Մատչելիության հղումներ

Թուրքական լրատվամիջոցները լայնորեն անդրադառնում են հայաստանյան իրադարձություններին


Cumhuriyet-ը ևս անդրադարձել է հայաստանյան իրադարձություններին

Համաշխարհային մամուլի ուշադրության կենտրոնում գտնվող հայաստանյան իրադարձություններին լայնորեն անդրադառնում են նաև թուրքական առաջատար պարբերականները:

«Հայաստանը ցնցած հավերժ ընդդիմադիրը, ո՞վ է Փաշինյանը», այսպես է վերնագրել իր հոդվածը թուրքական Hürriyet պարբերականի սյունակագիր Ներդուն Հաջիօղլուն: Վերջին շաբաթներին նա իր սյունակում պարբերաբար անդրադարձել է Հայաստանում ընթացող զանգվածային ցույցերին: «Դեռ երեք շաբաթ առաջ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի հետին շարքերում նստող ընդդիմադիր քաղաքական գործիչ էր: Հայտարարելով, թե Սերժ Սարգսյանը դրժել է իր խոստումը, նա հագավ զինվորական գունավորմամբ հագուստներ ու փողոց դուրս եկավ»,- գրում է թուրք հոդվածագիրը:

Հաջիօղլուն գրում է նաև Փաշինյանի անցած քաղաքական ուղու և կերպարի մասին: «Ժողովուրդը նրան «հայ Չե Գևարա» է կոչում, իսկ Փաշինյանն ինքն իրեն Նելսոն Մանդելային է նմանեցնում»,- գրում «Hürriyet»-ի սյունակագիրը, ընդգծելով՝ Հայաստանի ընդդիմության առաջնորդը ոչ թե անձերի, այլ համակարգի դեմ է պայքարում:

Հայաստանյան «թավշյա հեղափոխության» և Նիկոլ Փաշինյանի մասին ուշագրավ հրապարակում է տեղ գտել թուրքական Bianet հանդեսում: «Նիկոլ Փաշինյանը կսահակաշվիլիանա» վերնագրով հոդվածում Bianet-ի հոդվածագիր Մուստաֆա Էրդեմոլը զուգահեռներ է անցկացնում Փաշինյանի և Վրաստանի «Վարդերի հեղափոխության» առաջնորդ, նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու միջև: «Գուցե վաղաժամ կանխատեսում է, բայց եթե Հայաստանի ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանն այսպես շարունակի, ապա երկրորդ Սաակաշվիլին կդառնա»,-գրում է մեկնաբանը, ընդգծելով՝ «հայ առաջնորդը չպետք է կրկնի Սաակաշվիլիի սխալը, նա չպետք է հույսը դնի Արևմուտքի և ԱՄՆ-ի վրա»:

Թուրքական «Anadolu» գործակալության հրապարակած «Հայաստանում իշխանությունը ցնցած Փաշինյանը» հոդվածում էլ մանրամասն անդրադարձ կա համաժողովրդական շարժման առաջնորդի քաղաքական կենսագրությանը: «Նիկոլ Փաշինյանը, որը նախկինում էլ էր հայտնի իր ընդդիմադիր կեցվածքով, Հայաստանում վարչապետի պաշտոնից Սերժ Սարգսյանի հրաժարականին հանգեցրած գործընթացի ճարտարապետը դարձավ»,- գրում է Anadolu-ն:

Վերլուծելով Հայաստանի արտաքին քաղաքական ուղեգծի վերաբերյալ Փաշինյանի արած հայտարարությունները, թուրքական գործակալությունն արձանագրում է, թե նրա՝ վարչապետ դառնալու պարագայում հայ-թուրքական հարաբերությունների հարցում փոփոխություն չի լինի:

Թուրքական Odatv-ն էլ, մեկնաբանելով հայաստանյան իրադարձությունները, գրում է՝ «հակաիշխանական ցույցերի և գործադուլների միջոցով Երևանում կյանքը կանգնեցրած Փաշինյանը քայլ առ քայլ գնում է դեպի հաղթանակ»: Թուրքական Haberler-ն էլ արձանագրում է՝ «մայիսի 8-ին Հայաստանը նոր վարչապետ է ընտրելու»:

Վերջին շաբաթներին Հայաստանում տեղի ունեցած բողոքի ակցիաներին՝ զանգվածային ցույցերին, գործադուլներին, անհնազանդության գործողություններին և բազմահազարանոց հանրահավաքներին պարբերաբար անդրադարձել են Milliyet, Cumhuriyet, Sabah, T24 պարբերականները, նաև NTV-ն, HaberTürk-ը, YeniVakit-ը, TRTHaber-ը, GazeteVatan-ը, BBC-ի, Sputnik-ի, Deutsche Welle-ի, Euronews-ի թուրքական ծառայությունները:

Թուրքիայի հայկական պարբերականներից այդ իրադարձությունները լուսաբանել են «Ակօսը», «Ժամանակը», «Նոր «Մարմարան»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG