Մատչելիության հղումներ

Քաղաքի տարբեր հատվածներում Նիկոլ Փաշինյանին աջակցելու մասին հիշատակող պաստառներ են, խանութների ապակիներին՝ Հանրապետականին հեռանալու կոչ անող ցուցանակներ։

Խանութների աշխատակիցները խոստովանում են, որ նախկինում զգուշացել են, չեն մասնակցել քաղաքական միջոցառումներին։ Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժման օրերին, մինչդեռ, մասնակցել են բողոքի ակցիաներին, անգամ փակել են խանութի դռներն ու առանց վարանելու միացել գործադուլին։

«Ժողովուրդը վախեցած էր, ու Նիկոլը ոնց որ հանեց այդ վախը մարդկանց մեջից», - ասաց նրանցից մեկը։

Վանաձորի շատ խանութներում ու տպագրական կետերում դրոշներ, Նիկոլ Փաշինյանի ուրվապատկերով շապիկներ ու գլխարկներ են վաճառում։ Սեփականատերերից մեկը՝ Գայանե Սոխակյանն ասում է, որ այսպիսի շրջանառություն ունեցել են միայն Ամանորի նախօրեին․ - «Ամանորի նման պատրաստվում են մարդիկ»:

Վաճառողները վստահեցնում են, որ Վանաձորում երբևէ եռագույն դրոշի այսպիսի պահանջարկ չէր եղել։ Խանութներից մեկի սեփականատերն ասաց, որ 4 տարի առաջ գնած դրոշներն այս օրերին են սպառվում։

Վանաձորի սուպերմարկետներից մեկի վրա մեծ եռագույն դրոշ է ծածանվում։ Սեփականատեր Գարիկ Գևորգյանն ասաց, որ դեռ Նիկոլ Փաշինյանի սկսած շարժումից առաջ էր տեղադրել դրոշը, բայց ոստիկանները եկել, պարտադրել են հանել այն՝ ասելով, թե դրոշը իրավունք ունեն կախել միայն պետական հիմնարկներում: Սահմանադրություն ու օրենքներ ուսումնասիրելուց հետո վանաձորցի գործարարը կրկին կախել է եռագույնն ու դեռ զարմացած սպասում է երկրի խորհրդանիշն արգելող ոստիկանին։

Տաքսիներում, խանութներում, փողոցներում հնչում է «Իմ քայլը» շարժման խորհրդանիշ դարձած երգը։ Քաղաքի «Ջունգլիներ» կոչվող թաղամասում Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի առանձնատան հարևանությամբ ապրող վանաձորցիները ևս ասում են՝ անհամբեր սպասում են վաղը խորհրդարանում կայանալիք ընտրությունների արդյունքներին։

«Էս պահին մենակ մի քիչ հույսի զգացում կա մեջներս, որ ինչ-որ բան դեպի լավը կփոխվի: Մի քիչ վախենում ենք ուրախանանք», - ասաց միջին տարիքի մի կին: - «Կարևորը, որ մարդիկ սկսել են լավին, արդար ինչ-որ բաների հավատալը: Դա քիչ բան չի»:

Վանաձորցիները մայիսի 8-ի օրը տոնական են դարձնելու՝ կրելով իհարկե, օրվա խորհրդանիշերը․ - «Սպիտակն անպայման ենք հագնելու։ Եթե կարիք լինի, եթե Նիկոլը նորից խնդրի, չխնդրի, հրամայի, մենք անպայման էլի դուրս կգանք»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG