Մատչելիության հղումներ

Հայաստանի վարչապետին շնորհավորել են Եվրոպական խորհրդի և Եվրահանձնաժողովի նախագահները


Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր (ձախից) և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկեր (ձախից) և Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկ, արխիվ

Նիկոլ Փաշինյանին Հայաստանի վարչապետ ընտրվելու կապակցությամբ համատեղ շնորհավորական ուղերձ են հղել Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը:

«Ձե՛րդ Գերազանցություն, ցանկանում ենք շնորհավորել Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ և մաղթել ամենայն բարիք այս կարևոր մանդատի իրականացման գործում: Մենք ողջունում ենք, որ այս օրերի ընթացքում բոլոր կողմերը խուսափեցին առճակատումից և ցուցաբերեցին զսպվածություն և պատասխանատվություն», - Հայաստանի վարչապետի պաշտոնական կայքէջի փոխանցմամբ՝ ասված է ուղերձում:

«Մենք ակնկալում ենք համագործակցել Ձեզ հետ Ձեր նոր պաշտոնում Հայաստանի և Եվրամիության միջև հարաբերությունների շարունակական ամրապնդման նպատակով, մասնավորապես՝ Հայաստանի խորհրդարանի միաձայն հավանությանն արժանացած ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման միջոցով, այդ թվում՝ նպատակ ունենալով է՛լ ավելի ամրապնդել ժողովրդավարությունը, օրենքի գերակայությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը և ստեղծել բարգավաճ և դիմակայուն տնտեսական ու սոցիալական համակարգ՝ ի շահ Հայաստանի քաղաքացիների: Հավատացած ենք, որ այս կարևոր նպատակների իրագործման համար շարունակում է առանցքային մնալ Հայաստանի բոլոր քաղաքական դերակատարների միջև համապարփակ երկխոսությունը», - գրել են Եվրամիության ղեկավարները:

«Մենք ակնկալում ենք Ձեր դրական ներգրավվածությունը Արևելյան գործընկերության շրջանակում, ինչպես նաև Հայաստանում և տարածաշրջանում անվտանգության, կայունության, ժողովրդավարության ու բարեկեցության առաջմղման գործում», - ասված է ուղերձում:

Ժողովրդական շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը մայիսի 8-ին Ազգային ժողովի կողմից ընտրվեց և Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվեց վարչապետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG