Մատչելիության հղումներ

Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ծավալուն աշխատանքներ են ընթանում


ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Վահան Մարտիրոսյանը հերթական աշխատանքային շրջայցն է կատարել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի Աշտարակ-Թալին, Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի ճանապարհահատվածներ։

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Աշտարակ-Թալին հատվածում բետոնապատման ակտիվ ընթացք է։ Տաք եղանակի պայմաններում, որպեսզի ճանապարհի պատվածքի բարձր որակ ապահովվի, բետոնապատմանը զուգահեռ մակերևութային խոնավացման աշխատանքներ են կատարվում։ Շինարարությունն իրականացնում է «Իզոլյուքս Կորսան» ընկերությունը: Տեղադրվել է շուրջ 20.8 կմ հիմք և 21.5 կմ ենթահիմք։ Աշխատանքներն ընթանում են կառուցվող ճանապարհի ամբողջ երկարությամբ՝ աշխատանքային մի քանի տեղամասերով։ Բացի բետոնապատումից, կատարվում են ժայռային հանույթի և ջրթող խողովակի կառուցման աշխատանքներ: Թալին քաղաքի մոտակայքում կառուցվում է ուղեանց։

Որակի վերահսկողության պատասխանատուները փաստել են, որ կառուցվող ճանապարհը որակապես համապատասխանում է ներկայացված բոլոր չափանիշներին։

Թալին-Լանջիկ, Լանջիկ-Գյումրի հատվածում, որտեղ շինարարական աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը։

Պաշտոնական հաղորդագրությունում նշվում է, որ այստեղ թե՛ ժամկետների, թե՛ որակի լուրջ խախտումներ են արձանագրվել դեռևս աշխատանքների մեկնարկից սկսած։ Հանձնարարվել էր դրանք շուտափույթ վերացնել, արագացնել աշխատանքները:

«Այսօր ևս ընկերության պատասխանատուները Վահան Մարտիրոսյանին հերթական անգամ տարբեր անհիմն պատճառաբանություններ ներկայացրին իրենց թերացումների վերաբերյալ», - ասված է հաղորդագրությունում, - «Նախարարի պաշտոնակատարն ընդգծեց, որ անհանդուրժելի է աշխատանքների նկատմամբ նման անփույթ և անպատասխանատու մոտեցումը։ Նա շեշտեց, որ առաջիկա օրերին իրավիճակը կներկայացվի «Power of China» կազմակերպության նախագահին, որի կազմում է ընդգրկված «Սինոհիդրո» ընկերությունը, որպեսզի աշխատանքին ոչ պրոֆեսիոնալ մոտեցում ցուցաբերող աշխատակիցները փոխարինվեն արհեստավարժ մասնագետներով»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG