Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովը վավերացրել է նախագահության 6 թեկնածուների գրանցումը, ովքեր հունիսի 24-ին կպայքարեն երկրի ղեկավարի պաշտոնում ընտրվելու համար: Այդ մասին տեղեկացրել է «Ռեսմի գազեթե» կառավարական տեղեկատուն:
Թեկնածուները պարտավոր էին առաջադրվելու դիմումներին կից ներկայացնել առնվազն 100 հազար քաղաքացիների ստորագրություններ:
Ըստ Թուրքիայի կենտրոնական ընտրական հանձնաժողովի, նախագահության թեկնածուներ են գրանցվել գործող նախագահ Ռեջեփ Էրդողանը («Արդարություն և զարգացում», «Ազգայնական շարժում» կուսակցություններ), Մուհարեմ Ինջեն (Ժողովրդական-հանրապետական կուսակցություն), Դողու Փերինչեքը (Բանվորական կուսակցություն), Մերալ Ակշեները (Լավ կուսակցություն), Թեմել Քարամալաօղլուն (Բարգավաճման կուսակցություն) և Սելահաթին Դեմիրթաշը (Ժողովուրդների դեմոկրատիայի կուսակցություն):
Արդարության կուսակցության ղեկավար Վեջեթ Օզը նույնպես դիմում է ներկայացրել, սակայն 100 հազար ստորագրություն դեռ չի ապահովել:
Թուրքիայում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 24-ին՝ 2019 թվականին նախատեսված ժամկետից ավելի քան մեկևկես տարի շուտ:
Ընտրություններից հետո ուժի մեջ կմտնեն սահմանադրական լրամշակումները, որոնցով երկրում կհաստատվի կառավարման նախագահական համակարգ: