Մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու, այսօր Ազգային ժողովում ունեցած իր ելույթում հայտարարեց վարչապետի թեկնածու, «Իմ քայլը» շարժման առաջնորդ Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն հայտարարեց, որ ձևավորվող կառավարության գործունեության առաջնահերթությունը լինելու է Հայաստանում, Արցախում և Սփյուռքում ազգային համաձայնության մթնոլորտի ձևավորումը և Հայաստանում իրավունքի և օրենքի վրա հիմնված ազգային միասնությունը:
Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավարը խոստացավ՝ իր ընտրությունից հետո Հայաստանում արտոնյալներ չեն լինելու, ընտրությունների արդյունքները այլևս չեն կեղծվելու, ընտրակաշառք չի բաժանվելու, արհեստական տնտեսական մենաշնորհներ չեն լինելու, յուրաքանչյուր ոք կարողանալու է զբաղվել իր նախընտրած բիզնեսով, մարդու իրավունքները պաշտպանված են լինելու, իշխանությունը փող աշխատելու միջոց չի լինելու, երկրից արմատախիլ է արվելու կոռուպցիան, հաստատվելու է օրենքի, իրավունքի գերակայություն:
«Որևէ մեկը թող չկասկածի, որ թեկուզ անցումային այս ժամանակահատվածում մեր կառավարությունը շրջադարձային փոփոխություններ է իրականացնելու», - հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի թեկնածուն կրկին հարկ համարեց ընդգծել, որ «խնդիրները լուծվելու են առանց վենդետաների և առանց սեփականության վերաբաշխման»:
«Քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը այլևս փակված է Հայաստանում, և օրենքը հավասարաբար և նույն կերպ պետք է գործի ինչպես քաղաքական համախոհների ու մերձավորների, այնպես էլ քաղաքական մրցակիցների ու քննադատների նկատմամբ», - հայտարարեց Փաշինյանը՝ շեշտելով․ - «Սա է հայկական հեղափոխության հիմնական և ամենակարևոր ուղերձը, որին մենք պետք է հավատարիմ մնանք անմնացորդ և մինչև վերջ»:
Ազգային ժողովի նիստում լսվում էր ՀՀ վարչապետի ընտրության հարցը: Սա ընտրության երկրորդ փուլն էր:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մայիսի 1-ին խորհրդարանում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:
Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ «Վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի առաջադրած վարչապետի թեկնածուները: Եթե պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ վարչապետ չի ընտրվում, ապա Ազգային ժողովն արձակվում է իրավունքի ուժով»: