Ազգային անվտանգության ծառայության և Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից ձեռնարկված համատեղ միջոցառումների արդյունքում բացահայտվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության նոր եղանակ, տեղեկացնում է ԱԱԾ մամուլի կենտրոնը:
Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական վարչությունում հարուցված քրեական գործով իրականացված լայնածավալ քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում գրանցված օգտատիրոջ կողմից տարբեր քաղաքացիներից առցանց ընդունվել են թմրամիջոցների առաքման պատվերներ, որոնց դիմաց վճարումները կատարվել են էլեկտրոնային դրամապանակի միջոցով։ Այնուհետև նույն օգտատերը իր հետ համագործակցող ՀՀ քաղաքացիների անվամբ փոստով ուղարկել է մեծ խմբաքանակներով թմրամիջոցներ, որոնք բաժանվել են փոքր չափաբաժինների և գնորդներին փոխանցելու համար թողնվել որոշակի վայրերում։ Հիշյալ գործընթացների կատարման փաստը հավաստող տեսագրությունները, ինչպես նաև թմրամիջոցները թաքցնելու կոնկրետ վայրերի լուսանկարներն առցանց ուղարկվել են արտերկրում բնակվող անձին, ով ՀՀ-ում գտնվող իր ենթադրյալ հանցակիցներին էլեկտրոնային դրամապանակի միջոցով փոխանցել է համապատասխան միջնորդավճարներ, իսկ թմրամիջոցների գնորդներին համացանցով իրազեկել է դրանց թաքստոցների տեղակայման վայրերի մասին։
«Քրեական գործով ձեռք բերված նախնական տվյալների համաձայն՝ 2018 թվականի հունվար-ապրիլ ամիսների ընթացքում Հ.Ե-ն և Ա.Թ-ն վերոհիշյալ եղանակով ստացել են հաշիշ, մարիխուանա, կոկաին և մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ, որոնց զգալի մասն իրացրել են Երևան քաղաքի տարբեր վարչական շրջաններում գտնվող շենքերի շքամուտքերում և այլ հատվածներում նախապես ընտրված թաքստոցներում տեղադրելու միջոցով», - ասված է ԱԱԾ հաղորդագրությունում: - «Միայն 2018 թվականի մայիսի 4-ին, այսինքն՝ բռնվելուց մեկ օր առաջ, վերը նկարագրված եղանակով 30 թաքստոցներում պահել են գնորդների համար նախատեսված թմրամիջոցներով փաթեթներ, որոնցից 13-ը ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից արդեն իսկ հայտնաբերվել և առգրավվել են»:
Թմրամիջոցների ապօրինի շրջանառության մեխանիզմի մանրամասները և դրանում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը բացահայտելու նպատակով ձեռնարկվել են համապատասխան օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և անհրաժեշտ քննչական գործողություններ, որոնց արդյունքում 2018 թվականի մայիսի 5-ին ծանրոցը փոստային բաժանմունքից ստանալուց անմիջապես հետո դրա հասցեատեր Ա.Թ-ն և վերջինիս ընկեր Հ.Ե -ն բերման են ենթարկվել ՀՀ ԱԱԾ աշխատակիցների կողմից:
Հ.Ե-ն ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 267.1-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների մաքսանենգություն) և 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (մի խումբ անձանց կողմից իրացնելու նպատակով առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառություն) նախատեսված հանցանքներ կատարելու կասկածանքով։
Ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2018 թվականի ապրիլի 27-ին «Հայփոստ» ՓԲԸ-ի փոստի փոխանակման կենտրոնում ՌԴ Սանկտ Պետերբուրգ քաղաքից ՀՀ քաղաքացի Ա.Թ-ի անվամբ ուղարկված փոստային առաքանու մեջ հայտնաբերվել են առանձնապես խոշոր չափերով` շուրջ 590 գրամ հաշիշ և 20 գրամ կրիստալ տեսակի թմրամիջոցներ։