Մատչելիության հղումներ

Թավշյա հեղափոխություն՝ առանց արտաքին քաղաքական ենթատեքստի․ Արևմտյան մամուլը՝ հայաստանյան զարգացումների մասին


Մեկ ամիս առաջ՝ ցուցարար, այսօր՝ Հայաստանի առաջնորդ, գրում է New York Times-ը Նիկոլ Փաշինյանի մասին մանրամասնելով՝ մարտի 31-ին, երբ նա դոնկիխոտական քայլերթ սկսեց Հայաստանով Սերժ Սարգսյանի իշխանավարման ժամկետը երկարաձգելու դեմ, քչերը դրան ուշադրություն դարձրին:

Շատ հայաստանցիներ իսկական հրաշք են համարում այն, որ երկիրը կարողացավ մեկ օրում փոխակերպվել, մինչդեռ ինքը՝ Փաշինյանը, տեղի ունեցածը բնորոշում է որպես կուլմինացիա, որի սերմերը դեռ 20 տարի առաջ էին դրվել:

«Ես աշխատանքային տրամադրության մեջ եմ, էյֆորիայի ոչ մի նշան չկա, միայն աշխատանք», - New York Times-ին ասել է Փաշինյանը, ու անդրադառնալով սպասվող մարտահրավերներին, փաստել է․ - «Եթե մենք կարողացանք անել անկարելին, ուրեմն կարող ենք հաղթահարել նաև դժվարինը»:

Վերլուծելով հայաստանյան վերջին զարգացումները՝ ամերիկյան մամուլը հատկապես ընդգծում է փաստը, որ թավշյա, անարյուն հեղափոխությունն իրականացվեց առանց արտաքին քաղաքական ենթատեքստի:

«Ի տարբերություն Վրաստանի ու Ուկրաինայի, որտեղ հեղաշրջման ժամանակ հակասության մեջ մտան Ռուսաստանի ու Արևմուտքի շահերը, Հայաստանում ընդդիմադիր առաջնորդները ի սկզբանե հայտարարեցին, թե իրենց հետաքրքրությունների կենտրոնում միայն Հայաստանի ներքաղաքական իրավիճակն է», - գրում է Los Angeles Times-ը:

Wall Street Journal-ն էլ փաստում է՝ Հայաստանի նորընտիր վարչապետը էական փոփոխություններ է խոստանում հազարավոր ցուցարարներին, որոնք փողոց էին դուրս եկել նրա թեկնածությունը պաշտպանելու: Սակայն, կա մի կարմիր գիծ, որ նա այս պահին չի հատի՝ դա հայ ժողովրդի առանձնահատուկ հարաբերություններն են Ռուսաստանի հետ: Ամերիկյան պարբերականը նշում է, որ Հանրապետական կուսակցությունն իր իշխանավարման տարիներին հավանություն է տվել գործարքների, որոնք Ռուսաստանին են հանձնել Հայաստանի էներգետիկ ռեսուրսների ու ենթակառուցվածքներ մեծ մասի, ինչպես նաև բանկերի վերահսկողությունը:

«Կրեմլը գիտի ինչ իշխանություն ունի Հայաստանում», - պնդում է Wall Street Journal-ը, ընդգծելով՝ Ռուսաստանը չի ուզում կորցնել Հարավային Կովկասում իր համար ռազմավարական նշանակություն ունեցող այդ հենակետը, և Փաշինյանի ընտրությունից հետո քիչ անց Ռուսաստանի նախագահը նրան շնորհավորական հեռագիր ուղարկեց:

Washington Post-ը, վերլուծելով վերջին ամսվա զարգացումները, նկատում է՝ առջևում Փաշինյանին էլ ավելի մեծ ճակատամարտ է սպասվում՝ նա պետք է կազմաքանդի իշխանական վերնախավ, որը մինչ այս պահը դեռ պահպանում է հսկայական տնտեսական ու քաղաքական լծակներ: Փաշինյանին ներկայացնելով որպես մեկը, որ հայտնի է սկսած գործը մինչև վերջ հասցնելու հատկությամբ, ամերիկյան հեղինակավոր պարբերականը գրում է՝ նա մայիսի իննին արդեն կայցելի Ղարաբաղ, և մինչ հայաստանյան նախորդ առաջնորդները փորձում էին Կրեմլի հաճոյանալ՝ շրջանի անկախությունը ճանաչելու համար, Փաշինյանը հայտարարում է՝ ղարաբաղը պետք է դառնա Հայաստանի մի մաս:

HRW հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը փաստում է՝ հիմա, երբ տոնախմբություններն արդեն ավարտվել են, Հայաստանի նոր իշխանությունը պետք լրջագույն խնդիրներ լուծի՝ առաջ տանի բարեփոխումներ, որոնք անհրաժեշտ են փողոց դուրս եկած ցուցարարների դժգոհությունները փարատելու համար:

«Փաշինյանի առաջնային խնդիրներից մեկն է նախապատրաստել երկիրը հաջորդ խորհրդարանական ընտրություններին ու երաշխավորել, որ դրանք լինեն ազատ ու արդար», - նշում է իրավապաշտպան կառույցը՝ նկատելով, որ այս հարցում նա պետք է աշխատի Հանրապետական կուսակցության հետ, որը դեռ մեծամասնություն ունի խորհրդարանում:

«Ազատ ու արդար քվեարկության երաշխավորումը, սակայն, միայն սկիզբն է, մարդիկ փողոց էին դուրս եկել աղքատության, կոռուպցիայի ու տնտեսության մեջ գերիշխող դիրք ունեցող օլիգարխների դեմ բողոքելու: Նրանց պահանջների շարքում են նաև իրավապահներին պատասխանատվության ենթարկելու հարցը, դատարանների անկախության պակասը ու մարդու իրավունքներին վերաբերող այլ խնդիրներ: Նույնիսկ նախկինում լրագրող, ապա՝ ընդդիմադիր գործիչ, հիմա՝ վարչապետ ընտրված Փաշինյանի համար սրանք կարող են լինել հսկայական մարտահրավերներ», - եզրափակում է HRW-ը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG