Մատչելիության հղումներ

Հեղափոխություն հայկական ձևով․ նախագահ Արմեն Սարգսյանը վերջին իրադարձություններն այսպես է բնորոշում։

«Պետք է հպարտ լինենք էսօրվա Հայաստանով։ Կարողացանք անել այնպիսի մի բան, որ որևէ ուրիշ երկիր կամ պետություն վերջին տարիներին, տասնամյակներին չի կարողացել անել։ Այսինքն՝ անել հեղափոխություն, ուզում եք դա անվանեք թավշյա, կամ՝ ինչ-որ գույնի, ինձ համար դա հայկական հեղափոխություն է, կամ հեղափոխություն հայկական ձևով, որտեղ մարդիկ հեղափոխություն են անում առանց ընդհարումների, այսպես ասած՝ ծաղիկներով, ժպիտով, ուրախությամբ և փուչիկներով», - ասաց նախագահը։

Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, այսօր հայտարարեց Հաղթանակի զբոսայգի եկած Արմեն Սարգսյանը: Նա կարծում է, որ Հայաստանը կարող է դառնալ հայերի երազած երկիրը։

«Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը տաղանդավոր մարդ է, ես իր հետ շատ գործնական և հարգալից հարաբերություններ ունեմ, և իմ ներդրումը անպայման պետք է ունենամ և կունենամ, որպեսզի կառավարությունը հաջողության հասնի, հակառակ դեպքում անիմաստ է այս ամբողջ շարժումը, հակառակ դեպքում անիմաստ կլինի այն բոլոր հույսերը, որոնք ժողովուրդն ունի ապագայի հանդեպ։ Այնպես որ, ես հույս ունեմ, որ վաղն ավելի լավ է լինելու և կառավարությունն իրեն արդարացնելու է», - ասաց նախագահը։

Արմեն Սարգսյանի խոսքով՝ մի քանի օր առաջ հանդիպել է նախկին նախագահ, վարչապետի պաշտոնում վեց օր աշխատած և շարունակական ցույցերի արդյունքում հրաժարական ներկայացրած Սերժ Սարգսյանին: Միասին թեյել են, քննարկել իրավիճակը: Զրույցից մանրամասներ Սարգսյանը չհրապարակեց, միայն ասաց, որ, իր տպավորությամբ, Սերժ Սարգսյանը չի պատրաստվում լքել Հայաստանը:

Վարչապետի ընտրության արդյունքները հրապարակելուց հետո Ազգային ժողովի հանրապետական նախագահ Արա Բաբլոյանը երեկ չշնորհավորեց Նիկոլ Փաշինյանին, Սերժ Սարգսյանի դեպքում, մինչդեռ, շնորհավորանքն անմիջապես հաջորդեց ընտրությանը:

Հարցին, թե պատրաստվո՞ւմ է դա անել այսօր, ԱԺ նախագահը պատասխանեց. - «Ես չշնորհավորեցի, որովհետև ուղղակի չթողեցին՝ ծափ տվեցին և իրեն հրավիրեցին։ Ես շնորհավորում եմ, որովհետև, ինչպես ընդունված է քաղաքակիրթ երկրներում և հասարակություններում, այո՛, մեկը մյուսին պետք է շնորհավորի»։

Բաբլոյանն ասաց, որ Հանրապետականը մնում է իր դիրքորոշմանը՝ ամեն ինչ պետք է անեն հանուն երկրի կայունության և ժողովրդի բարօրության:

Ապագա կառավարությունում կլինե՞ն հանրապետականեր հարցը Բաբլոյանն անպատասխան թողեց ու նստելով ծառայողական մեքենան՝ հեռացավ:

Հետագա պաշտոնավարման մասին հարցին, չպատասխանեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գեորգի Կուտոյանը՝ խորհուրդ տալով դիմել մամուլի կենտրոն։

Արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Էդվարդ Նալբանդյանը ևս հարցերի չպատասխանեց:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG