Մատչելիության հղումներ

Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության․ Economist


Հայաստան, Երևան, Հանրապետության հրապարակ, 23-ը ապրիլի, 2018թ․

Դա ավելի շատ նման էր տոնախմբության, քան հեղափոխության, գրում է բրիտանական հեղինակավոր Economist-ը՝ անդրադառնալով հայաստանյան վերջին զարգացումներին:

«Անվադողեր այրելու ու բարիկադներ կառուցելու փոխարեն երիտասարդները փաթաթվում էին հայկական դրոշով, փողոցում պարում, ճանապարհներն էլ փակում վոյելբոլ խաղալով կամ պարզապես գորգերի վրա նստելով: Այս ամենի ետևում, սակայն, թավշա հեղափոխությունն է, որն առաջնորդում է Հայաստանի երիտասարդ սերունդը՝ անկախացումից ի վեր երկիրը վերահսկող հին գվարդիայի դեմ», - գրում է Economist-ը, հավելելով. - «Մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը տասնյակ իշխանամետ պատգամավորներ փորձեցին վարկաբեկել Նիկոլ Փաշինյանին՝ ներկայացնելով նրան որպես վտանգավոր, հակառուս և Կրեմլի համար ոչ ընդունելի թեկնածու, սակայն Մոսկվան լուռ էր»: Ըստ Economist-ի՝ «Ռուսաստանը վստահ էր Հայաստանի վրա ունեցած իր ռազմավարական իշխանության վրա և չէր ցանկանում աջակցել պարտվող կողմին»:

The Washington Post-ը նույնպես փաստում է՝ վարչապետին պաշտոնանկ անելը կարող է իսկապես շատ բարդ լինել, սակայն գործընթացը պետք է նաև հաճույք պատճառի․ համենայն դեպս, այդ տպավորությունն է ստացել թերթի թղթակիցը հայաստանյան վերջին իրադարձություններից:

«Հարյուր հազարավոր ցուցարարներ փողոց էին դուրս եկել՝ անարյուն հեղափոխության, որի արդյունքում այդ փոքրիկ երկիրը առնվազն կարողացավ ձերբազատվել ավտորիտար կառավարումից», - գրում է The Washington Post-ը՝ շարունակելով․ - «Ապրիլի կեսերից, երբ խարիզմատիկ առաջնորդ Նիկոլ Փաշինյանը սկսել է ցույցերը, Երևանը մտել է փողոցային տոնախմբությունների մի հորձանուտ, ուր հիմնականում երիտասարդները պայքարի են դուրս եկել, իրենց համոզմամբ, կոռումպացված իշխանությունների դեմ»: «Մենք՝ հայերս պարում ենք, երբ երջանիկ ենք», - ասել է ցույցի մասնակիցներից մեկը՝ ընդգծելով․ - «Մեզ շատ է երջանկացնում գիտակցումը, որ կարող ենք իշխանություններին ցույց տալ՝ նրանք չեն կարող մեզ խաբել»:

Բրիտանական Independent-ը բավական մանրամասն ներկայացրել է Փաշինյանի անցած ճանապարհը՝ ըմբոստ, կոռուպցիայի դեմ պայքարող ուսանողից մինչև համազգային շարժման առաջնորդ: Ընդամենը երկու ամսում նա կարողացավ ոչ միայն ետ պահել երկրի երկարամյա նախագահ Սերժ Սարգսյանին ցկյանս վարչապետ դառնալուց, այլև փոխեց քաղաքական սահմանագծերը՝ դառնալով երկրի նոր փրկիչը, որն ակնհայտորեն կարողանում է հարյուր հազարավորների առաջնորդել, գրում է հեղինակավոր պարբերականը:

Անդրադառնալով Փաշինյանի ծրագրերին, Independent-ը փաստում է՝ մայիսի 1-ին՝ վարչապետի ընտրության օրը նա խուսափեց ինքն իրեն ներկայացնել որպես ձախակողմյան կամ աջակողմյան գործիչ, պնդելով, թե այդ մոտեցումներն այլևս կենսունակ չեն: Ոմանք կարծում են, որ միտումնավոր քայլ էր՝ առավել ընդարձակ ընդդիմադիր կոալիցիա ձևավորելու համար, սակայն նրանք, որ ծանոթ են Փաշինյանին, նրան ներկայացնում են որպես ի սրտե լիբերալ, գործնականում՝ ինքնավստահ պոպուլիստ, հարկ եղած դեպքում էլ՝ պրագմատիկ քաղաքական գործիչ, գրում է Independent-ը: Ի դեպ, բրիտանական թերթը զրուցել է Փաշինյանի մերձավոր աջակիցների հետ, ովքեր պնդել են, որ ռազմավարական որոշումները կայացվել են 20 հոգանոց խմբով, և Փաշինյանը մշտապես լսել ու հաշվի է առել աջակիցների տեսակետները:

Ամերիկայի ազգային պաշտպանության ինստիտուտի պրոֆեսոր Էնդրյու Նովոն հեղինակավոր Atlantic Council-ի կայքում հրապարակած հոդվածում պնդում է՝ Հայաստանում հանրապետականների կառավարությունը բնորոշվում էր կասկածելի ընտրական գործընթացներով, կոռուպցիայով և բնակչության հանդեպ ճնշումներով: Վերլուծելով համազգային այս շարժման պատճառները, փորձագետը նշում է՝ մարդիկ ուզում են շուկայական տնտեսություն, ոչ թե տնտեսություն, որը հիմնված է իշխող էլիտայի և նրանց հարազատների բանդիտական սեփականաշնորհման վրա, նրանք ուզում են գործող ժողովրդավարություն, ոչ թե կեղծ ընտրություններ, աշխարհաքաղաքական անկախություն, ոչ թե սեփական ինինիշխանության զիջումը Մոսկվային:

Փաստելով, որ Ռուսաստանը բավական զուսպ էր հետևում հայաստանյան թավշյա հեղափոխությանը՝ պաշտպանական ոլորտում հայտնի ամերիկացի պրոֆեսորը միաժամանակ նշում է՝ հենց որ Ռուսաստանը զգա, որ իր հարաբերությունները Հայաստանի հետ վտանգի տակ են, կփորձի մեկուսացնել դեմոկրատական բարեփոխումների առաջնորդներին կամ տապալել նրանց:

«Եթե արևմուտքը ոչինչ չանի ժողովրդավարական այս ցույցերի էական արդյունքներն ամրապնդելու համար, բարեփոխումները կլինեն ավելի շատ մակերեսային, քան խորքային, և Հայաստանը կմնա Ռուսաստանի աղքատ կցորդը: եթե ԱՄՆ-ի ու Եվրոպայի քաղաքական գործիչներն ուզում են հավատարիմ մնալ ժողովրդավարությանն աջակցելու՝ իրենց կոչերին, նրանք չպետք է թողնեն, որ Հայաստանի ժողովուրդը միայնակ դիմակայի իր օլիգարխիկ ռեժիմին ու համակարգային կոռուպցիային»,- ընդգծում է ամերիկացի պրոֆեսորը:

Միջազգային ճգնաժամային խումբն էլ հայաստանյան զարգացումներին նվիրված զեկույցում նշում է՝ արտաքին ուժերը չպետք է կողմերից որևէ մեկին սատարեն, բայց նաև չպետք է շատ հեռանան գործընթացներից: «Խիստ չեզոքություն պահպանելով՝ նրանք կարող են տեխնիկական աջակցություն և խորհրդատվություն տրամադրել՝ ներկայիս ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու և արտահերթ ընտրությունների պատրաստվելու համար»,- նշում է փորձագիտական խումբը, միաժամանակ, զգուշացնելով՝ «ցանկացած արտաքին ուժ, որ կակնարկի անգամ, թե փորձում է այս ամենից օգուտներ քաղել, անախորժություններ կստեղծի իր իսկ համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG