Մատչելիության հղումներ

Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պահանջում է խստորեն պատժել Ադրբեջանից կաշառք ստացած եվրոպացի պատգամավորներին


Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պահանջում է անհապաղ և խիստ պատիժ սահմանել Վեհաժողովի եվրոպացի այն պատգամավորների նկատմամբ, որոնք, ըստ վերջին հետաքննության, թանկարժեք նվերներ ու դրամական պարգևներ են ստացել Ադրբեջանի իշխանություններից:

Մոտ երկու շաբաթ առաջ Ստրասբուրգում հրապարակվեց եվրոպացի երեք պաշտոնաթող դատավորների հատուկ զեկույցը, ըստ որի, տասնյակ պատգամավորներ տևական ժամանակ կաշառքի դիմաց աչք են փակել Ալիևի վարչակազմի ապօրինությունների վրա, քվեարկել Բաքվի համար նախընտրելի բանաձևերի օգտին ու լռության մատնել մարդու իրավունքների ոտնահարման բազմաթիվ դեպքերը:

Զեկույցի հրապարակումից շուրջ տասն օր անց՝ անցած շաբաթավերջին, ըստ «Նյու Յորք Թայմզ»-ի, Նախարարների կոմիտեի նախագահ, Դանիայի արտգործնախարար Անդերս Սամուելսենը նամակ է հղել Վեհաժողովի նախագահ Միքելե Նիկոլետիին՝ պնդելով, որ Վեհաժողովը դանդաղում է մեղավորներին պատժելու հարցում:

«Մտահոգիչ է, որ որոշ պատգամավորներ շարունակական ջանքեր են գործադրում՝ կոռուպցիայի մասին վկայող այդ փաստերից ուշադրություն շեղելու, կամ մեղադրանքները մեղմելու ուղղությամբ», - գրել է Նախարարների կոմիտեի նախագահը՝ հավելելով. - «Վեհաժողովը պետք է արձագանքի անհապաղ և վճռական, հակառակ դեպքում համարժեք քայլեր կձեռնարկեն Եվրախորհրդի անդամ երկրների կառավարությունները»։

Տասն ամիս շարունակված հետաքննությունը փաստել էր՝ Ադրբեջանի իշխանությունները տարիներ շարունակ ջանք չեն խնայել երկրում ժողովրդավարության զարգացմանն ու ընտրությունների ընթացքին հետևող եվրոպացիներին հաճոյանալու, նվերներ ու ծառայություններ մատուցելու համար:

Ըստ 219-էջանոց զեկույցի, առավել մեծ տարածում են ունեցել հատկապես ընծաները՝ սև խավիարից մինչև թանկարժեք գորգեր ու ոսկյա զարդեր, դրամական պարգևներն ու անգամ թեթևաբարո աղջիկները՝ ճոխ հյուրանոցներում:

«Այս փաստերն այլևս անվիճելի են», - զեկույցը ներկայացնելիս հայտարարել էր հետաքննող խմբի անդամ, բելգիացի պատգամավոր Պետրա դե Սուտերը։

«Ակնհայտ է, որ սրանք պարզապես հասարակական կազմակերպությունների, կամ լրատվամիջոցների կողմից հնչեցվող մեղադրանքներ չեն։ Մենք բժիշկներ ենք, որոնցից ոմանք, սակայն, հիվանդին բժշկելու փոխարեն է՛լ ավելի են վատացնում նրա վիճակը», - ասել է բելգիացի պատգամավորը։

Չնայած զեկույցում առկա փաստերին՝ եվրոպացի պատգամավորները հերքում են մեղադրանքները, է՛լ ավելի կոշտ է պաշտոնական Բաքվի արձագանքը:

«Մեզ ձեր Եվրախորհուրդը պետք չէ», - փաստաթղթի հրապարակումից հետո Ստրասբուրգում հայտարարեց Ադրբեջանի պաշտոնական պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, ում անունն, ի դեպ, ևս հիշատակված է զեկույցում՝ կաշառք բաժանողների շարքում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG