Վլադիմիր Պուտինը այսօր չորրորդ անգամ ստանձնեց Ռուսաստանի նախագահի լիազորությունները: Երդմնակալության արարողությունը կայացավ Կրեմլի Անդրեևյան դահլիճում, ուր Պուտինը ժամանեց նույն Կրեմլի իր գրասենյակից՝ ռուսական «Կորտեժ» նոր ավտոմեքենայով:
Երդմնակալությանը ներկա էր 5 հազար մարդ, որոնց մի մասը՝ դահլիճում, մյուսը՝ Սոբորնայա հրապարակում․ սա Կրեմլին հարող հրապարակներից մեկն է:
Առաջին անգամ Պուտինը նախագահ է ընտրվել 2000 թվականին՝ որպես նորագույն Ռուսաստանի առաջին նախագահ Բորիս Ելցինի ժառանգորդ, երկրորդ անգամ՝ 2004-ին։
Ռուսաստանի Սահմանադրությունն արգելում է նույն անձին նախագահ ընտրվել անընդմեջ երկու ժամկետից ավելի։ 2008 թվականին Ռուսաստանի նախագահ ընտրվեց Պուտինի ժառանգորդ Դմիտրի Մեդվեդևը, ով նախագահության ժամկետը երկարաձգեց երկու տարով և դարձրեց վեց տարի։ 2011-ի աշնանը՝ նախագահական ընտրություններից կես տարի առաջ, Մեդվեդևը հայտարարեց, որ Պուտինի հետ պայմանավորվածության համաձայն՝ նրան է զիջում Կրեմլում իր տեղը։
Այսօր Պուտինը Ռուսաստանի նախագահի պաշտոնը ստանձնեց հավանաբար վերջին անգամ։ Նա 65 տարեկան է, և 2024-ին ավարտվում է նրա նախագահության չորրորդ ժամկետը։ Սահմանադրությունը նրան թույլ չի տալիս Ռուսաստանի նախագահ ընտրվել 2024 թվականին։
Մայիսի 5-ին Ռուսաստանի գրեթե բոլոր խոշոր քաղաքներում անցան «Նա մեր ցարը չէ» կարգախոսով հակապուտինյան հավաքներ և երթեր։ Այդ հավաքների մի մասն արտոնված չէր, և ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց ցուցարարների, այդ թվում՝ նաև անչափահասների նկատմամբ։
Ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնու այս ակցիաները հատկապես մարդաշատ էին Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում, ոստիկանությունն ընդհանուր առմամբ բերման էր ենթարկել 1500-ից ավելի մարդու։
Տե՛ս նաև այստեղ