Մատչելիության հղումներ

Պրահայում հարգանքի տուրք մատուցվեց «Ազատության» զոհված լրագրողների հիշատակին


Պրահայում հարգանքի տուրք մատուցվեց Աֆղանստանում զոհված՝ «Ազատության» լրագրողների հիշատակին, 3-ը մայիսի, 2018 թ․

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օրն է, «Ազատություն» ռադիոկայանն այսօր Պրահայում հարգանքի տուրք է մատուցել օրերս Աֆղանստանում զոհված գործընկերների հիշատակին:

Ապրիլի 30-ին Քաբուլում ինքնասպան ահաբեկչի հարձակման հետևանքով 10 լրագրող էր զոհվել, նրանցից երեքը «Ազատություն» ռադիոկայանի աֆղանական ծառայության աշխատակիցներ էին՝ 26-ամյա Աբդուլահ Հանանզային, 30-ամյա Սաբավուն Կակարը և 28-ամյա ուսանողուհի, ստաժոր Մահարամ Դուրանին :

«Ազատություն» ռադիոկայանի նախագահ Թոմ Քենթն իր ելույթում ասել է՝ լրագրողները երբեմն զոհվում են հանկարծակի պատահարից կամ փոխհրաձգության տակ են ընկնում, կամ ինչ-որ այլ միջադեպի հետևանքով են զոհվում, «բայց սա տարբեր էր, սա սպանություն էր, դիտավորյալ սպանություն՝ ուղղված հատուկ լրագրողների դեմ»,- նշել է Թոմ Քենթը:

Լրագրողական, իրավապաշտպան միջազգային կազմակերպությունները ևս իրենց այսօրվա հայտարարություններում ու հաղորդագրություններում հիշատակում են անցած երկուշաբթի Քաբուլում լրագրողների դեմ իրականացված հարձակումը:

Amnesty International-ը նշում է, որ 2001 թվականից հետո դա լրագրողների դեմ իրականացված ամենամահաբեր հարձակումն էր Աֆղանստանում: Իրավապաշտպան կազմակերպությունն աֆղանցի լրագրողներին քաջարի մարդիկ է համարել, որոնք իրենց մասնագիտական աշխատանքը կատարելիս բախվում են սպառնալիքների ու բռնությունների:

Human Rights Watch-ի այսօրվա հայտարարությունում նշված է, որ մամուլի հանդեպ աճող թշնամությունը սպառնում է իրական ժողովրդավարությանը: «Աշխարհով մեկ կառավարությունները ցանկանում են վերահսկել մամուլը, առանց անհարմարություն պատճառող ազատ մամուլի՝ պաշտոնյաների համար հեշտ է անել այն, ինչ ցանկանում են»,- նշում է Human Rights Watch-ը:

Committee to protect journalists կազմակերպությունն էլ համարում է, որ աշխարհում մամուլի ազատության պաշտապանության առումով ամենաբարենպաստ համարվող երկրում՝ Միացյալ Նահանգերում ևս այդ արժեքները սպառնալիքի տակ են հայտնվել:

Մասնավորապես, նշվում է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան գրառումներով ու մամուլի ասուլիսներում հարձակվում է ԶԼՄ-ների վրա՝ «բաց և ագրեսիվ ձևով լրագրողներին ու մամուլին մեղադրելով ստի ու կեղծ լուրեր տարածելու մեջ»: «ԱՄՆ-ի ներկայիս վարչակազմը [Սահմանադրության] առաջին լրացումը խարխլելու և թշնամության մթնոլորտ ձևավորելու ռիսկեր է ստեղծում»,- նաև նշված է լրագրողական միջազգային կազմակերպության՝ միայն ԱՄՆ-ին վերաբերող զեկույցում:

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն այսօր հանդես է եկել հայտարարությամբ, աշխարհի երկրների կառավարություններին կոչ անելով նպաստել մամուլի ազատությանը և պաշտպանել լրագրողներին: «Պաշտպանելով մամուլի ազատությունը, մենք պաշտպանում ենք ճշմարտությունն իմանալու մեր իրավունքը»,- նշել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը:

Հիշեցնեք՝ ապրիլի վերջին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպությունը հրապարակել է 2018 թվականի Մամուլի ազատության զեկույցը, որում 180 երկրների ցանկում Հայաստանը զբաղեցրել է 80-րդ տեղը: Ըստ այդ զեկույցի՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանում մամուլի ազատության ցուցիչը մեկ կետով նահանջել է:

Մայիսի 3-ը մամուլի ազատության համաշխարհային օր հռչակելու որոշումն ընդունվել է 1993 թվականին՝ ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի կողմից:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG