Մատչելիության հղումներ

Էրդողան․ Թուրքիան քայլ առ քայլ դառնում է տարածաշրջանի ամենահզոր երկիրը


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ելույթի ժամանակ, արխիվ

Գալիք ամիս Թուրքիայում անցկացվելիք ընտրություններին ընդառաջ՝ երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը Ստամբուլում ելույթ է ունեցել «Արդարություն և զարգացում» իշխող կուսակցության բազմամարդ համագումարում:

Քաղաքական, ռազմական հարցերից ու խնդիրներից մինչև սոցիալ-տնտեսական թեմաներ ընդգրկող իր ելույթում Էրդողանը հայտարարել է, թե Թուրքիան քայլ առ քայլ դառնում է տարածաշրջանի ամենահզոր երկիրը և մոտ ապագայում կդասվի միջազգային քաղաքական ասպարեզում խոշոր խաղացողների թվին:

Նրա խոսքով, սահմանները վերաձևելու և տարածաշրջանում նոր ստատուս քվո ստեղծելու՝ որոշակի ուժերի ջանքերը փշրվում են Թուրքիայի և թուրք ժողովրդի կամքի դիմաց:

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան կանգ չի առնի և Սիրիայում ու Իրաքում կշարունակի մարտական գործողությունները՝ «մինչև վերջին ահաբեկչին ոչնչացնելը»:

Նա ասել է, որ «Եփրատի վահան» և «Ձիթենու ճյուղ« կոչված մարտական գործողություններին կհաջորդեն նորերը, Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ քայլերը իր սահմաններին ահաբեկիչների սպառնալիքները չեզոքացնելու համար:

Ռեջեփ Էրդողանը նաև ասել է, թե Թուրքիան երբեք չի հրաժարվի Եվրամիությանը անդամակցելու նպատակից՝ չնայած վերջին շրջանում եվրոպական գործընկերների մոտ չեն նկատում նույն վճռականությունը և պատրաստակամությունը:

Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե հունիսի 24-ի ընտրությունները անկյունաքարային են երկրի ապագայի համար:

Նշենք, որ այդ ընտրություններում հաղթելու դեպքում Էրդողանը կդառնա նախագահական կառավարմանը անցած Թուրքիայի առաջին նախագահը, որտեղ մի շարք փոփոխությունների թվում վերցվում է նաև վարչապետի պաշտոնը:

Հիշեցնենք, Թուրքիայի իշխող կուսակցությունը արդեն առաջադրել է Ռեջեփ Էրդողանին հունիսի 24-ի արտահերթ ընտրություններում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG