Մատչելիության հղումներ

Մայիսի 8-ին կայանալիք վարչապետի ընտրությանն ընդառաջ իշխող Հանրապետականն այսօր ևս մեկ անգամ վերահաստատեց՝ իրենց ձայներով կօժանդակեն, որպեսզի վաղը Հայաստանն ունենա վարչապետ:

«Մենք կօժանդակենք այն բավարար ձայների քանակով, որպեսզի ամսի 8-ին Հայաստանի Հանրապետությունն ունենա վարչապետ», - ասաց Հանրապետական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։

Վաղը կայանալիք ընտրության հետ կապված կարծես թե մտահոգություն չունի նաև վարչապետի միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանը:

Վահրամ Բաղդասարյանի հետ աշխատանքային հանդիպումից հետո Փաշինյանն շեշտեց՝ խնդիր չեն տեսնում, բայց միևնույն ժամանակ պատրաստ են իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի։

Ի դեպ Փաշինյանը հաստատեց՝ ընտրվելուց հետո պատրաստվում է 20-օրյա ժամկետում կառավարության ծրագիր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը:

«Ազատություն». - Այսինքն՝ Դուք որևէ խնդիր չե՞ք տեսնում։

Նիկոլ Փաշինյան. - Գիտեք, ես սրանից առաջ էլ խնդիր չէի տեսնում, հիմա էլ խնդիր չեմ տեսնում, որովհետև ես ասել եմ, որ իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի մենք պատրաստ ենք և պատրաստ է մեր ժողովուրդը։ Այնպես որ ես խնդիր չեմ տեսնում։

«Ազատություն». - Պարոն Փաշինյան, հետո ի՞նչ է լինելու, 20 օրվա ընթացքում Դուք կառավարության ծրագիր ներկայացնելո՞ւ եք հաստատմանը, մշակվո՞ւմ է այդ ծրագիրը, հանրապետականը կհաստատի՞ դա։

Նիկոլ Փաշինյան. - Ինչի ենք շտապում, ասում է՝ «օրվա հոգսը բավ է օրվա համար», եկեք օրվա խնդիրները լուծելով գնանք առաջ, որովհետև ռազմավարական խնդիրներն արդեն իսկ լուծել ենք՝ երկարաժամկետ տեսլականի։ Հիմա ես աշխատում եմ վաղվա իմ ելույթի վրա։

Ի դեպ, անդրադառնալով մամուլում տարածված այն լուրերին, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կազմում ընդգրկվի նաև գործարար Խաչատուր Սուքիասյանը, Փաշինյանն ընդգծեց՝ նոր կառավարությունում օլիգարխներ չեն լինելու: Ավելին՝ մայիսի 8-ից հետո, երբ ընտրվի վարչապետի պաշտոնում, երկրում մենաշնորհներ չեն լինելու և ով ինչ ուզի, ներկրելու է:

Փաշինյան. - Ես կարող եմ հավաստիացնել, որ կառավարության մեջ օլիգարխներ չեն լինելու։

«Ազատություն». - Առաջարկություններ ստացե՞լ եք, որպեսզի նոր կառավարությունում ընդգրկվի այս կամ այն օլիգարխը և Դուք մերժել եք։

Փաշինյան. - Ո՛չ, չեմ ստացել ոչ մի առաջարկություն։

«Ազատություն». - Հորդորներ են հնչում, նույն օլիգարխների համար, ովքեր այսօր իշխանության մաս են կազմում, որ այլ խաղի կանոններ են լինելու ամսի 8-ից հետո։ Ձեր վարչապետ ընտրվելուց հետո, հնարավո՞ր է նման հանդիպում անցկացվի և խաղի կանոնները բացատրվեն նրանց։

Փաշինյան. - Իմ ելույթում ես դրան կանդրադառնամ իհարկե, և, իհարկե, պետք է խաղի կանոնները պարզ լինեն բոլորին, խաղի կանոններն օրինականությունն է, բայց մենք էլի ասել ենք ու էլի շատ ուզում եմ ընդգծել, որ մենք չենք պատրաստվում վենդետաների, դա իմ ելույթում էլ կասեմ։ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական և տնտեսական հետապնդումների էջը փակված է, և մենք խնդիր ունենք համերաշխության մթնոլորտ ձևավորելու։

«Ազատություն». - Քննություններ չե՞ն լինելու, պարոն Փաշինյան, կոնկրետ դեպքերով։

Փաշինյան. - Ես արդեն ասացի, որ ոչ մի հարցով վենդետաներ չեն լինելու։

«Ազատություն». - Վենդետայի մասին չէ խոսքը, պարոն Փաշինյան, հանրության համար հնչեղություն ունեցող կոնկրետ դեպքերով քննություններ լինելո՞ւ են, որպեսզի հանրությունը հասկանա, թե որտեղ են գնացել այդ հարկերը, ովքեր չեն մուծել, ովքեր են խուսափել։

Փաշինյան. - Հանրությանը հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները կստանանք, հանրությունն էլ կստանա և՛ իր հարցերի պատասխանները, և՛ լուծման առաջարկները, և՛ ուղիները, բայց ես ընդհանուր առմամբ ասում եմ, որ էն մթնոլորտը, որն այսօր կա Հայաստանի Հանրապետությունում, և այս հեղափոխությունն անվանվել է սիրո և համերաշխության հեղափոխություն, էդ մթնոլորտը չպետք է խաթարվի, բայց դա չի նշանակում, որ էն նպատակները, որ դրված են՝ երկրում օրենքի իշխանություն և օրենքի առաջ բոլոր մարդկանց հավասարություն ապահովելու, էդ խնդիրները չեն լուծվելու, ես ասում եմ, որ այդ բոլոր խնդիրները լուծվելու են, և մեկը մյուսի հաշվին երբեք ու երբեք չի արվելու։ Ինչպես կարծում եմ, որ բոլորս այս ընթացքում համոզվեցինք, այդ խնդիրները լուծելի են։

«Ազատություն». - Մայիսի 8-ից մենաշնորհներ լինելո՞ւ են։

Փաշինյան. - Ո՛չ, ես արդեն հայտարարել եմ, որ չեն լինելու, և կարծում եմ, որ բոլորս էլ արձանագրում ենք, որ այդ բոլոր հայտարարություններն իրականություն են դառնալու։

«Ազատություն». - Մարդիկ պրակտիկորեն կարո՞ղ են փորձել ինչ ուզում են ներկրել՝ շաքարավազի շուկայում, բանանի շուկայում։

Փաշինյան. - Քանի որ այս պահին վարչապետ չեմ, ես չեմ ուզում ոչ մի հայտարարություն անել, իմ վարչապետ ընտրվելու պահից՝ այո՛ և միանշանակ՝ այո՛, և ոչ միայն կարող են և պետք է փորձեն, այլ մենք պետք է հետևենք, որպեսզի էդ հայտարարությունների տակ իրադարձությունը չշարունակի նույնը մնալ։

Վահրամ Բաղդասարյան, արխիվ
Վահրամ Բաղդասարյան, արխիվ

«Մենք լինելու ենք ընդդիմություն»

Այն, որ մայիսի 8-ին վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրությունից հետո խորհրդարանում ուժերի դասավորվածությունը փոխվելու է, և Հանրապետականն, ըստ էության, դառնալու է ընդդիմություն, ընդունեց նաև Հանրապետական խմբակցության ղեկավարը՝շեշտելով, թե պատրաստ լինել ընդդիմադիր, բայց դեմ չեն գնալու երկրի շահերին:

«Ազատություն». - Երբ որ Նիկոլ Փաշինյանը կստանա իրական իշխանությունը, նրան են ենթարկվելու ուժային կառույցները։ Անգամ Ձեր խմբակցության անդամները չեն բացառում, որ հնարավոր է այդ դեպքում ՀՀԿ խմբակցությունից բազմաթիվ պատգամավորներ դուրս գան, և դուք արդյունքում փոքրամասնության խմբակցություն դառնաք խորհրդարանում։ Այսպիսի սցենար Դուք հնարավոր համարո՞ւմ եք։

Վահրամ Բաղդասարյան. - Նորից Դուք ընկնում եք երազանքների գիրկը, կամ ենթադրությունների գիրկը։ Նախ՝ որևէ ուժային կառույց, որևէ մեկի սեփականությունը չէ, առավել ևս սիրո, համերաշխության կոչ անողներինը, այդ ուժային իշխանությունները ժողովրդինն են, հաջորդը՝ այդ մտավախությունը դեռ դուք ունեիք՝ և՛ լրագրողներդ, և՛ մեր ընդդիմադիր գործիչները, որ մինչև մայիսի 1-ը առնետավազք պետք է սկսվի, ՀՀԿ-ն պետք է քայքայվի։ Դուք դրա ականատեսը եղաք ամսի 1-ին։ Եթե կլինի այդպիսի իրավիճակ, ես էլ Ձեզ նման ընկնեմ ենթադրությունների գիրկը, կարևոր չի, թե քանի հոգի կլինի խմբակցությունում, կարևորը, որ քաղաքական դիրքորոշման մեջ փոփոխություն չլինի, դա ես Ձեզ հավաստիացնում եմ, որ նման փոփոխություն չի լինի քաղաքական դիրքորոշման մեջ։

«Ազատություն». - Ճի՞շտ են տեղեկություններն այն մասին, որ վաղը Նիկոլ Փաշինյանի օգտին իշխող Հանրապետական խմբակցությունից քվեարկելու են օլիգարխ պատգամավորները, իսկ քաղաքական այն թիմը, որը սուր ելույթներ է ունեցել Փաշինյանի դեմ, պահպանելու է դեմքը և դեմ է քվեարկելու։

Վահրամ Բաղդասարյան. - Մենք այսօր կունենանք գործադիր մարմնի նիստ, որից հետո խմբակցության նիստ, համենայն դեպս այդ բոլոր քվեարկությունները կլինեն քաղաքական որոշման արդյունքում։

«Ազատություն». - Ասացիք, որ իշխող Հանրապետական խմբակցությունն ընդդիմություն է լինելու ամսի 8-ից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը նաև ձեր մասնակցությամբ ընտրվի վարչապետ, արդեն պատկերացնո՞ւմ եք՝ որպես ընդդիմություն որոնք են լինելու ձեր քայլերն ու գործողությունները։ Դուք լինելու եք արմատական ընդդիմությո՞ւն, թե՞՝ կառուցողական ընդդիմություն։

Վահրամ Բաղդասարյան. - Եթե լինի Հանրապետականի նույն ծրագիրը, բնականաբար, կլինենք կառուցողական։

Արմեն Ռուստամյան
Արմեն Ռուստամյան

Սուպերվարչապետական համակարգի շուրջ ՀՅԴ-ն մտահոգություններ ունեցել է, բայց էթիկայից ելնելով չի բարձրաձայնել

Ի դեպ, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանական կոալիցիան լքած ՀՅ Դաշնակցությունն այսօր արդեն մտահոգություն է հայտնում վարչապետի ձեռքում կենտրոնացած լծակների մասին:

Նկատենք՝ Սերժ Սարգսյանի հրաժարականից առաջ Դաշնակցությունը չէր ընդունում «Ելք»-ից հնչող այն մտահոգությունները, թե իշխանությունը վարչապետ Սերժ Սարգսյանի ձեռքում է կենտրոնացրել բոլոր լծակները՝ Հայաստանը վերածելով սուպերվարչապետական երկրի:

Պարզվում է, որ ՀՅ Դաշնակցությունը մտահոգություններ ունեցել է, բայց էթիկայից ելնելով չի բարձրաձայնել:

«Ազատություն». - Պարոն Ռուստամյան, վերջին ճեպազրուցի ժամանակ, երբ դեռևս հեղափոխություն տեղի չէր ունեցել, մեր հարցերին ի պատասխան Դուք չէիք ընդունում, որ իսկապես բոլոր լծակները կենտրոնացվել են Սերժ Սարգսյանի ձեռքում։ Քիչ առաջ Դուք ասացիք, որ իսկապես կենտրոնացում է տեղի ունեցել վարչապետի ձեռքում այդ լծակների, և պետք է տարանջատում լինի նաև ուժային կառույցների։ Ինչի՞ց հետո Դուք գիտակցեցիք այս իրողությունը, ընդունեցիք, գուցե, Ձեր սխալը, որ չեք բարձրաձայնել ժամանակին այս խնդիրների մասին, ի՞նչը փոխեց Ձեզ մոտ այդ մտածողությունը։

Արմեն Ռուստամյան. - Մեր տեսակետները չեն փոխվել, բայց մենք ավելի ապակենտրոնացման ռեսուրս տեսնո՞ւմ ենք՝ այո, տեսնում ենք, սրա մասին է խոսքը։

«Ազատություն». - Այդ մասին չեք խոսել, պարոն Ռուստամյան, հակառակը՝ հակադրվում էիք։

Արմեն Ռուստամյան. - Ես բացատրեցի, ասեցի ունեցել ենք այդ խոսակցությունները մեր ներսում, մենք կոալիցիոն համաձայնագիր ունենք, դա նախատեսում է համապատասխան հայտարարություններ անելուց առաջ իրար հետ համաձայնեցնել, էս էթիկայի հարցերն են, որ մեզ կաշկանդել են։

«Ազատություն». - Էթիկան չէ՞ր հակադրվում պետության շահերին տվյալ դեպքում։

Արմեն Ռուստամյան. - Չէ, չէր հակադրվում, մենք էթիկայի կանոններն էլ ենք պարտավոր պահել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG