Մատչելիության հղումներ

«Մայիսի 1-ին ՀՀԿ-ն դեմ քվեարկեց Փաշինյանին, որ մայիսի 8-ին կողմ քվեարկի»․ Հակոբ Հակոբյան


ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյան, արխիվ

Թեև իշխող Հանրապետականը վստահեցնում է, թե կաջակցեն, որ մայիսի 8-ին Նիկոլ Փաշինյանն ընտրվի վարչապետի պաշտոնում, սակայն պարզ չէ, թե ովքեր են լինելու կողմ քվեարկողները: Ուշագրավ է, որ մայիսի 1-ին կայացած ընտրության ժամանակ Փաշինյանին սուր քննադատության ենթարկած հանրապետականներն այսօր էլ պնդում են՝ իրենց դիրքորոշումը չեն փոխել և մայիսի 8-ին նույնպես դեմ են քվեարկելու:

Նախկին գլխավոր դատախազ, ԱԺ Պետաիրավական հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանն «Ազատության» հետ զրույցում նշեց՝ Նիկոլ Փաշինյանի մասին իր կարծիքը չի փոխել և այժմ էլ կարծում է, որ նա չի կարող ստանձնել երկրի ղեկը։

«Անկեղծ եմ ասում՝ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անձնական հարգանք ունեմ, նորմալ տղա է, լավ տղա է, բայց ես պետության ղեկը ստանձնելու տեսակետից խնդիր ունեմ, ես նման պատասխանատվություն չեմ տեսնում, անկեղծ ասած»,- նշեց Կոստանյանը, հավելելով․ «Եթե նկատել եք, ես իմ ամբողջ կենսագրության ընթացքում հայտնում եմ դիրքորոշում և հիմնավորում եմ այդ դիրքորոշման հիմքում ընկած պատճառները։ Որպեսզի ես իմ դիրքորոշումը փոխեմ, պատճառները պետք է վերանան, քանի պատճառները չեն վերացել, իմ դիրքորոշումն անփոփոխ է՝ անկախ ամեն ինչից։ Ես չեմ տեսնում այդ պատճառների վերացման հիմքեր»։

Նշենք, որ Գևորգ Կոստանյանից բացի մայիսի 8-ին կայանալիք՝ վարչապետի ընտրություններում Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կրկին դեմ կքվեարկի նաև Հանրապետականի խոսնակ, Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: Վերջինս «Ազատության» հետ զրույցում շեշտեց՝ իր մոտեցումներն ու սկբունքները չեն փոխվել:

«Իմ տեսակետը չի փոխվել, և դա բացարձակապես անձնական չէ, դա քաղաքական դիրքորոշում է: Ես շարունակելու եմ պաշտպանել այդ քաղաքական դիրքորոշումը՝ կապված ապագա ծրագրերի, ապագա Ընտրական օրենսգրքի, տարբեր խնդիրների հետ: Ես որևէ անձի հետ խնդիր չունեմ, ես անձնապես քվեարկելու եմ այնպես, ինչպես քվեարկել եմ մայիսի 1-ին»,- ասաց Շարմազանովը:

Հիշեցնենք՝ մայիսի 1-ին Հանրապետական խմբակցությունից Նիկոլ Փաշինյանի թեկնածությանը կողմ էր քվեարկել միայն Ազգային անվտանգության ծառայության նախկին փոխտնօրեն Ֆելիքս Ցոլակյանը: Նա «Ազատությանն» ասել էր, թե քվեարկել է «իր խղճի թելադրանքով»: Կարելի է ենթադրել, որ մայիսի 8-ին նա կրկին կողմ կքվեարկի: Արդեն իսկ կողմ քվեարկելու մտադրություն ունեցողներին է միացել նաև գործարար պատգամավոր Սամվել Ալեքասնյանը: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նա ասել է, թե «ինքը ժողովրդի թեկնածուին է ընտրելու»:

Երեկ Վարդենիկ գյուղում Նիկոլ Փաշինյանի օգտին քվեարկելու խոստում է տվել նաև խորհրդարանի սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ, հանրապետական Հակոբ Հակոբյանը: «Հրապարակ» թերթի փոխանցմամբ՝ նշված համայնքի բնակիչները երեկ ճանապարհները փակելուց զատ, փակել են նաև պատգամավորին պատկանող ՀԷԿ-ի ջրամատակարարումը, ինչից հետո Հակոբյանը խոստացել է կողմ քվեարկել Փաշինյանի թեկնածությանը:

Ի դեպ, Հակոբ Հակոբյանը ուշագրավ մի միտք է արտահայտել՝ նա գյուղացիներին ասել է, թե «մայիսի 1-ին Հանրապետականը դեմ է քվեարկել Փաշինյանին, որպեսզի մայիսին 8-ին կողմ քվեարկի»: «Բաներ կան, որ ձեզ չեմ կարող ասել»,- նաև ասել է Հակոբյանը, հավելելով՝ «դուք ուզում եք, որ ես դավաճա՞ն դառնայի ձեր համար, բա ինչի՞ 20 ժամ չեք տալիս ինձ, որ ես դառնամ ձեր ուզած կնոպկա քվեարկողը»:

Այդուհանդերձ, այսօր, «Ազատության» հետ զրույցում նա խուսափեց հստակ պատսխան տալ հարցին՝ ի վերջո, մայիսի 8-ին կո՞ղմ, թե դեմ է քվեարկելու: «Ես դեռ չեմ հայտարարել: Ինչպես անցած անգամ, այնպես էլ հիմա ասում եմ՝ ամեն ինչ հնարավոր է»,- այսօր ասաց Հակոբ Հակոբյանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG