Մատչելիության հղումներ

Կոնգրեսական հանձնաժողովը պահանջում է պատժել Բաքվին՝ մարդու իրավունքների շարունակական խախտումների համար


Ընդդիմադիր հավաք Բաքվում, արխիվ
Ընդդիմադիր հավաք Բաքվում, արխիվ

Ժամանակն է, որ Արևմուտքը պատժամիջոցներ սահմանի Ադրբեջանի իշխանությունների նկատմամբ՝ մարդու իրավունքների և ժողովրդավարության շարունակական ոտնահարման համար: Ընդհանուր առմամբ՝ սա էր ամերիկյան Կոնգրեսի Հելսինկիի հանձնաժողովում նախօրեին կազմակերպված լսումների հիմնական թեման:

Հեղինակավոր այս հանձնաժողովը, որի կարծիքը ծանրակշիռ ազդեցություն ունի ԱՄՆ արտաքին քաղաքականության վրա, երեկ հրավիրել էր իրավապաշտպանների ու փորձագետների, պարզելու՝ առաջին հանրապետության հռչակումից հարյուր տարի անց ի՞նչ վիճակում է ժողովրդավարությունն Ադրբեջանում: Գնահատականը միանշանակ էր՝ Բաքուն այսօր Հարավային Կովկասի վերջին վարչակազմն է, որը բռնազավթել է իշխանությունը՝ համատարած կերպով ոտնահարելով մարդու իրավունքները:

«Քաղաքական բանտարկյալների, նրանց հարազատների, ամեն օր բռնության ու ճնշումների ենթարկվող ադրբեջանցիների անունից ես մեղադրում եմ Իլհամ Ալիևին ընտրությւոնները կեղծելու, ընդդիմադիրներին կտտանքների ենթարկելու ու առևանգելու համար»,- հայտարարել է Մեյդան TV-ի տնօրեն Էմին Միլլին: «Բազմաթիվ ապացույցներ կան, որ 2012-2014 թվականներին օրական միջինը 3 միլիոն դոլար է հոսել Ադրբեջանից դեպի բրիտանական օֆշորներ, որպեսզի հետո ծախսվի Արևմուտքի քաղաքական գործիչներին, լրագրողներին, փորձագիտական խմբերին կաշառելու համար:

Եվ երբ խոսում եք Ալիևի մասին որպես դաշնակցի, պետք է հասկանաք, որ նրա վարչակազմը հանցագործություն է կատարում ոչ միայն սեփական ժողովրդի, այլև Միացյալ Նահանգների ու Եվրոպայի դեմ»,- հավելել էՄիլլին: «Տևական ժամանակ Արևմուտքը կարծել է, որ Ալիևի նմանների հետ պետք է առճակատման չգնալ, ինչը նրա կողմից ընկալվել է որպես թուլության նշան»,- նաև փաստել է ընդդիմադիր լրագրողը, հայտարարելով՝ հիմա արդեն Արևմուտքն Ալիևի հարցում պետք է խոսքից գործի անցնի:

«Ժամանակն է, որ Միացյալ Նահանգների Կոնգրեսում ևս հետաքննություն անցկացվի, պարզելու՝ արդյո՞ք Ալիևի վարչակազմը չի կաշառել ամերիկացի քաղաքական գործիչներին, լրագրողներին ու փորձագետներին: Ամերիկայի երկու նախկին դեսպաններ այժմ աշխաավարձ են ստանում Ալիևի վարչակազմից, սա ամոթ է, եթե ես լինեի ամերիկացի, կամաչեի»,- ասել է Մեյդան TV-ի տնօրենը:

«Արևմուտքում ոմանք հայտարարում են, թե Ադրբեջանը կարևոր դաշնակից է: Սակայն, որպես պատմաբան, ես պնդում եմ՝ իրականում ճիշտ հակառակն է»,- ասել է Մասաչուսեթսի համալսարանի պրոֆեսոր Օդրի Աշտադտը, փաստելով՝ 20-րդ դարի զարգացումները ցույց տվեցին, որ այն վարչակազմերը, որոնք ոտահարում են մարդու հիմնարար իրավունքները, չեն կարող լինել վստահելի գործընկերներ: «ժամանակն է իրերը կոչել իրենց անուններով»,- իր հերթին հայտարարել է իրավապաշտպան, Freedom Now կազմակերպության ղեկավար Մարան Թորներն ու հավելել․

«Ադրբեջանի իշխանությունը տարեցտարի էլ ավելի է կոշտացնում իր բռնապետական կառավարումը: Ժամանակն է անուններ տալ և պատժել: Խոսքը ոչ թե Ադրբեջանի մասին է, այլ կառավարության անդամների, որոնք ոտնահարում են մարդու իրավունքները՝ նախարարների, դատախազների, դատավորների, ոստիկանների: ժամանակն է պատասխանատվության ենթարկել նրանց»:

Ավելի վաղ հեղինակավոր այս հանձնաժողովը խստորեն քննադատել էր Ադրբեջանում անցկացված նախագահական ընտրությունները, փաստելով՝ քվեարկությունն անցել է ազատ ընտրության և անկախ մամուլի բացակայության պայմաններում։ Հանձնաժողովի համանախագահ, հանրապետական Քրիս Սմիթն էլ անցած տարի շրջանառության մեջ էր դրել Ալիևի վարչակազմի դեմ պատժամիջոցներ սահմանող մի օրինագիծ, որն արդեն մտել է ԱՄՆ Կոնգրեսի օրակարգ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG