Հրաժարական է տվել Հայաստանի ֆինանսների նախարարի պաշտոնակատար Վարդան Արամյանը: Այս մասին նա գրառում է կատարել իր ֆեյսբուքյան էջում:
«ՀՀ կառավարության կազմում ինձ վստահվել էր զբաղեցնել ֆինանսների նախարարի պաշտոնը, որին վերաբերվել եմ մեծ պատասխանատվությամբ: Մեր թիմով նպատակադրվել էինք լուծել մեր երկրի համար մի շարք առանցքային խնդիրներ, դիմակայել մարտահրավերներին և դրանք պատվով հաղթահարել: Այս կարճ ժամանակահատվածում փորձել եմ անել հնարավորը՝ պետական ֆինանսների կառավարման ոլորտում դրական զարգացումներ գրանցելու համար` ի նպաստ մեր երկրի ապագայի:
Վայր եմ դնում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատարի լիազորությունները՝ հույս ունենալով, որ նոր կառավարությունը կշարունակի արդյունավետ լուծումներ գտնել մեր երկիրն առավել բարեկեցիկ ու տնտեսապես կայուն դարձնելու բարդ և պատասխանատու գործում»,- մասնավորապես, նշում է Արամյանն ու հավելում․
«Միաժամանակ վստահեցնում եմ, որ ամենայն պատասխանատվությամբ կատարելու եմ նախարարի պաշտոնակատարի բոլոր գործառույթները մինչև նորանշանակ նախարարի կողմից սույն պաշտոնի ստանձնումը՝ սահուն անցումն ապահովելու համար»: