Մատչելիության հղումներ

Բողոքի ակցիաներից հետո թիվ 11 դպրոցի ՀՀԿ-ական տնօրենը հրաժարական է տվել


Երևանի Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի ՀՀԿ-ական տնօրեն Ռուզաննա Ազիզյանը, 4-ը մայիսի, 2018թ․

Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցի տնօրեն Ռուզաննա Ազիզյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել։

«Հրաժարականի դիմումը քաղաքապետին է տրված ընթացք տալու համար։ Կա ընթացակարգ և ամեն ինչ պետք է կատարվի օրենքի սահմաններում», - «Ազատության» հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Աննա Ստեփանյանը: - «Եթե մի դպրոցում ղեկավարը սիրված չէ, առնվազն բարոյական չէ դպրոցում աշխատելը», - հավելեց քաղաքապետարանի ներկայացուցիչը:

Այսօր վաղ առավոտից դպրոցի ուսուցիչները, աշակերտներն ու ծնողները կրկին բողոքի ակցիա էին կազմակերպել։ Երեկ ևս դպրոցի մոտ չորս տասնյակ ծնողներ, աշակերտներ և մի քանի ուսուցիչներ բողոքի ակցիա էին կազմակերպել՝ պահանջելով տնօրենի հրաժարականը:

Նրանք դժգոհում էին, որ իրենց արգելել են մասնակցել Նիկոլ Փաշինյանի կազմակերպած ցույցերին, ՀՀԿ-ական տնօրենն իրենց վրա ճնշումներ է գործադրում:

Բացի այդ, տնօրենի հասցեին հնչեցվել էին մեղադրանքներ ՀՀԿ-ի օգտին նախընտրական ցուցակներ կազմելու, անօրինական դրամահավաքներ կազմակերպելու, գումարներ յուրացնելու վերաբերյալ:

Տնօրենը երեկ հերքել էր բոլոր մեղադրանքները:

Ռուզաննա Ազիզյանը առաջին անգամը չէ, որ հայտնվում է սկանդալների կենտրոնում․ նա դպրոցի դասարաններից մեկը հանրապետականի պատգամավոր Սամվել Ալեքսանյանի անունով էր կոչել, իսկ իր համակուրսեցի Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշավի ժամանակ նրան անվանել էր «կրակոտ երիտասարդ»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG