Մատչելիության հղումներ

Թուրքիայի ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական կուսակցության» նախագահի թեկնածուն Մուհարեմ Ինջեն է


Հաշվի առնելով այս առաջատար ընդդիմադիր ուժի բարձր վարկանիշը, վերլուծաբանները չեն բացառում, որ հունիսին Թուրքիայում նախատեսված արտահերթ նախագահական ընտրություններում հենց Ինջեն էլ կդառնա գործող նախագահ Ռեջեփ Էրդողանի հիմնական մրցակիցը:

«Մենք պատրաստ ենք» թվիթերյան իր էջում այսօր գրել է 53-ամյա ընդդիմադիր պատգամավորը, ով համարվում է նախագահ Էրդողանի ամենակոշտ և վաղեմի քննադատներից մեկը: Յալովայից ընտրված պատգամավորն օրենսդրական գործունեությամբ է զբաղվում սկսած 2002 թվականից, նա չափավոր իսլամի հետևորդ է և պնդում է, որ Թուրքիան պետք է մնա աշխարհիկ պետություն:

Այսօր Անկարայում ելույթ ունենալով «ժողովրդա-հանրապետական կուսակցության» համագումարին, ընդդիմադիր գործիչը խոստացել է ընտրվելու դեպքում լինել բոլորի նախագահը: «Ես կլինեմ 80 միլիոն մարդու նախագահը՝ ձախերի և աջերի, ալևիների և սուննիների, թուրքերի և քուրդերի, մենք պատմություն ենք կերտելու»,- հայտարարել է նա:

Ինջեն մինչ քաղաքականությամբ զբաղվելն աշխատել է որպես ֆիզիկայի ուսուցիչ: Նա բազմիցս է քննադատել Թուրքիայում գործող կրոնական դպրոցները, որոնց թիվն օր-օրի ավելանում էր Էրդողանի գլխավորած պահպանողական ուժի շնորհիվ: «Իմամ-խաթիփ» կոչվող այդ դպրոցներում տղաներն ու աղջիկներն առանձին են սովորում: Բացի դպրոցական ընդհանուր ծրագրից, նրանք ուսանում են նաև սուննի իսլամ և կրոնական պրակտիկա:

Չնայած հնչող քննադատություններին, Էրդողանի կուսակցությունն ակտիվորեն առաջ էր մղում նման դպրոցներ բացելու գաղափարը: Խորհրդարանում տեղի ունեցած քննարկումներից մեկի ժամանակ Ինջեն գործընկերներին խնդրել է՝ թող ձեռք բարձրացնեն նրանք, որոնց երեխաները նման կրոնական դպրոցում են սովորում: Խորհրդարանում ընդամենը մեկ հոգի է ձեռք բարձրացրել:

Մուհարեմ Ինջեն Էրդողանին քննադատում է նաև զավակներին Արևմուտքում՝ Միացյալ Նահանգներում կրթության տալու համար: 2009 թվականին Ինջեն համացանցի աստղ էր դարձել այն բանից հետո, երբ բյուջեի շուրջ բանավեճի ընթացքում նրա ելույթը հայտնվել էր համացանցում: Այն դիտել են միլիոնավոր մարդիկ: Իր այդ ելույթում ընդդիմադիր պատգամավորը կոշտ քննադատության է ենթարկել իշխանություններին՝ քրդերի նկատմամբ վարած քաղաքականության համար: Խոսել է նաև կրթության ոլորտում առկա կոռուպցիայի, հատուկ ծառայությունների անսահման լիազորությունների և չքավորության մասին:

Հիշեցնենք՝ բացի Ինջեից և Էրդողանից, Թուրքիայի նախագահական ընտրություններին կմասնակցեն նաև դեկտեմբերին ստեղծված «Լավ կուսակցության» առաջնորդ Մերալ Ակշեները, պահպանողական «Երջանկության կուսակցությունից»՝ Թեմալ Քարամոլաօղլուն, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցություն» քրդամետ ուժից՝ Սելահաթդին Դեմիրթաշը: Վերջինս 2016 թվականից ճաղերի հետևում է՝ ահաբեկչական կազմակերպությունների հետ կապեր ունենալու կասկածանքով․ նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:

Թուրքիայում հունիսի 24-ին արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն, որոնք, ըստ փորձագետների, նպատակ ունեն էլ ավելի ամրապնդել գործող նախագահի դիրքերը: Ընտրությունները նշանակված էին հաջորդ տարվա նոյեմբերին, սակայն Թուրքիայի իշխանությունները որոշեցին չսպասել մեկուկես տարի, պնդելով, թե անհրաժեշտ է ժամանակ չկորցնել ու հնարավորինս կարճ ժամկետներում կյանքի կոչել սահմանադրական փոփոխությունները:

Շուրջ 15 տարի Թուրքիայի վարչապետի և նախագահի պաշտոնները զբաղեցրած Էրդողանի նախաձեռնությամբ անցած տարի ընդունված սահմանադրական փոփոխություններով Թուրքիան կառավարման խորհրդարանական համակարգից անցում է կատարում նախագահական համակարգի՝ երկրի ղեկավարի գերընդլայնված լիազորություններով: Այդ փոփոխությունների համաձայն՝ Թուրքիայում վերացվում է վարչապետի պաշտոնը, փոխարենը՝ նախագահին իրավունք է տրվում բյուջե կազմել, խորհրդարան լուծարել, արտակարգ դրություն հայտարարել և առանց օրենսդիր մարմնի համաձայնության նախարարներ նշանակել:

Միջազգային կառույցների, մասնավորապես, Թուրքիայի արևմտյան դաշնակիցների կոշտ քննադատությանն արժանացած այդ սահմանադրական փոփոխություններով առ ոչինչ են համարվում նաև նախագահի պաշտոնավարման բոլոր նախորդ ժամկետները, ինչը նշանակում է, որ Էրդողանը կարող է երկարաձգել իշխանավարումը մինչև 2029 թվականը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG