Մատչելիության հղումներ

ԴԱՀԿ-ի գնումները «հարցեր են առաջացնում»


Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում:
Տնտեսագետ Վահագն Խաչատրյանը «Ազատության» տաղավարում:

Ըստ Վերահսկիչ պալատի 2017-ի տարեկան հաշվետվության, գրասենյակային նյութեր և հագուստ ձեռք բերելու համար Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայությունը 2016-ին պետական բյուջեից ծախսել է 53.4 միլիոն դրամ, 2017-ին՝ 41.1 միլիոն, կամ համապատասխանաբար մոտ 111 հազար և 85 հազար ԱՄՆ դոլար։

«Այս հաշվետվությունից ելնելով՝ ինչքանո՞վ կարելի է գնահատական տալ՝ կառավարման գործող համակարգը արդյունավե՞տ է աշխատել, թե՞ ոչ: Սա շատ կարևոր հարց է ընդհանրապես: Տվյալ դեպքում՝ նույն ԴԱՀԿ-ի հետ կապված, կամ նույն Գյուղատնտեսության նախարարության, Առողջապահության նախարարության կամ մնացած գերատեսչությունների, որոնց մասին կա հաշվետվություն», - «Ազատության» հետ զրույցում ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:

Վերահսկիչ պալատի ծավալուն հաշվետվությունում Խաչատրյանի ուշադրությունը գրավել է հատկապես ԴԱՀԿ-ի մասին գլուխը: Համապատասխան հրամանով ԴԱՀԿ-ն իր յուրաքանչյուր ծառայողի համար երկու տարին մեկ ձեռք է բերում մեկական սվիտեր, սակայն Վերահսկիչ պալատը պարզել է, որ չնայած պահեստում կար գնված և չօգտագործված 580 սվիտեր, ծառայությունը 2016-ին և 2017-ին գնել է ևս 350-ը՝ ընդհանուր ծախսելով ավելի քան 12 հազար դոլար։

«Դա այն թույլ տեղերն են, որտեղ միշտ հնարավոր է պատճառաբանել․ դե, մարդիկ ընդունվում են, ազատվում են, մենք ի՞նչ իմանանք քանիսը ընդունվեցին, քանիսը ազատվեցին․․․» - ասաց Խաչատրյանը:

ԴԱՀԿ ծառայությունն ունի նաև արտաբյուջետային միջոցներ, որոնք գոյանում են պարտապանների բռնագանձումներից՝ որպես կատարման ծախսեր: ԴԱՀԿ-ի մասին օրենքի համաձայն, այդ եղանակով գոյացած գումարի 50 տոկոսը պետք է օգտագործվի ԴԱՀԿ ծառայողներին խրախուսելու համար, սակայն Վերահսկիչ պալատը պարզել է, որ 2016-ին արտաբյուջետային միջոցների միայն 26 տոկոսն է բաժանվել աշխատակիցներին, իսկ գումարի մեծ մասն ուղղվել է, ըստ փաստաթղթերի, «համակարգի զարգացմանը»։

«Ըստ էության, արտաբյուջետային հաշիվներ պիտի չլինեն, պետք է լինի մեկ միասնական հաշիվ, և բոլոր սպասարկումները, ծախսերը պետք է կատարվեն Ֆինանսների նախարարության անմիջական հսկողության տակ», - նշեց տնտեսագետը:

Դիտարկված ժամանակահատվածում պետական բյուջեից «համակարգչային ծառայություններ» հոդվածով 2016-ին ծախսվել է մոտ 66 միլիոն, 2017-ին՝ 22.4 միլիոն դրամ։ Ոչ միայն բյուջետային, այլև արտաբյուջետային միջոցներից են գումարներ հատկացվել համակագչային ծառայություններին: Օրինակ 2016-ին ձեռք են բերել «kaspersky» համակարգչային ծրագրի 570 արտոնագիր, սակայն ստուգմամբ պարզվել է, որ համակարգում եղել է ընդամենը 510 համակարգիչ։

ԴԱՀԿ-ն գումար չի խնայել նաև քարթրիջների՝ տպիչների ներկանյութի լիցքավորման և նորոգման վրա: Սակայն պարզվել է, որ 2016-ի առաջին 5 ամիսիներին մեկ քարթրիջի լիցքավորման համար «Նեոսիստեմ» ՍՊԸ-ին վճարել է 1580 դրամ, իսկ հունիսից հետո ծառայությունը առանց հիմնավորման դարձել է 4000 դրամ։

Ծառայությունը А4 ֆորմատի սովորական թուղթ ձեռք բերելիս ևս գումարի կորուստ է թույլ տվել․ օրինակ, 2017-ին ԴԱՀԿ-ը թուղթ ձեռք է բերել 2 խմբաքանակով, առաջին՝ 7500 տուփի գնման դեպքում թուղթն ավելի էժան է եղել, հաջորդ՝ ավելի մեծ 22500 տուփի գնման դեպքում արդեն թուղթը 225 դրամով թանկ է եղել, ինչի պատճառով ծառայությունը կորցրել է ավելի քան 5 միլիոն դրամ։

Բացի այդ, պալատը պարզել է, որ անհրաժեշտ քանակից շատ ավելի թուղթ են ձեռք բերել, և 2017-ի վերջին պահեստում ունեցել են չօգտագործված ավելի 17 հազար տուփ թուղթ։

Վահագն Խաչատրյանի մեկնաբանությունը․ - «Արտաքին կողմից կարծես գնումների մեխանիզմը պահվում է, «Գնումների մասին» օրենքը աշխատում է, բայց իրականում այդ գնումների մեխանիզմն օգտագործվում է ավելի շատ տարօրինակ, մութ և հարցեր առաջացնող գործարքներ կնքելու համար»:

ԴԱՀԿ-Ն գնել է նաև հոգեբանական ծառայություն՝ 2016-ին դրա համար վճարելով 1 միլիոն 880 հազար դրամ, իսկ 2017-ին՝ 3 միլիոն 640 հազար դրամ՝ առանց հստակեցնելու հոգեբանական ծառայության մեկ միավորի արժեքը:

Արդարադատության նախարարության կազմում գործող ԴԱՀԿ ծառայության ղեկավարը 2016 թվականից Արմեն Հարությունյանն է, ով 2009 թվականից աշխատում է ԴԱՀԿ-ում, իսկ 2014-ից մինչև 2016 եղել է ծառայության պետի տեղակալը։ 2008-2016 թվականներին ԴԱՀԿ-ն ղեկավարել է Հանրապետական կուսակցության անդամ, լրատվամիջոցների պնդմամբ՝ գործարար Միհրան Պողոսյանը, ով այժմ պատգամավոր է։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG