Մատչելիության հղումներ

Իրավիճակի «միակ տրամաբանական հանգուցալուծումը արտահերթ խորհրդարանական ընտրություններն են»


Մայիսի 8-ին վարչապետ ընտրվելու պարագայում Նիկոլ Փաշինյանը անխուսափելի է համարում արտահերթ խորհրդարնական ընտրությունների անցկացումը։

«Կարծում եմ, որ մենք բոլորս հասկանում ենք, որ այս իրավիճակը վերջնականորեն լուծված չի համարվի, քանի դեռ արտահերթ ընտրություններ տեղի չեն ունեցել», - լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա:

Փաշինյանի և իր կողմնակիցները պատկերացում ունեն այն ժամկետների վերաբերյալ, թե երբ պետք է անցկացվեն նոր ընտրությունները, բայց այս հարցը նախ պետք է քննարկվի մյուս քաղաքական ուժերի հետ․ - «Այդ հարցի վերաբերյալ կարևոր է, որ ոչ թե ինչ-որ մեկի պատկերացումը պարտադրվի մյուսներին, այլ մենք ունենանք ընդհանուր ընբռնում, որպեսզի քաղաքական ուժերի առնվազն մեծամասնության համար ընդունելի լինի»:

«Ծառուկյան» դաշինքի պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ևս քաղաքական ստեղծված իրավիճակի միակ տրամաբանական հանգուցալուծումը համարում է արտահերթ խորհրդարանական ընտրությունները այն բանից, երբ մայիսի 8-ին խորհրդարանի մեծամասնությունն ընտրի Փաշինյանին որպես վարչապետ․ - «Ստեղծվել է աննախադեպ քաղաքական իրավիճակ, երբ որ խորհրդարանում մենք ունենք դե յուրե քաղաքական մեծամասնություն, և ենթադրվում է, որ ամսի 8-ին կունենանք քաղաքական փոքրամասնությունից առաջադրված վարչապետ, իսկ քաղաքական նշյալ իրավիճակի տրամաբանական, գրագետ քաղաքական հանգուցալուծումը պիտի լինի արտահերթ խորհրդարանական ընտրությունը»:

Փաշինյանի՝ վարչապետ ընտրվելու պարագայում, ըստ Նաիրա Զոհրաբյանի, ամենահրատապ հարցերից մեկը պետք է լինի Ընտրական օրենսգրքի բարեփոխումը՝ վարչական լծակների կիրառումը խստորեն արգելելուց մինչև կրկնաքվեարկության իսպառ բացառում․ - «Շատ կարևոր է, որ կրկնաքվեարկությունները բացառելու համար պիտի ներդրվի մատնահետքի միասնական շտեմարան: Սա ևս որոշակի տեխնիկական բարդ պրոցես է, որը որոշակի ժամանակ է պահանջում»:

Ընտրական գործընթացները վերահսկող քաղաքացիական հասարակության կազմակերպություններն իրենց հերթին արդեն սկսել են քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների առաջարկները, որոնք ներկայացնելու են Փաշինյանին վարչապետ ընտրվելու պարագայում։

«Առաջին հերթին պետք է վերացվեն ընտրողներին մոլորեցնելով ձայներ կորզելու մեխանիզմները», - ասում է Իրազեկ քաղաքացիների միավորման ներկայացուցիչ Դանիել Իոաննիսյանը․ - «Թիվ մեկ փոփոխման ենթակա դրույթը ռեյտինգային ընտրակարգն է: Պետք է հանվի ռեյտինգային ընտրակարգը, պետք է սովորական համամասնական ընտրակարգ լինի: Ըստ այդմ, նաև մյուս կարգավորումները, որոնք կապված են ռեյտինգայինի հետ, պետք է վերաձևակերպվեն այնպես, որ սպասարկեն համամասնական ընտրակարգին: Հանրության ցանկությունները չէին արտացոլվում ընտրությունների արդյունքների մեջ, ինչը մենք տեսանք վերջին մեկ ամսում»:

Քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները խիստ մտահոգիչ են համարում նաև խորհրդարանում կայուն մեծամասնության վերաբերյալ դրույթը, որը ամրագրված էր 2015-ին ընդունված Սահմանադրությունում: Իոանննիսյանը, սակայն, հնարավորություն տեսնում է վերանայել դա արտացոլող որոշ դրույթներ Ընտրական օրենսգրքում։

Բացի այդ, քննարկում են ընտրական հանձնաժողովներում մանկավարժների ներգրավվածությունը բացառելու հնարավորությունները․ - «Տեսակետ կա, որ դպրոցների տնօրենները, կամ, ենթադրենք, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչները․․․ Կան սահմանափակումներ՝ կապված դիտորդների և լրագրողների հետ, այդ սահմանափակումները ևս իմաստազուրկ են և այդ սահմանափակումները արժի վերացնել, որպեսզի դիտորդներն ու լրագրողները կարողանան ավելի հանգիստ, ավելի ազատ ձևով գործել»:

Ընտրական օրենսգիրքը բարեփոփելուց բացի, առաջիկայում նոր և ավելի բարձր որակի ընտրություններ ունենալու համար Իոաննիսյանը կարևորում է հատկապես իրավապահների վերաբերմուքը ընտրություններին և ընտրակեղծիքներ հայտնաբերելու մոտիվացիան․ - «Ընտրությունների ժամանակ ո՞վ էր հիմնականում բռնում լուրջ խախտումները: Դիտորդները և լրագրողները: Դա աննորմալ վիճակ է: Դրանով պետք է զբաղվեն ոստիկանության քրեական հետախուզության մարմինները»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG