Մատչելիության հղումներ

Փաշինյանը մեծամասնություն ունի խորհրդարանից դուրս, և որոշիչն այդ մեծամասնությունն է լինելու. Հակոբ Բադալյան


Հակոբ Բադալյան, արխիվ

Ըստ քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանի, նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանն ունի բավարար լծակներ՝ երկրում քաղաքական իրավիճակ, քաղաքական տրամադրություն փոխելու առումով։

Զուտ քաղաքական փոփոխությունների առումով, ըստ քաղաքական մեկնաբանի, առաջիկայում Հայաստանում շատ բան կախված է Ազգային ժողովում դե յուրե մեծամասնություն կազմող Հանրապետական խմբակցության «տրանսֆորմացիայից»։

«Զուտ քաղաքական փոփոխությունների իմաստով, եթե քաղաքական կոնֆիգուրացիայի մասին խոսենք, ապա առաջիկայում հետաքրքիրն այն է՝ ինչ տրանսֆորմացիաներ կլինեն Հանրապետական կուսակցության ներսում, որովհետև, իհարկե, գործադիր իշխանությունը Հանրապետականը թողել է, բայց դե յուրե մեծամասնությունը պահպանում է, և էս մեծամասնությունից շատ բան կախված է։ Ըստ այդմ շատ բան պարզ կլինի այն բանից հետո, թե ինչ փոփոխություններ կարող են լինել Հանրապետական խմբակցությունում, կլինե՞ն արդյոք խմբակցությունից դուրս եկող պատգամավորներ, կլինե՞ն կուսակցությունից ընդհանրապես դուրս եկողներ, մանավանդ որ այսօր մամուլում տեղեկություն կար Կարեն Կարապետյանի դուրս գալու մասին՝ պատգամավոր Կարեն Կարապետյանի մասին է խոսքը։ Այսինքն՝ նրանից, թե ինչ տրանսֆորմացիաներ կլինեն դե յուրե մեծամասնության կազմում, շատ բան է իհարկե կախված», - ասաց Բադալյանը։

Ըստ քաղաքական մեկնաբանի, առանցքայինն այն է, որ գործադիր իշխանության նոր ղեկավար Նիկոլ Փաշինյանը փաստացի՝ դե ֆակտո, մեծամասնություն ունի խորհրդարանից դուրս, և որոշիչը հենց այդ մեծամասնությունն է լինելու։

«Այսինքն՝ այդ մեծամասնության կամքը և խորհրդարանում ուժերը, որոնք այս կամ այն քաղաքական դիրքավորում պետք է ունենան այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասով, պետք է անկասկած նկատի ունենան, թե իրենց դիրքավորմանն ինչպիսի վերաբերմունք է ցուցաբերելու հենց փողոցում և հրապարակում եղած մեծամասնությունը։ Այսինքն՝ զուտ քաղաքական, ոչ դե յուրե իմաստով, մեծամասնության խնդիր ունի խորհրդարանն ինքը, որովհետև այս պահին խորհրդարանը բացարձակապես չի արտահայտում հասարակական տրամադրությունները, բացարձակապես համահունչ չէ իր կազմով էդ հասարակական տրամադրություններին, և, իհարկե, խնդիրները, քաղաքական առումով, պայմանավորված են լինելու էս հարաբերակցությամբ՝ որքանով խորհրդարանը կկարողանա համահունչ և համարժեք լինել փողոցում ձևավորված, այսպես ասած, մեծամասնությանը», - ասաց քաղաքական մեկնաբանը։

Բադալյանը խնդրի արագ հանգուցալուծում չի տեսնում։

«Ես կարծում եմ, որ արագ հանգուցալուծում իհարկե սպասելի չէ, որովհետև հանգուցալուծումը դե յուրե պետք է լինի արտահերթ ընտրությունը, այսինքն՝ նոր ընտրության միջոցով նոր խորհրդարանի ձևավորումը, որը կարտացոլի հասարակության տրամադրությունը։ Բայց մենք հասկանում ենք, որ սա արագ լինող գործընթաց չէ՝ Ընտրական օրենսգիրքը պետք է փոխվի, ընտրական կանոնները պետք է բերվեն էն մակարդակի, որոնք հնարավորինս բացառեն որևէ մանիպուլյացիա, կեղծիք և բացառեն արդեն ոչ թե էս պահի դրությամբ, այլ ընդհանրապես հեռանկարում՝ ինստիտուցիոնալ կերպով հարցը լուծվի, և էդ առումով, կարծում եմ, դեռ արագ հանգուցալուծում, էս տեսանկյունից, հնարավոր չէ», - ասաց քաղաքական մեկնմաբանը՝ շարունակելով. - «Բայց, իհարկե, գործադիր իշխանության լծակների առումով Նիկոլ Փաշինյանն ունի բավարար լծակներ էդ իշխանությունն իրացնելով երկրում քաղաքական իրավիճակ, քաղաքական տրամադրություն փոխելու, արդեն ձևավորված տրամադրություններն արդարացնելու, և, կարծում եմ, այս առումով գործադիր իշխանությունում քաղաքական հնարավորությունները բավականին մեծ են՝ անկախ խորհրդարանում կոնֆիգուրացիայից»։

Մայիսի 8-ին Հայաստանի խորհրդարանը ժողովրդական շարժման առաջնորդ, ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին ընտրեց վարչապետ:

XS
SM
MD
LG