու Ռուսաստանը:

«Մենք հավատում ենք, որ բանակցությունները կշարունակվեն այդ ձևաչափով, և քննարկվելիք հիմնական հարցերն էլ կվերաբերեն տարածքների շուտափույթ ազատմանը»,- ասել է Խալաֆովն ու շարունակել․ «Նման փորձեր ձեռնարկվել են նաև նախկինում, բայց դա իրատեսական չէ և աբսուրդ է»:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղը դադարեց հանդես գալ որպես բանակցող կողմ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման օրոք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG