Մատչելիության հղումներ

Գլխավոր դատախազը վերացրել է դատապարտյալի մահվան քրգործը կարճելու 23 տարվա վաղեմության որոշումը


ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ
ՀՀ գլխավոր դատախազության շենքը Երևանում, արխիվ

Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի որոշմամբ, նոր ի հայտ եկած հանգամանքների բերումով վերացվել է դեռևս 1995 թվականի մարտի 3-ին Կոտայքի շրջդատախազության քննիչի կողմից կայացված՝ Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում 17-ամյա դատապարտյալի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Դատախազության հանրային կապերի բաժնի հաղորդագրության համաձայն՝ 1994-ին երեք տարվա ազատազրկման դատապարտված Ա․Ս.-ն, ով պատիժը կրում էր Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութում, 1995-ի հունվարի 3-ին մահացել է Աբովյանի դաստիարակչական աշխատանքների գաղութի քննչական մեկուսարանի մենախցում:Դեպքի առթիվ Կոտայքի շրջդատախազությունում ինքնասպանության հասցնելու հատկանիշներով հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում վարույթն իրականացնող քննիչը տվյալներ ձեռք չի բերել Ա.Ս.-ին ինքնասպանության հասցնելու վերաբերյալ և որոշում է կայացրել հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործով վարույթը կարճելու մասին:

Մասնավորապես, հիմնավորված է համարվել, որ 1994-ի դեկտեմբերի 30-ին դաստիարակչական ուղղիչ գաղութից Ա.Ս.-ն 6 այլ դատապարտյալների հետ տեղափոխվել է Երևանի ալրաղաց կոմբինատ՝ աշխատելու, որտեղից դիմել է փախուստի: 1995-ի հունվարի 3-ին նա հայտնաբերվել և տեղափոխվել է գաղութ, որտեղ վարչական շենքի երկրորդ հարկից կրկին ցանկացել է դիմել փախուստի, սակայն աստիճաններից գլորվել է և ստացել մարմնական վնասվածքներ: Նույն օրը քննչական մեկուսարանի տեսուչը, խցից ձայն լսելով, դիտանցքով տեսել է, որ Ա.Ս.-ն ընկած է մահճակալի կողքին, ու նա չի արձագանքել իր հարցերին: Տեսուչն այդ մասին անմիջապես տեղեկացրել է պատասխանատու հերթապահին, ում թույլտվությամբ բժիշկը փորձել է օգնություն ցույց տալ, սակայն Ա.Ս.-ն մահացել է:

2018 թվականի փետրվարի 8-ին ոստիկանություն է դիմել տվյալ ժամանակաշրջանում Աբովյանի անչափահասների և կանանց քրեակատարողական հիմնարկում որպես հսկիչ աշխատած Ա.Հ.-ն և հայտնել, որ անձամբ ականատես է եղել նշված ՔԿՀ-ում Ա.Ս.-ի սպանությանը: Հաղորդման ստուգման ընթացքում Ա.Հ.-ն հավելել է, որ 1994-ի վերջին հիշյալ ՔԿՀ կալանավորների կողմից կատարված անկարգությունների ժամանակ Ա.Ս.-ն և ևս մեկ անձ դիմել են փախուստի: 1995-ի հունվարին վերջիններս հայտնաբերվել են, ինչից հետո նշված հիմնարկի մեկուսարանում ՔԿՀ աշխատակիցները ծեծելով սպանել են Ա.Ս.-ին:

Այս տարվա մարտի 16-ին Կոտայքի մարզի դատախազություն է ստացվել նաև Ա.Ս.-ի հոր՝ Է.Ս.-ի դիմումը, որում վերջինս նշել է, որ որդին իրականում սպանվել է, սակայն մահվան իրական հանգամանքների մասին ինքն ու ընտանիքի անդամները տարիներ շարունակ լռել են, քանի որ իրենց սպառնացել են: Նա նշել է նաև, որ 1995-ի հունվարին որդու դին տուն տանելուց հետո իրենց տունը գիշեր-ցերեկ ՔԿ հիմնարկի աշխատակիցների կողմից հերթափոխով հսկվել է, սակայն ընտանիքի անդամները տեսախցիկով գաղտնի տեսագրել են որդու վրա շպարով ծածկված բազմաթիվ կոտրվածքները և այլ վնասվածքները:

Մարտի 16-ին Ա.Ս.-ի մահվան դեպքի մասին այս հայտարարություններն ու հաղորդումն ուղարկվել են Կոտայքի մարզի դատախազություն, որտեղ նոր երևան եկած հանգամանքների հետևանքով այդ մահվան դեպքի առթիվ ավարտական որոշման վերանայման վարույթ է հարուցվել և քննություն կատարելու նպատակով ուղարկվել Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչություն:

Քննության ընթացքում, սպանված պատանու ծնողները նույնաբովանդակ բացատրություններ են տվել՝ նշելով, որ Աբովյանի ՔԿՀ մենախցում Ա.Ս.-ին ծեծի ենթարկելով սպանել են ՔԿՀ աշխատակիցները՝ գտնվելով հարբած վիճակում: Նրանք հայտնել են նաև, որ ՔԿՀ-ում իրենց ահաբեկել են՝ ասելով, որ «կատարվածի մեջ քիթը խոթելու դեպքում» կարող են սպանել ընտանիքի մյուս անդամներին, ինչից իրենք վախեցել են և որևէ քայլի չեն դիմել:

Դիակի դատաբժշկական փորձաքննության եզրակացության տվյալները համադրելով հարուցված վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալներ հետ՝ պարզվել է, որ Ա.Ս.-ի մահվան ժամկետների հետ կապված առկա է ակնհայտ անհամապատասխանություն, բացի այդ, չեն եղել Ա.Ս.-ի դիակի դատաբժշկական փորձաքննությամբ հայտնաբերված վնասվածքների առաջացման մեխանիզմի վերաբերյալ տվյալները: Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման վարույթի շրջանակներում ձեռք բերված փաստական տվյալները կասկածի տակ են դնում Ա.Ս.-ի մահը բարձրությունից, իսկ մյուս վնասվածքները աստիճաններից վայր ընկնելու հետևանքով առաջացած լինելու վերաբերյալ վարույթն իրականացրած քննիչի հետևությունները: Վերոգրյալից ելնելով՝ առաջացել է այլ հանցանքը թաքցնելու կամ դրա կատարումը հեշտացնելու նպատակով սպանության հանցակազմի առկայությունը պատշաճ կարգով ստուգելու, դատապարտյալի մահվանը հանգեցրած և մյուս վնասվածքներն ստանալու հանգամանքները պարզելու անհրաժեշտություն:

Արդյունքում, նկատի ունենալով, որ ի հայտ են եկել վերացվող որոշումը կայացնելիս վարույթն իրականացնող մարմնին անհայտ մնացած հանգամանքներ, որոնք ապացուցում են այն անձանց մեղավորությունը, ում նկատմամբ գործով վարույթը կարճվել է, գլխավոր դատախազը որոշում է ընդունել վերացնել Ա.Ս.-ի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով վարույթը կարճելու մասին որոշումը:

Քրեական գործի նախաքննությունը հանձնարարվել է Հատուկ քննչական ծառայությանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG