Մատչելիության հղումներ

Վաղը գործադուլ, դասադուլ չենք անում, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր․ Նիկոլ Փաշինյան


«Իմ քայլը» շարժման առաջնորդ, վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը այսօր Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի իր ելույթում հայտարարեց, որ վաղը հայտարարում է «ոչ աշխատանքային օր» և աջակիցներին կոչ արեց ժամը 11-ից հավաքվել Հանրապետության հրապարակում:

«Ես արդեն իսկ պաշտոնական հավաստիացում եմ ստացել, որ ժողովրդի թեկնածուի օգտին քվեարկելու է «Հայ հեղափոխական դաշնակցություն» խմբակցությունը, «Ելք» խմբակցությունը, «Ծառուկյան» խմբակցությունը և Հանրապետական խմբակցության մի շարքպատգամավորներ: Այսինքն ունեն 95 տոկոս հավանականություն, որ վաղը ձեր առաջադրած թեկնածուն կընտրվի Հայաստանի Հանրապետության վարչապետ», - նշեց Փաշինյանը:

«Մարդիկ հարցնում են, ասում են՝ վաղը աշխատանքի՞ ենք, դասի՞ ենք: Բա վաղը գործադուլ, դասադուլ չենք անո՞ւմ: Ոչ ժողովուրդ ջան, վաղը գործադուլ, դասադուլ չենք անում, ես ուղղակի վաղը հայտարարում եմ ոչ աշխատանքային օր», - հավելեց ընդդիմադիր առաջնորդը:

Հայաստանի վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին ժամը 12:00-ին իրավունքի ուժով գումարվող Ազգային ժողովի հատուկ նիստում:

Հիշեցնենք՝ իշխող Հանրապետականն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ իրենց ձայներով կօժանդակեն, որպեսզի վաղը Հայաստանն ունենա վարչապետ:

Վարչապետի պաշտոնում առաջադրված միակ թեկնածու, Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և Հանրապետական կուսակցության հետագա իշխանավարման դեմ պայքարը գլխավորող ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մայիսի 1-ին Ազգային ժողովում չստացավ բավարար թվով ձայներ․ նրա օգտին քվեարկեց 45, դեմ՝ 56 պատգամավոր:

Համաձայն Սահմանադրության 149-րդ հոդվածի 3-րդ կետի՝ վարչապետ չընտրվելու դեպքում քվեարկությունից յոթ օր հետո անցկացվում է վարչապետի նոր ընտրություն, որին մասնակցելու իրավունք ունեն պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ երրորդի, այսինքն՝ 35 պատգամավորների առաջադրած վարչապետի թեկնածուները:

41 պատգամավորի ստորագրությամբ Նիկոլ Փաշինյանն առաջադրվեց վարչապետի թեկնածու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG