Մատչելիության հղումներ

Ամերիկահայ հանրահայտ երգիչ System of a Down խմբի մեներգիչ, երգահան Սերժ Թանկյանը, ով Հայաստան է ժամանել երեկ՝ աջակցելու Նիկոլ Փաշինյանին, այսօր Ազգային ժողովում հետևում էր հատուկ նիստի ընթացքին:

«Աջակցություն հայտնելու Նիկոլին և ժողովրդին և ներկա լինելու քվեարկությանը և խորհրդարանի ժողովին: Շատ ուրախ եմ և հպարտ են ներկա լինելուս համար», - Ազգային ժողովում պատասխանելով լրագրողների հարցերին ասաց Թանկյանը՝ շարունակելով․ - «2015-ին System of a Down-ի շոուի [ժամանակ] մեր տեսած եռանդը և ժպիտները երիտասարդության արդեն իսկ տեսանք նաև փողոցներում: Հայաստանում այս ամիս այդ նույն եռանդն էր ու նույն ուրախությունն էր, որ այս հեղափոխության կարևոր մասը եղավ: Ես գիտեի, որ այդ ժպիտները այս հանգամանքի պիտի հասնեին: Չգիտեի որքան ժամանակ պիտի անցներ, բայց հայտնի էր, որ այս նոր եռանդը, նոր ուրախությունը մի տեղ պիտի հասներ»:

«Ազատության» հարցին, թե որքան ժամանակ է մնալու Հայաստանում և արդյոք մտափոխվել է ու համերգով հանդես կգա, աշխարհահռչակ ռոք երաժիշտն արձագանքեց․ - «Շատ չեմ մնում՝ մի շաբաթի չափ: Բայց շուտով նորից կգամ»:

Պատասխանելով հնարավոր ներգաղթի մասին հարցին՝ Թանկյանն ասաց․ - «Անպայման, ժամանակի հարց է դա: Բարեփոխումներով և դրական փոփոխություններով, կարծում եմ, մարդիկ պիտի սկսեն հետ գալ»:

«Ազատության» հարցին, թե որ դեպքում անձամբ ինքը կգա Հայաստանում ապրելու, նա արձագանքեց․ - «Ես թափառական մեկն եմ, քանի որ երաժիշտ եմ և բոլոր տարին աշխարհով մեկ պտտվում եմ: Բայց տարին մեկ-երկու ամիս ուզում եմ Հայաստանում ապրել․․․ Անպայման մի տեղ ուզում ենք գտնել Հայաստանում»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG